Հունվարի 23-ին Օսկանյան-Մամեդյարով հավանական հանդիպում
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Տարածաշրջանում անցած տարի լուրջ տեղաշարժեր են եղել, որոնք ուղղակի եւ անուղղակի ազդեցություն են ունեցել Հայաստանի արտաքին քաղաքականության վրա: 2006 թ.-ին արտաքին գործերի գերատեսչության գործունեության ամփոփումը ներկայացնելիս, երեկ նախարար Վարդան Օսկանյանը այդ տեղաշարժերի թվում նշեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, ռուս-վրացական հարաբերությունների լարվածությունը, իրավիճակը Իրանի շուրջը, հայ-թուրքական փակ սահմանն ու երկկողմ հարաբերությունների բացակայությունը, Աֆղանստան, Իրաք, Լիբանան առնչությամբ իրավիճակը, միջազգային կառույցներում կառուցվածքային փոփոխություններն ու ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) ակտիվացումը եւ այլն:
Այս տարի, Օսկանյանի խոսքերով, ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացը կշարունակվի, ընդ որում, Հայաստանի համար առաջնահերթ է մնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ընդունումը Ադրբեջանի կողմից: Վարդան Օսկանյանը տեղեկացրեց, որ «շատ նախնական պայմանավորվածությամբ» հունվարի 23-ին հնարավոր է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում Մոսկվայում: Ղարաբաղյան հարցի կարգավորման որեւէ ժամկետ նշելու փոխարեն արտգործնախարարը նշեց, որ բանակցությունների սեղանին դրված ներկա փաստաթուղթը այնպիսին է, որ քաղաքական կամքի դրսեւորման դեպքում յուրաքանչյուր պահի հնարավոր է լուրջ առաջընթաց արձանագրել:
Արտաքին քաղաքականության կոմպլեմենտարության պահպանմամբ Հայաստանը հարեւանների հետ հարաբերություններում մասնավորապես կշարունակի խորացնել ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ: Վրաստանի հետ կունենանք հագեցած օրակարգ, իսկ Իրանի հետ առաջնային կլինի գազամուղի գործարկումը, որ, արտգործնախարարի մատուցմամբ, տեղի կունենա այս տարվա առաջին եռամսյակում: Օսկանյանն անդրադարձավ այն տեղեկությանը, ըստ որի իրանական կողմն արդեն իսկ յուրաքանչյուր պահի կարող է սկսել գազամատակարարումը, մինչդեռ հայկական կողմը գազն ընդունելու համար ժամանակ է խնդրել մինչեւ մարտ: Նախարարը պարզաբանեց, որ դեռեւս դեկտեմբերի 17-ին Իրան կատարած իր այցելության ժամանակ հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրանական կողմը գազամուղի փորձարկումները կավարտի հունվարին, իսկ մատակարարում կիրականացվի մարտին:
Վարդան Օսկանյանը հաստատեց տեղեկությունն այն մասին, որ արդեն իսկ պատրաստ է Ղարաբաղի հարակից շրջաններում հրդեհների առնչությամբ ԵԱՀԿ զեկույցը: Այն, ըստ նախարարի, օբյեկտիվ է եւ դրանում շեշտը դրվում է կանխարգելման վրա: Զեկույցի բովանդակությունը դեռեւս հայտնի չէ, սակայն, Օսկանյանի ներկայացմամբ, այն շուտով կդառնա հրապարակային:
Պատասխանելով հայ-թուրքական սահմանի փակ լինելու, որպես դրա հիմնական պատճառ արտաքին քաղաքականության օրակարգում ցեղասպանության խնդրի առկայության մասին հարցերին` Վարդան Օսկանյանը նշեց, որ դա սահմանի փակ լինելու թուրքական կողմի սխալ քաղաքականության արդյունք է, հատկապես որ Հայաստանը բազմիցս հայտարարել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին: Օսկանյանը հավելեց, որ այսօր հայ-թուրքական հարաբերություններում ավելի շուտ ղարաբաղյան հարցն է նշանավորված:
Բնականաբար, ասուլիսն անմասն չմնաց Վարդան Օսկանյանի հետագա քաղաքական կարիերային վերաբերող հարցերից: Օսկանյանը տեղեկացրեց, որ դեռ որեւէ ուժի միանալու որոշում չի կայացված: Եվ, սակայն, ինչ արդեն իսկ գնահատել էր, նախարարը կրկնեց, որ սպասվող ընտրությունները ճակատագրական են լինելու: