Ռազմիկ Դավոյանը կա եւ մնում է Ալեքսան Կիրակոսյանի լավագույն բարեկամներից մեկը, անգամ վերջինիս երկրային ժամանակից հետո: Եվ բնական է, որ նա այս կորստի առիթով մեծ ցավ ապրողներից մեկը պիտի լիներ:
- Բոլոր տեսակի ռեժիմները, կլինիՙ ստրկատիրական, ֆեոդալական, սոցիալիստական կամ բուրժուական, թելադրանքներ ունեն,- «Ազգին» հաղորդեց Ռազմիկ Դավոյանը:- Բայց ռեժիմներից վեր գոյություն ունի մարդկային եւ ազգային պատկանելություն, որ Աստծո օրհնությամբ է սահմանված: Եվ ինչքան էլ ռեժիմին ծառայելիս լինեն անհատները, նրանց տրված Աստծո պարգեւը միշտ գերակայելի է լինում: Այդպիսի բացառիկ անհատներից էր Ալեքսան Կիրակոսյանը: Հեշտ է ժամանակի վրա գցել մեղքերը, որ դու գործում ես, որովհետեւ մեջդ ցանկություն կա մեղք գործելու, մղում կա կամ շահադիտական, կամ եսասիրական, կամ չգիտեմ ինչ: Բայց ժամանակը կերտում են մարդիկ: Եվ նրանք, ովքեր չեն ենթարկվում, գտնվում են ազգային գոյատեւության ողնաշարի մեջ: Ալեքսան Կիրակոսյանը մեր ազգի գոյատեւության ողնաշարի մեջ գտնվող մարդ էր, այսինքն մեր գոյատեւության ողերից մեկն էր: Նա իր շուրջը համախմբում էր կենդանի այն օրգանիզմը, կենդանի այն մարմինը, որը պահպանում էր այն, ինչ պետք էր հետագա ժամանակների համար: Շատ ցանկալի է, որ այսօր այս տեսակի մարդիկ լինեն, որպեսզի ազգը վերջնականապես փոշիանալու վտանգից հեռու լինի:
Ռազմիկ Դավոյանը հիացմունքով է խոսում Ալեքսան Կիրակոսյանիՙ մշակույթի, գրականության ոլորտներում կատարած հրաշալի, անկրկնելի գործունեության մասին, որպես Հայաստանի քաղաքացի սթափ դատում է այս մեծ մարդու արածը, մեր երկրի շենացնելուն ուղղված նրա արդյունավետ ջանքերը: Հայաստանի ճանապարհների վերականգնման այդ հսկայական գործը իր ուսերին առած, նա միշտ առաջնորդվում էր դեպի հուշարձանները տանող ճանապարհները բաց պահելու իսկապես ազնվագույն մտադրությամբ: Դեպի Լոռի, դեպի Զանգեզուր ու Շիրակ, դեպի Հայաստանի հյուսիսային շրջաններ ճանապարհների վերականգնման գործը Ալեքսան Կիրակոսյանը հանձն առավ, իմանալով, որ ճանապարհները ոչ միայն առաջնահերթ նշանակություն ունեն, այլեւ կենդանի են պահում հուշարձանները:
- Իսկ մշակույթի ասպարեզում նա արեց անչափ շատ բան,- ավելացնում է Ռազմիկ Դավոյանը:- Նա շատ լավ գիտեր, որ մշակույթը առաջնահերթ արժեք է, եւ Հայաստանում քիչ թե շատ շնորհքով որեւէ մարդ չկա, որ նրա հովանավորությունը վայելած չլինի:
Ռազմիկ Դավոյանի կարծիքին կարող են լինել շատ ու շատ գրողներ, երաժիշտներ, նկարիչներ, քանդակագործներ: Անձամբ ես հիանալի դասեր եմ ստացել ոչ միայն մերՙ Ալեքսան Կիրակոսյանի եւ իմ զրույցներից ու հանդիպումներից, այլեւ ընկերական այն հավաքներից, որոնց մասնակցում էր ինքը (չէ, չէր մասնակցում սոսկ, այլՙ կազմակերպում ու ղեկավարում էր), որոնց մասնակցում էին Համո Սահյանը, Վահագն Դավթյանը, շատ ու շատ այլ նշանավոր մարդիկ: Խիստ ու խստապահանջ էր հատկապես գրավոր խոսքի պարագայում: Որեւէ հարցազրույց, որեւէ հոդված տպագրության հանձնելուց առաջ երկու, երեք անգամ կարդում էր (այսպիսի խստապահանջություն ես տեսել եմ նաեւ Հրանտ Մաթեւոսյանի եւ Վանո Սիրադեղյանի մոտ):
Ամեն դեպքում, այսօր այս ցուրտ երկրի վրա վառվեց եւս մի լուսավոր երկրավոր, որպեսզի մեր բոլորի հիշողություններում ավելանա մի նոր պայծառ աստղ:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