«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#249, 2006-12-28 | #1, 2007-01-09 | #2, 2007-01-10


ԻՆՉՈ՞Ւ Է ԵՐԵՎԱՆԸ ԴԱՐՁԵԼ ԴԺՎԱՐ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ

Աշխարհի ոչ մի երկրում, հատկապես բնակչության քանակի ու տարածքի առումով համեմատաբար փոքր երկրում մայրաքաղաքի բնակչության թիվը վերջին 80 տարիներին այնպիսի արագությամբ չի ավելացել, որքան Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի բնակչությունը:

1920-ական թվականներին Երեւանի բնակչության թիվը կազմել է 25-30 հազ. մարդ, 1999 թ. արդեն հասել էր ավելի քան 1248,7 հազ. մարդու, իսկ 2003 թ. կազմել է 1102,0 հազ. մարդ:

Իսկ դա նշանակում է, որ մեր մայրաքաղաքի բնակչության խտությունը 1 քկմ-ի վրա կազմում է 4856 մարդ (հանրապետության միջինը 106 մարդ է):

Ինչո՞վ բացատրել մեր մայրաքաղաքի բնակչության թվի այսպիսի աննախադեպ ավելացումը: Չէ՞ որ ճարտարապետ Ա. Թամանյանի կազմած Երեւանի գլխավոր նախագծով մայրաքաղաքը հեռանկարում պետք է ունենար 250-300 հազ. բնակիչ:

Տաղանդավոր ճարտարապետը անկասկած հաշվի է առել մայրաքաղաքի բնական պայմանները, աշխարհաքաղաքական դիրքը եւ առհասարակ հանրապետության առանձնահատկությունները:

Աշխարհի համեմատաբար մեծ ու փոքր ոչ մի երկրի բնակչության ավելի քան 30 տոկոսը չի կենտրոնացված մայրաքաղաքում: 2005 թ. տվյալներով Հայաստանի Հանրապետության բնակչության ավելի քան 34,3 տոկոսը տեղաբաշխված է Երեւան քաղաքում:

Նույն տարածաշրջանում գտնվող մեր հարեւան երկու երկրների` Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղաբաշխված է բնակչության 15, իսկ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` 23 տոկոսը: Հայաստանի Հանրապետության հետ աշխարհագրական նույն լայնություններում գտնվող Թուրքմենստանի մայրաքաղաքում ապրում է բնակչության 10, իսկ Ուզբեկստանում` 9,0 տոկոսը:

Շատ մայրաքաղաքներ բնակչության թվով մեծապես զիջում են տվյալ երկրի այլ քաղաքների: Եվ դա շատ տրամաբանական է, քանի որ մայրաքաղաքի բնորոշ առանձնահատկությունը ոչ թե բնակչության քանակի մեծությունն է, այլ կառավարման յուրահատկությունները:

Ռազմավարական հանգամանքներից եւ բնական անբարենպաստ ու բազում այլ պայմաններից ելնելով, որքանով է նպատակահարմար, որ ընդամենը 3,2 մլն բնակիչ ունեցող եւ հատկապես աշխարհաքաղաքական ոչ այնքան նպաստավոր դիրք ունեցող Երեւան քաղաքում է կենտրոնացված հանրապետության բնակչության 34,3 տոկոսը: Մինչեւ 1940-ական թվականները Երեւան քաղաքի տարածքը սահմանափակված էր երկաթուղային կայարանից մինչեւ Աբովյանի արձանը (այսպես կոչված Պլանի գլուխը) ընկած տարածքով: Այժմ Երեւանի ագլոմերացիան իր թեւերը փռել եւ ընդգրկել է նաեւ Հին Նորքի եւ Նոր Նորքի բարձրավանդակները, Կոտայքի սարավանդի զգալի մասը, մոտենալով Աբովյան քաղաքին: Մյուս կողմերից այն արագորեն ձգվում է դեպի Արտաշատ, Մասիս, Էջմիածին ու Աշտարակ քաղաքները, ընդգրկելով Արարատյան դաշտի գյուղատնտեսության համար մեծ արժեք ներկայացնող զգալի բերրի հողահանդակներ: Այսպիսով, Երեւանի ագլոմերացիան, որի կառուցվածքում վաղուց արդեն ընդգրկված են գյուղական բազմաթիվ բնակավայրեր եւ ավաններ, տարածքային այդպիսի անսահմանափակ ընդարձակման հետեւանքով մոտակա հեռանկարում կարող է դառնալ մեզ համար անսովոր ավելի խոշոր այնպիսի ագլոմերացիա, որը կընդգրկի Աբովյան, Նոր Հաճըն, Աշտարակ, Էջմիածին, Մասիս, Արտաշատ քաղաքները:

