«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#249, 2006-12-28 | #1, 2007-01-09 | #2, 2007-01-10


«ՄԵՆՔ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ԱՍԵԼ, ՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԵՂԵԼ»

Հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պատասխանատու աշխատակիցը

«Ազգը» նախորդ համարում, վկայակոչելով «Արմենպրես» գործակալությանը, անդրադարձել էր ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը եւ նշել, որ դրանում համոզված է նաեւ Թուրքիայի դեսպանը: Գործակալությունն էլ իր հերթին հենվել էր ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյի հետ «Միլիեթի» անցկացրած հարցազրույցի, ինչպես նաեւ կոնգրեսում ցեղասպանության ճանաչման հավանականության մասին «Հուրիեթի» հրապարակած նյութի վրա:

Այդ հարցը արծարծել է նաեւ «Լոս Անջելես թայմսը»: Հրապարակման մեջ ամերիկյան թերթը առանց անուն նշելու տեղ է հատկացրել ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան անանուն դիվանագետի հետեւյալ խոսքերին. «Մենք երբեք չենք ասել, որ ցեղասպանություն չի եղել: Պարզապես չենք օգտագործել այդ բառը: Մեր տեսակետն այդ հարցում եղել է համանման բանավեճի խրախուսումը առանց թույլ տալու թուրքերին, որ նրանք ասեն, թե «դա արտաքին ճնշում է»: Եվ այս մոտեցումն ավելի ազդեցիկ է եղել»:

«Լոս Անջելես թայմսը» միաժամանակ նշել է, որ հայկական լոբբին ու դեմոկրատները, որոնք հավանություն են տալիս վերոհիշյալ մոտեցմանը, Վաշինգտոնի վարչակարգից պահանջում են ցեղասպանություն բառի օգտագործումը: Ի դեպ, անանուն ամերիկացի դիվանագետին հունվարի 8-ին «Միլիեթում» հրապարակված հոդվածում անուղղակի հաստատել է թերթի հեղինակ Յասեմին Չոնգարը, մատնանշելով, որ հայկական բանաձեւերին հակադրվող ամերիկացի գործիչները դա անում են ոչ թե հայերի ցեղասպանությանը չհավատալու պատճառով, այլ Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու նկատառումով»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4