Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալումն անխուսափելիորեն հանգեցնում է թուրքական ժխտողականության դիրքերի սպառմանը: Սակայն որքան ակնհայտ է դառնում այդ դիրքերի սպառումը, ժխտողականությունից այնքան ամուր է կառչում Թուրքիան եւ երկրում հրատարակվում են ժխտողականության «հիմնավորմանը» նպատակամղված նորանոր, այսպես կոչված, աշխատություններ:
Քանի որ թուրքական իշխանությունները չեն կարող անտեղյակ լինել ցեղասպանության ժխտողականության դիրքերի սպառումից, ուստի հարց է ծագում, նրանք ի՞նչ նպատակով են խրախուսում այդ դիրքերից գրված աշխատությունների հրապարակումը երկրում, ավելինՙ ինչի՞ են հրատարակման առաջադրանք տալիս թուրքական պատմական ընկերությանը:
Պատասխանը միանշանակ է. Հայոց ցեղասպանության հարցը վիճարկման ոլորտ ներքաշելու նպատակով: Այդպիսի նպատակի առկայությամբ արձագանքել թուրքական ժխտողականությանը, այսպես կոչված, հիմնավորող աշխատություններին, կնշանակի տուրք տալ ցեղասպանության հարցը վիճարկման ոլորտ ներքաշելու Թուրքիայի նկրտումներին: Հետեւաբար, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ներկա փուլում թուրքական նկրտումներին հակահարված տալու լավագույն ձեւը ճանաչման միջազգային դրսեւորումների վրա կենտրոնանալն է:
Թերեւս այդ առումով լուրջ ներդրում պետք է համարել պատմական գիտությունների դոկտոր Արման Կիրակոսյանի «Հայկական հարցը եւ հայերի ցեղասպանությունը» վերնագրով հայերեն, ռուսերեն, անգլերեն հրատարակված տեղեկանքը, ինչպես նաեւ նրա «Ակնարկներ Հայկական հարցի եւ Եղեռնի միջազգային ճանաչման պատմության» ժողովածուն:
Վերոհիշյալ պատմաիրավական եռալեզու տեղեկանքը հրատարակել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը, որտեղ Հայոց ցեղասպանությունն ու միջազգային ճանաչման ներկայիս գործընթացին առնչվող խնդիրները դիտարկվում են դիվանագիտական պատմության տեսանկյունից: Ինչ վերաբերում է ժողովածուին, ապա դա ներառում է հեղինակի 1980-90 թթ. հայերեն եւ ռուսերեն հրատարակված գիտական ու հրապարակախոսական հոդվածները:
Ի դեպ, պետական պատվերով հրատարակված այս ժողովածուն հրատարակության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհուրդը, ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի վերոհիշյալ երկու աշխատություններն էլ նախատեսված են պատմաբանների, քաղաքագետ-միջազգայնագետների, դիվանագետների, ինչպես նաեւ Հայաստանի եւ սփյուռքի լայն շրջանակների համար:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