Որքանո՞վ է նպատակահարմար Երեւան քաղաքի տարածքային անսահմանափակ ընդարձակումը:

Աշխարհի մեկ միլիոնից ավելի բնակիչ ունեցող քաղաքները հիմնականում գտնվում են խոշոր գետերի, լճերի, ծովերի, օվկիանոսների ափերին:

Իսկ եթե այդպիսի բնական նպաստավոր պայման չունեն, ապա այդ երկրների մայրաքաղաքների բնակչությունը հազվադեպ կարող է լինել մեկ միլիոն կամ մեկ միլիոնից ավելի: Երեւանը զուրկ է այդպիսի հնարավորությունից, եւ այս հանգամանքը անկասկած պետք է հաշվի առնել: Հրազդան գետը, որը միակ մխիթարիչ ջրային ավազանն էր, այժմ այն աստիճանի է աղտոտված, որ անհնար է օգտագործել որպես ռեկրեացիոն ռեսուրս: Էկոլոգիական, ռեկրեացիոն առումով առավել վտանգավոր վիճակում է Երեւանյան լիճը, որը կառուցվել է որպես Երեւանի բնակչության հանգստի գոտի: Որքանո՞վ է նպատակահարմար Հրազդան գետի կիրճը վերածել մասնավոր ռեստորանային եւ այլ կարգի համատարած օբյեկտների ու զրկել քաղաքի բնակչությանը հանգստի գոնե այդ փոքր գոտուց:

Չոր մերձարեւադարձային (կիսաանապատային) գոտում գտնվող մայրաքաղաք Երեւանի ամբողջապես արհեստականորեն, մեծ ջանքերով ու դժվարությամբ ստեղծված, առանց այն էլ խիստ անբավարար կանաչ զանգվածը անթույլատրելի ձեւերով, շինարարական աշխատանքների պատրվակով ոչնչացվում, կրճատվում է: Մի կողմից իրար կողք կողքի, նեղ փողոցներով, շատ խիտ ու բարձրահարկ շենքերի կառուցումը, մյուս կողմիցՙ կանաչ զանգվածի կրճատումը հիրավի Երեւան քաղաքը ավելի են անապատացնում, մայրաքաղաքի էկոլոգիական վիճակը գնալով անտանելի է դառնում:

Երեւանի էկոլոգիական հավասարակշռության արդեն իսկ խախտված վիճակի վրա մեծապես բացասաբար է անդրադառնում քաղաքում ավտոմեքենաների անսահմանափակ ավելացումը: Վերջին տվյալներովՙ մայրաքաղաքում ավտոմեքենաների թիվը հասնում է ավելի քան 180 հազարի:

Ըստ որում, յուրաքանչյուր տարի դրանց թիվը ավելանում է միջին հաշվով 14 հազարով: Այսպիսով, մեկ-երկու տարի հետո Երեւանում ավտոմեքենաների թիվը կհասնի 200 հազարի: Այսպիսի հսկայական քանակությամբ ավտոմեքենաների թիվը մեր մայրաքաղաքի նեղ փողոցների (որոնք նախատեսված չեն եղել մեկ միլիոնից ավելի բնակչության նկատառումներով) համար խիստ անսովոր է եւ ոչ տարողունակ: Այժմ ավտոտրանսպորտը մայրաքաղաքի էկոլոգիական վիճակի վրա բացասաբար ազդող եւ մթնոլորտը թունավորող առաջին աղբյուրն է, ոչ միայն բացասաբար է անդրադառնում թունավոր արտանետումներով, այլեւ շատ հաճախակի տեղի ունեցող խցանումներով, աղմուկի ու այլ առումներով:

Խորհրդային իշխանության 70 տարիներին հանրապետությունում ստեղծված արդյունաբերական հզորությունների կեսից ավելին, բարձրագույն կրթության, գիտության, մշակույթի համակարգերի բացարձակ մեծ մասը, կենտրոնական կառավարման մարմիններն ամբողջությամբ տեղաբաշխվել են Երեւանում: Հետեւանքն այն է, որ այժմ մեր հանրապետությունը նման է հսկայական գլխով ու գաճաճ մարմնով մի էակի:

Այսպիսով, Երեւանի զարգացման շարունակվող միտումը կարծես թե այն է, որ հանրապետության ամբողջ պոտենցիալ հնարավորությունները շարունակում են կենտրոնանալ այստեղ: Իսկ ինտենսիվ սեյսմիկ գոտում գտնվող, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական այժմյան ոչ այնքան նպաստավոր դիրք ունեցող մեր մայրաքաղաքի համար զարգացման այսպիսի միտումների հետեւանքները անկանխատեսելի կարող են լինել:

