Նախատոնական օրերին «Ազգի» կայքէջում ամանորյա շնորհավորանքների մրցույթ հայտարարելով մենք ամենեւին էլ գլուխգործոցներ չէինք ակնկալում: Սպասում էինք պարզապես սրամիտ, ինքնատիպ բարեմաղթանքների: Մրցույթի մեր մասնակիցները, սակայն, շնորհավորանքների բնույթին այլ ուղղվածություն են տվել: Դրանց բովանդակությունը հետաքրքրական է գլխավորապես համազգային նշանակության խնդիրների անդրադարձով:
Լինելով այնքան անմիաբան իրական կյանքում, մեր մաղթանքների ու կենացների մեջ մենք կատարյալ ենք մեր խելամտությամբ: Անգամ թշնամուն սիրելու, նրան խաղաղություն ու սեր ցանկանալու քրիստոնեական պատգամը քանիցս կրկնվում է շնորհավորանքներում: Մասնակիցներից մի երկուսն այնքան են ոգեւորվել, որ իրենց զգացմունքները նույնիսկ փորձել են արտահայտել չափածո տողերով:
«Կկամենայի մաղթել իմ ազգին սեր, միություն, միաբանություն ազգային գաղափարների շուրջն ինչպես սփյուռքում, այնպես էլ հայրենիքում: Վեր կանգնել նեղ անձնական շահերից եւ գլոբալիզացիայի խելահեղ այս դարում պահպանել ազգային դիմագիծը: Աշխարհի որ ծագում էլ լինենք` նպաստենք, նեցուկ լինենք մեր երկրի բարօրությանն ու հզորացմանը, Ղարաբաղի հարցի, մեր պահանջատիրության արդար դատին: Ամուր քրիստոնեական հավատք ու անձնուրաց հայրենասիրություն:
Լինենք հավաքական այն ուժը, որ երազել է մեծն Չարենցը... » Սոնա Արշունեցի, Բրյուսել: Սոնա Արշունեցին մեր պատգամավորներին առաջարկում է նաեւ օրհներգի սեփական տարբերակը, մաղթելով շուտափույթ ձերբազատում խճճված վիճակից:
Ամանորյա մաղթանքների գլխավոր լեյտմոտիվ է դարձել նաեւ սփյուռքում սփռված մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին տանջող կարոտախտը, որից նրանք փրկության ելքեր են առաջարկում` ամանորյա իրենց գլխավոր իղձը դարձնելով հայրենիք վերադարձը: Դրանցում նաեւ վիրավորանք կա, որովհետեւ Հայաստանից հեռացածներին մենք հաճախ անփութորեն, անշրջահայացությամբ «հայրենիքը լքածներ» ենք անվանում, առանց խորամուխ լինելու, որ օտար ափերում նրանք հայտնվել են ամենից հաճախ` պարտադրված, եւ այսօր նրանց մեծ բանակն է, որ դժվար աշխատանքով հարազատներին ու մերձավորներին պահում է ծննդավայրում, մեր բյուջեի չափ գումար ուղարկելով նրանց ամեն տարի: Հայֆայից Նուբար Ասլանյանը նույնիսկ առաջարկում է պատասխանատվության ենթարկել իրենց հանիրավի այդպիսի վիրավորանք հասցեագրողներին:
«Մենք, հայրենիքը հարկադրյալ լքողներս (պատճառները հարցրեք ՀՀՇ-ին, նա կբացատրի), դիմում ենք ազգասեր պատգամավորներին` հույսով ու հավատով, որ նոր` 2007 թվականին ազգամետ մոտեցում կունենան մեր հանդեպ եւ օրենք կընդունեն հայրենադարձների մասին, եւ որ նոր` 2007 թվականին խորհրդարանում կավարտվեն վարիացիաները երկքաղաքացիության խնդրի շուրջը»: Նա նաեւ դիմում է մեր պատգամավորներին` «հույսով ու հավատով, որ գալիք ընտրություններում ազգային շահերը անձնականից բարձր կդասեն»:
«Մենք բոլորս նույնն ենք երազում` ազատ, հզոր ու զարգացած Հայաստան` մենք, որ մեր կյանքն ենք վատնում հուսահատությամբ, դաժանությամբ ու անհանդուրժողականությամբ պատված հայրենիքում կամ հեռանում նրանից մարդավայել ապրելու հույսով, մենք, որ մեր հացն ենք կիսում մեր կարիքավոր հարազատների հետ... Թող 2007 թվականը օգնի գոնե մեկ քայլ կատարել դեպի մեր երազի երկիրն ու մարդը», մաղթում է Գնել Խաչատրյանն` ԱՄՆ-ից:
Եվ այսպես, կայքէջի մրցույթի հաղթողներ են (խելամիտ մաղթանքների համար) Նուբար Ասլանյանն` Իսրայելից, Սոնա Արշունեցին` Բրյուսելից, Գնել Խաչատրյանը` ԱՄՆ-ից եւ հոռետեսությունից զերծ ուրախ, լավատես մաղթանքի համարՙ Աշոտ Ստեփանյանը Երեւանից: Հայ գրողների, բանասերների, պատմաբանների հատորյակներով նրանց մրցանակները «Ազգի» խմբագրությունում են:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