Խորտակման վայրի մասին անճշտությունը առեղծվածային է դարձնում ավիավթարը
Երեկ Բաղդադից 90 կմ հյուսիս գտնվող Բալադի օդանավակայանում վայրէջքի պահին խորտակվել է մոլդովական ավիաընկերության AN-26 մակնիշի ինքնաթիռը, որը Թուրքիայի Ադանա քաղաքից բանվորներ էր տեղափոխում Իրաք: Ինքնաթիռի անձնակազմի 5 անդամներից եւ 30 ուղեւորներից 32-ը զոհվել են, երկու մարդ անհետ կորել է, իսկ մեկը վիրավորվել: Անձնակազմի 5 անդամներից մեկը եղել է ռուս, մեկը ուկրաինացի, մյուս երեքը մոլդովացի: Ինչ վերաբերում է 30 ուղեւորներին, ապա նրանք, բացառությամբ մեկ ամերիկացու, բոլորն էլ թուրք են:
Հատկանշական է, որ ինքնաթիռի Բալադի օդանավակայանում խորտակման մասին տեղեկացրել են NTVMSNBC-ն, իսկ CNN-ն ու «Միլիեթը» նշել, որ դա կատարվել է Բաղդադի «Ալ Ասադ» օդանավակայանում: Թեեւ ինքնաթիռի խորտակումը պաշտոնապես պայմանավորվում է թանձր մառախուղով, այնուամենայնիվ, խորտակման վայրի վերաբերյալ լրատվամիջոցների այսպիսի անճշտությունը առեղծվածային բնույթ է հաղորդում ավիավթարին: Այն առումով, որ թուրք բանվորներին Իրաք տեղափոխող ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել ոչ թե Բալադի օդանավակայանում, այլ այս քաղաքի մոտակայքում տեղակայված ամերիկյան «Անակոնդա» ռազմաբազայում:
Հրամանատարությունը մառախուղի պատճառաբանությամբ արգելել է ինքնաթիռի վայրէջքը ռազմաբազա, որից հետո դա թռիչքուղուց 200 մետր բարձրության վրա կործանվել է: Համենայնդեպս ավիավթարից անմիջապես հետո Թուրքիայի արտգործնախարարությունը պարզաբանումների պահանջով իսկույն դիմել է ռազմաբազայի ամերիկյան հրամանատարությանը:
Հ. ՉԱՔՐՅԱՆ