Վերջին 15 տարիներին թեեւ Երեւանում բուռն թափով աճել ու շարունակում է աճել շինարարությունը, սակայն մայրաքաղաքը մեծապես կորցրել է իր երբեմնի ճարտարապետական ներդաշնակ կոլորիտը, դեմքը:

Քաղաքի ճարտարապետական մեծ հետաքրքրություն ներկայացնող շենքերի զգալի մասը տարբեր ձեւերով, կամայականորեն փոփոխվել են, ավելացվել են հարկեր, պատշգամբներ, կցված շինություններ, որոնք ավելի շատ նման են կարկատանների եւ հիմնականում չեն համապատասխանում տվյալ շենքերի ճարտարապետական կոլորիտին: Որքան էլ փորձենք մխիթարվել, որ այժմ շինարարական համակարգում ներդրվում են սեյսմակայուն մեթոդներ, չպետք է մոռանալ, որ մենք գտնվում ենք Ալպ-հիմալայան սեյսմիկ գոտու ամենաակտիվ հատվածում եւ երբեք չպետք է մոռանալ, որ բնության ուժերը առավել ահավոր ու անսանձելի են: Հետեւաբար, Երեւանում ժամանակակից բազմահարկ շենքերի կառուցման եւ հատկապես դրանց կամայական փոփոխություններին պետք է շատ լրջորեն եւ հեռանկարային նկատառումներով վերաբերվել:

Ահա այս ոչ լրիվ թվարկված պատճառների հետեւանքով Երեւանը, չնայած ունի հզոր քաղաքապետարան ու 12 թաղապետարաններ, մեր կարծիքովՙ կարծես թե դարձել է դժվար կառավարելի:

Այդ պատճառների վրա փորձենք շատ համառոտակի կանգ առնել:

Խորհրդային իշխանության տարիներին մեր հանրապետության բնակչության բնական աճը բավականին բարձր է եղել եւ 1960-ական թվականներին հազար մարդու հաշվով կազմել է ավելի քան 33 մարդ:

Այս ցուցանիշով Հայկական ՍՍՀ-ն ԽՍՀՄ-ում Տաջիկստանի հետ զբաղեցնում էր առաջին տեղը: Այժմ էլ Տաջիկստանը այդ ցուցանիշով ԱՊՀ երկրներում զբաղեցնում է առաջին տեղը, այստեղ բնական աճը 1000 մարդու հաշվով 2003 թ. կազմել է 22,0 մարդ, իսկ մեր հանրապետությունում ցավոք խիստ իջել եւ նույն թվականին կազմել է ընդամենը 3,1 մարդ:

Սակայն մայրաքաղաքի` Երեւանի բնակչության թվի վերը նշված չափերով ավելացումը պետք է բացատրել ոչ թե քաղաքի բնակչության բնական, այլ գերազանցապես մեխանիկական աճով:

Խնդիրն այն է , որ այդ տարիներին արտադրողական ուժերի տեղաբաշխման անհեռատես քաղաքականության հետեւանքով արդյունաբերական խոշոր ձեռնարկությունների մեծ մասը կենտրոնացվել է մայրաքաղաքում: Միեւնույն ժամանակ գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման պատճառով գյուղական բնակավայրերի աշխատուժի զգալի մասը, տեղում չունենալով աշխատանքի բնագավառ, ստիպված է եղել տեղափոխվել Երեւան ու աշխատանքի տեղավորվել այստեղ արագորեն զարգացող արդյունաբերական ձեռնարկություններում եւ շինարարական կազմակերպություններում: Ահա հենց այդ ժամանակաշրջանում` 1955-71 թթ. միայն մեխանիկորեն ներհոսքի հաշվին Երեւան քաղաքի բնակչությունը ավելացել է 173,8 հազ. մարդով: Այլ կերպ, միայն այդ 17 տարիներին միջին հաշվով Երեւանում տարեկան բնակություն է հաստատել հանրապետության հատկապես գյուղական վայրերից եկած 10,2 հազ. մարդ: Հենց միայն այդ տարիներին քաղաքի զբաղեցրած տարածքը մեծացել է 4,4 անգամ: Հետագա տասնամյակներում այդ միտումը նույնպես շարունակվել է:

