ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երասխ-Երեւան ավտոճանապարհի 33-րդ կիլոմետրում հունվարի 8-ին, ժամը 11.10-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում, «ԳԱԶԵԼ» մակնիշի միկրոավտոբուսը դուրս է եկել երթեւեկելի մասից, շրջվել եւ ընկել է դրենաժը:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ տարածքային կառավարման նախարարության փրկարար ծառայությունից, վթարի հետեւանքով միկրոավտոբուսի վարորդ` Երեւանի բնակիչ, 1957 թ. ծնված Սամվել Աշուղաթելյանը եւ ուղեւորներ` Մալիշկա գյուղի բնակիչներ, 1974 թ. ծնված Արտաշես Կոստանյանը եւ 1959 թ. ծնված Վազգեն Դովլաթյանը, Ջերմուկ քաղաքի բնակիչ` 1995 թ. ծնված Գեւորգ Գալստյանը, Երեւանի բնակիչներ` 1980 թ. ծնված Գրիգոր Իխտիարյանը եւ 1958 թ. ծնված Ալիկ Քեշիշյանը, Եղեգնաձորի բնակիչ` 1987 թ. ծնված Անուշ Մալարյանը ստացել են տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Արտաշատ քաղաքի հիվանդանոց: Ժամը 19.00-ի սահմաններում Վ. Դովլաթյանը մահացել է: Մյուս տուժածների վիճակը միջին ծանրության է:
Բացի հիվանդանոց տեղափոխված տուժածներից, միկրոավտոբուսում եղել են եւս հինգ ուղեւորներ, որոնք բուժօգնության կարիք չեն ունեցել: