«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#249, 2006-12-28 | #1, 2007-01-09 | #2, 2007-01-10


«ԿՈՐՈՒՍՅԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ» ՏԵՍԱՖԻԼՄԸ ՄԵԶ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Հանրային հեռուստատեսության այս տարվա ամանորյա ծրագիրը դրականորեն տարբերվում էր նախորդներից ոչ միայն արտասահմանյան «մրցանակակիր ֆիլմերի հրավառությամբ», այլեւ Արեւմտյան Հայաստանի մասին պատմող «Կորուսյալ հայրենիք» տեսաֆիլմի ցուցադրությամբ: Հենց Ամանորին այնքան մոտ ու իրական դարձավ «Անին տեսնելու ու նոր մեռնելու» ամենքիս տարիներով փայփայած երազանքը, ասես Արարատը, Կարսը, Անին, Վանը, կորուսյալ հայրենիքի ամբողջ տարածքը վերստին մերը դաձավ, մերը` ֆիզիկապես, որովհետեւ ֆիլմի բոլոր կադրերում հայոց հոգին էր, շունչը, ձեռարվեստը, ճարտարապետական մտքի սլացքը...

Իրական տիրոջ բացակայությունն ակնառու էր տեսաֆիլմի բոլոր կադրերում, թուրքական շքեղաշուք պալատներն ու մզկիթներն անկարող էին այն քողարկելու:

Ֆիլմի հեղինակները` պրոդյուսեր եւ ռեժիսոր Հայկ Հարությունյանը, սցենարիստ Արմինե Հարությունյանը, օպերատոր Հակոբ Կարանֆիլյանը Արեւմտյան Հայաստան են մեկնել «Անի տուր» տուրիստական կազմակերպության միջոցով: Վերջինս նրանց ապահովել է նկարահանումների համար այնքան անհրաժեշտ անվտանգությամբ, թեպետ առանձնակի դժվարություններ չեն եղել: «Հիմնական խնդիրը առաջացավ թուրքական ռազմական բազան նկարահանելու ժամանակ, որովհետեւ սկզբում թույլտվություն ստացանք, հետո պարզվեց, որ իրավունք չունենք: Նկարահանումների համար մենք շատ տեղերում եղանք, որ դուրս էին «Անի տուրի» տուրիստական ծրագրից: Դրա համար մեր այցելությունը տեւեց մոտ 14 օր: Ջանում էինք նկարահանել թե՛ մեզ, թե՛ հեռուստադիտողին հետաքրքրող ու հուզող կադրեր», ասաց Արմինե Հարությունյանը «Ազգի» հետ զրույցում:

Տեսաֆիլմը Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել մեկնելուց առաջ: Ցուցադրված տեսաֆիլմում իրենց այցն ավելի մանրամասն է ներկայացված, քան առաջիկայում թողարկվելիք DVD-ում: Վերջինում տեղ են գտել հանդիսատեսի համար բոլորովին նոր, անսպասելի կադրեր:

Դեռ որոշակիորեն պարզ չէ, թե ո՞վ է ընթերցելու տեքստը, ո՞ւմ ձայնն է հնչելու կադրից դուրս, որովհետեւ տարբեր կարծիքներ են հնչել Մեսրոպ Առաքելյանի ձայնի վերաբերյալ: Մեր կողմից ավելացնենք, որ Հանրային հեռուստատեսության եթերից ամեն օր հնչող ու ամենքին քաջ ծանոթ նրա հնչեղ ձայնը փոքր-ինչ համահունչ չէր ֆիլմին: Խոսքը բնավ առոգանության մասին չէ, այլ սոսկ հանդիսատեսին ծանոթ լինելու մասին: Եթե նույնիսկ ընդունենք, որ տեսաֆիլմն ու գրված տեքստը թելադրում էին պաթետիկ ոճ, ապա ոչ գովազդային տեքստերից ունկնդրին ծանոթ ձայնով:

«Տարբեր կարծիքներ են եղել, ոմանք ասել են, թե տեքստը շատ հուզական է, սակայն ձայնը խանգարում է տեքստը լսելուն: Եղել են նաեւ դրական կարծիքներ, որ ձայնի հզորությունն արտահայտում է կադրերին բնորոշ ուժը: Ամենայն հավանականությամբ DVD-ում ուրիշ ձայն կհնչի», ասաց Արմինե Հարությունյանը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4