Քանի որ արտադրողական ուժերի տարածքային կազմակերպման այս անհեռատես քաղաքականությունը շարունակել է մի քանի տասնամյակ, ապա ինչ-որ չափով շտկելու նպատակով, 1950-ական թվականներից հետո արդյունաբերական ձեռնարկություններ, շինարարական կազմակերպություններ են ստեղծվել նաեւ հանրապետության մյուս քաղաքներում ու նոր ձեւավորված քաղաքային բնակավայրերում:

Սակայն տնտեսական այս քաղաքականությունը չի թեթեւացրել գյուղական բնակավայրերի բնակչության զբաղվածության վիճակը, տեղերում աշխատանք ունենալու խնդրի լուծումը: Եթե նախկինում աշխատանքի համար գյուղացիները հիմնականում Երեւան էին տեղափոխվում, ապա հետագայում այդ նպատակով նրանք իրենց գյուղերը լքում եւ տեղափոխվում են նաեւ արդյունաբերական նոր ստեղծված կենտրոններ: Այդուհանդերձ հանրապետության գյուղական բնակչության ձգողական ուժը այսօր էլ մնում է Երեւանը, որի բնակչության խոշոր չափերով ավելացումը հիմնականում պայմանավորված է այդպիսի մեխանիկական աճով:

Արտադրողական ուժերի (հիմնականում արդյունաբերության, շինարարական ինդրուստրիայի) տարածքային անհեռատես կազմակերպման հետեւանքով 1926 թ. մինչեւ ԽՍՀՄ փլուզումը հանրապետության քարտեզից վերացել են 368 գյուղեր: Դրանց մի մասը միացել է քաղաքներին կամ միավորվել են այլ գյուղերի, իսկ մեծ մասը առհասարակ վերացել է: Զգալի թվով գյուղեր մեխանիկորեն ընդգրկվել են քաղաքներում: Մասնավորապես 19 գյուղ իրենց հողատարածքներով ընդգրկվել են Երեւանի կառուցվածքի մեջ ( 5 գյուղ միացել է Դիլիջանին եւ այլն):

Վերը նշված գործոնից բացի, ասենք նաեւ, որ Երեւանի բնակչության քանակի մեխանիկորեն մեծացման գործում ոչ պակաս դեր է խաղում այն հանգամանքը, որ հանրապետության պետական բուհերի բացարձակ մեծ մասը նույնպես կենտրոնացված է այստեղ (այսօրվա Երեւանի միայն բուհերի ուսանողների թիվը երեք անգամ ավելին է, քան 1920-ական թվականների Երեւանի բնակչության թիվն էր):

Երեւան քաղաքի բնակչության թվի այսպիսի դժվար կառավարվող մեխանիկական աճը առաջացրել է մի շարք խիստ անհանգստացնող հիմնախնդիրներ: Առաջին ու թերեւս ամենամեծ անհանգստացող սոցիալական հիմնախնդիրն այն է, որ քաղաքի բնակչության զգալի մասը չունի աշխատանք եւ մարզերից անդադար այստեղ ներհոսող բնակչությունը ավելի է սրում այս հիմնախնդիրը: Իսկ այս վերջինիս հետեւանքը լինում է այն, որ մարզերից Երեւան տեղափոխվող աշխատունակ բնակչությունը այստեղ էլ հիմնականում չգտնելով աշխատանք` թողնում, հեռանում է հանրապետությունից:

Կարծում ենք, որ կառավարությունը պետք է ունենա ժողովրդագրական, սոցիալական համալիր ծրագիր, որով ոչ միայն պետք է խրախուսվի բնակչության բնական աճը (2004 թ. տվյալներով հանրապետությունում բնակչության բնական աճը հազար մարդու հաշվով կազմում է ընդամենը 3,7 մարդ, 1960-ական թվականների ավելի քան 33 մարդու դիմաց, իսկ Երեւանում այժմ կազմում է ընդամենը 2,8 մարդ), այլեւ միջոցներ ձեռնարկվեն եւ խրախուսվեն բնակչությունը տեղերում ամրապնդելու համար: Այսպիսով, հնարավորություն կստեղծվի Երեւանի բնակչության մեխանիկորեն աճը կարգավորելու համար: Երեւան քաղաքի տարածքային սահմանափակման անհրաժեշտությունից ելնելով, նպատակահարմար չէ արդյունաբերական նոր ձեռնարկությունների կառուցումը եւ դրանց համար նոր հողատարածքների հատկացումը: Դրանց փոխարեն առավել արդյունավետը վաղուց կառուցված, սեփականաշնորհված, սակայն չգործող կամ թերի գործող հարյուրավոր մեծ ու փոքր ձեռնարկությունների վերագործարկումն է: Նոր ձեռնարկությունների կառուցումը ամենուրեք պետք է խուսափել մարզային քաղաքներում եւ գյուղական բնակավայրերում:

Մայրաքաղաքի էկոլոգիական հավասարակշռությունը կարգավորելու նպատակով առաջին հերթին նպատակահարմար կլինի.

