«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#249, 2006-12-28 | #1, 2007-01-09 | #2, 2007-01-10


ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻ ՆՈՐ` «ԱՐԱՐԱՏ» ՄՐՑԱՆԱԿԸ

Պերճ Զեյթունցյանը վաղուց արդեն հայ մշակույթի եւ գրականության ամենաճանաչված ներկայացուցիչն է ոչ միայն Հայաստանում ու սփյուռքում, այլեւ օտարալեզու ընթերցողների լայն շրջաններում: Նա արժանավայել պատվիրակն է արվեստասիրական ոլորտներում: Նրա վեպերը, պիեսները յուրովի են մեկնաբանում ոչ միայն հայ մարդու ազգային նկարագիրը, այլեւ մեր ժամանակի մարդու ամբողջական պատկերն են ներկայացնում: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի 11 լեզուներով, որոնց թվում` անգլերեն, ֆրանսերեն (երկու վեպ), արաբերեն, չեխերեն (երեք վեպ), ռուսերեն եւ այլն:

2006 թվականի դեկտեմբերի վերջերին Ֆրանսիայի Մարսել քաղաքում, հայ արվեստի օրերի շրջանակում տեղի ունեցավ հայ գրքի ազգային փառատոնը` Շառլ Ազնավուրի բարձր հովանավորությամբ:

Փառատոնին որպես պատվո հյուր հրավիրված էր Պերճ Զեյթունցյանը, որին հետեւյալ կերպ է բնորոշում ազդագիրը` «Արդի հայ գրականության նշանավոր ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախկին նախարար»:

Նա արժանացավ «Արարատ» մրցանակին` գրական վաստակի համար: Մրցանակը հանձնեց Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան պրն Ա. Կյունին:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ Պ. Զեյթունցյանը, որը, օգտվելով բարեպատեհ առիթից, իր երախտագիտությունը հայտնեց Հայոց ցեղասպանությունը Ֆրանսիայի կողմից պետականորեն ճանաչելու համար եւ մեջբերեց Մարտին Լյութեր Քինգի ասույթը, թե` «Մենք հիշում ենք ոչ թե մեր թշնամու խոսքերը, այլ բարեկամների լռությունը»: Ֆրանսիան չլռեց, եւ մենք դա երբեք չենք մոռանա»:

Փառատոնը անցավ Մարսելի լավագույն հյուրանոցներից մեկում, հատկապես ուրախալի էր ընթերցողների բազմամարդ մասնակցությունը: Հիմնականում ֆրանսագիր հայ գրողներ էին ներկա (օրինակ, Գառզուի որդին եւ թոռը), նաեւ` հայկական թեմաներով գրող ֆրանսիացիներ, որոնց թվում` հանրահայտ Իվ Թերնոնը:

«Անկախ իմ մասնակցությունից եւ իմ ստացած մրցանակից,- ասաց Պ. Զեյթունցյանը,- ինձ զարմացնում եւ ցավ է պատճառում, որ իր արժեքային կշռով համազգային նշանակություն ունեցող այս եւ նման երեւույթներին Հայաստանը մնում է անտեղյակ: Ենթադրում եմ, որ հակառակ կապն էլ առանձնապես ուժեղ չէ: Պետք է անհապաղ գործուն միջոցներ գտնել վերացնելու այս անտեղյակությունը, այլապես «մեկ ազգ, մեկ մշակույթ» կարգախոսը կդառնա «երկու ազգ, երկու մշակույթ»:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4