ա) հնարավորին սահմաններում սահմանափակել նոր (հատկապես հին) ավտոմեքենաների մեծ քանակով ներմուծումը, քանի որ, ինչպես ասվել է, Երեւանի էկոլոգիական հավասարակշռությունը խախտող առաջին գործոնը այժմ ավտոտրանսպորտն է.

բ) կտրականապես ոչ միայն արգելել քաղաքի կանաչ զանգվածի ոչնչացումը, այլեւ վերականգնել քաղաքի բարձրադիր մասերի երբեմնի արհեստականորեն ստեղծված անտառային պուրակները եւ մեկ շնչին ընկնող կանաչ զանգվածի տարածքը մոտակա տարիներին հասցնել առնվազն 15-20 մ (սա մինիմալ ցուցանիշ է).

գ) Հրազդանի ձորը դարձնել մայրաքաղաքի հանգստի հիմնական գոտի, դադարեցնելով այդտեղ գետը աղտոտող որեւէ օբյեկտի շինարարություն: Արմատապես մաքրել Երեւանյան լիճը եւ վերականգնել նրա էկոլոգիական հավասարակշռությունը.

դ) մայրաքաղաքի էկոլոգիական հավասարակշռության կարգավորման հույժ կարեւոր խնդիրներից մեկը քաղաքում ամեն տարի առաջացող կենցաղային աղբի ու թափոնների անմնացորդ մաքրումն ու վերամշակումն է:

Տողերիս հեղինակը դեռ 1960-ական թվականներին այդ համալիր հումքի վերամշակման գործարանի կառուցման անհրաժեշտության եւ հիմնավորման զեկուցագիր է ներկայացրել Երեւանի քաղխորհուրդ եւ կառավարություն: Սակայն մինչեւ օրս այդ մասին ընդամենը խոսվում է:

Այսպիսի գործարանի կառուցումը ոչ միայն մայրաքաղաքը կփրկի աղբից ու դրանցից առաջացող հիվանդությունների վտանգից, այլեւ Նուբարաշենի ավելի քան 30 հեկտար այժմյան աղբանոցի տարածքը հնարավոր կլինի օգտագործել տարբեր նպատակներով: Միեւնույն ժամանակ աղբավերամշակման գործարանը կդառնա քաղաքի բյուջեն համալրող եկամտի աղբյուր:

Մյուս կարեւոր խնդիրը Երեւանի` որպես վարչական միավորի կառավարման հեռանկարն է:

Վերջերս մամուլում տեսակետներ են հայտնվում, որ նպատակահարմար է Երեւանը բաժանել մի քանի մանր քաղաքների, որպեսզի դրանց կառավարումը ավելի դյուրին լինի: Եվ որպես փաստարկ բերվում են արտասահմանյան մի շարք քաղաքների օրինակներ:

Մեր կարծիքովՙ այս տեսակետները ընդունելի չպետք է համարել: Նախՙ արտասահմանյան օրինակները (Լիոն եւ այլն) մեզ համար ընդունելի չեն կարող լինել, քանի որ այդ քաղաքների ձեւավորման, զարգացման ընթացքը բոլորովին ահամատեղելի է Երեւանի հետ:

Երեւան քաղաքը իր 12 թաղային համայնքներով այն աստիճանի բազմակողմանի կերպով հյուսված համալիր է, որ հնարավոր չէ դրա մասերը առանձին պատկերացնել: Բոլորովին նպատակահարմար չէ եւ ոչ մի առումով հնարավոր չէ Երեւանի թեկուզ որեւէ թաղամաս արհեստական կերպով անջատել ու դիտել որպես առանձին քաղաք կամ առհասարակ բնակավայր: Դրանք ստեղծվել, ձեւավորվել են քաղաքի կենտրոնի հենքի վրա եւ այդ հենքից կտրելը անհնար ու աննպատակ է: Երեւանը իր 12 թաղային համայնքներով ավելի քան 85 տարիների ընթացքում ձեւավորված, մեկը մյուսի շարունակությունը կազմող, կառավարման, սոցիալ-տնտեսական կենսագործունեության, տրանսպորտային ու շատ այլ կառուցվածքների մի բարդ, միասնական համակարգ է, որն աննպատակ, խոշոր ծախսերով ոչ թե պետք է մասերի բաժանել, այլ անհրաժեշտ է դրանց միասնական կառավարումը կատարելագործել:

ՍԵՐԳԵՅ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4