«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#249, 2006-12-28 | #1, 2007-01-09 | #2, 2007-01-10


ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ. «ԱՇԽԱՐՀԸ ԵՎ ՄԵՆՔ»

Շարունակվում է Հայաստանի անկախության հոբելյանական տարին: Այդ առթիվ Հայաստանի ազգագրության պետական թանգարանում բացվել է «Քաղաքակրթությունների շքահանդես. Աշխարհը եւ մենք» ցուցահանդեսը:

Որքան էլ մայրաքաղաքից հեռու գտնվելու հանգամանքը եւ կառավարման սուբյեկտիվ գործոնները խոչընդոտեն թանգարանի բնականոն զարգացումը, այնուամենայնիվ, այն շարունակում է իրականացնել իր հիմնական առաքելությունըՙ հոգեւոր արժեքների պահպանության, ուսումնասիրման ու հրապարակման գործում, միեւնույն ժամանակ անմասն չմնալով թե՛ ազգային, թե՛ համամարդկային մշակութային գործընթացներից:

Ցուցահանդեսը եզակի է թե՛ իր տեսակի մեջ, թե՛ առանձին ցուցանմուշներով եւ թե՛ թեմատիկ ընդգրկման առումով: Այն մեկ անգամ եւս յուրովի փաստում է առկա իրողությունն այն մասին, որ Հայաստան պետությունն ու հայ ժողովուրդը ոչ միայն խնկարկում են սեփական ազգային-մշակութային արժեքների առջեւ, այլեւ ճանաչում, գնահատում, խնամքով պահպանում ու սիրով ներկայացնում են այլ էթնիկ մշակութային արժեքներըՙ հատուկ հպարտությամբ ընդգծելով դրանց հետ ունեցած կապը:

Քաղաքակրթական հակադրությունների որոշակի սրման ներկա փուլում ցուցահանդեսը խնդիր ունի թանգարանի մեծարժեք հավաքածուների միջոցով շեշտադրել տարբեր քաղաքակրթությունների առանձնահատկություններն ու համանմանություններըՙ բացահայտելով էության մեջ դրանց ներդաշնակությունը:

Հայոց պատմական հայրենիքը քաղաքակրթության բնօրրաններից մեկն է, ուր խաչաձեւվել են հնագույն շումերական, ասորա-բաբելոնական, խեթա-խուրիական, հունա-հռոմեական ու հնդկա-իրանյան մշակույթները: Այստեղով են անցել Հյուսիսը Հարավին եւ Արեւելքը Արեւմուտքին կապող միջազգային մայրուղիները: Պատահական չէ, որ հայ մշակույթն այդքան բազմաշերտ է եւ ներդաշնակում է տարբեր քաղաքակրթական արժեքները: Հայ մարդու համար հավասարապես հոգեհարազատ է թե՛ Արեւելքը եւ թե՛ Արեւմուտքը: Ցուցահանդեսը բացահայտում է անգամ անհավանական թվացող առնչություններ աֆրիկյան մշակույթի հետ: Խոսքը վերաբերում է մասնավորապես մայրության պաշտամունքը ներկայացնող կոմպոզիցիաներին եւ տոհմածառերի մշակույթին:

Ցուցահանդեսը բացահայտում է նաեւ հայ ժողովրդի յուրօրինակ աշխարհընկալումը: Ձեւավորվելով ինքնուրույն քաղաքակրթական կենտրոններից մեկում, հայերը, գենետիկ հիշողության բերումով ու պատմական զարգացման ընթացքով պայմանավորվածՙ պահպանել են իրենց հատուկ կապն աշխարհի հետ: Հայը երբեք իրեն մեկուսի, օտար չի զգացել եւ բոլոր ժամանակներում ունեցել է աշխարհի մասնիկը լինելու զգացողությունը: Նա իրեն միշտ ընկալել է աշխարհի համատեքստումՙ որպես նրա անբաժան մասՙ անգամ ամենածանր տնտեսական ու քաղաքական մեկուսացման պայմաններում:

Թանգարանն ունի 1000-ից ավելի արժեքներ, որոնք վերաբերում են ինչպես Հայաստանի ազգային փոքրամասնություններին, այնպես էլ աշխարհի ժողովուրդներին: Ցուցահանդեսում ներկայացված է դրանց 1/5 մասը, մոտ 200 ցուցանմուշ, որոնք բոլորն էլ բնօրինակ արժեքներ են եւ մեծ մասամբ ցուցադրվում են առաջին անգամ: Ցուցահանդեսն ընդգրկում է աշխարհի 25 պետությունների ու ժողովուրդների մշակութային հավաքածուներըՙ Ֆրանսիա, Իտալիա, Շվեյցարիա, Գերմանիա, Լեհաստան, Ռուսաստան, Մոլդովա, Ճապոնիա, Հնդկաստան, Չինաստան, Մոնղոլիա, Վիետնամ, Ուզբեկստան, Դաղստան, Օվկիանոսք, Լիբերիա, Աֆրիկյան Տանզանիա, Գամբիա, Նիգերիա, Սենեգալ, Գանա, Գվինեա եւ այլն:

Ցուցահանդեսը կառուցված է ըստ քաղաքակրթական հնագույն կենտրոններիՙ Աֆրիկա, Ասիա, Եվրոպա, որոնց միջով այցելուի հետագիծը յուրատեսակ կեռխաչ է հիշեցնում: Այն իր հերթին խորհրդանշում է հին ու նոր քաղաքակրթությունների հավերժական շրջապտույտը եւ դրա հետ այցելուի սրբազան հաղորդակցումը:

Աֆրիկյան սրահը ներկայացված է Տանզանիա, Գվինեա, Գանա, Սենեգալ պետություններով: Հավաքածուն ընդգրկում է գերազանցապես կարմիր փայտից եւ էբոնիտե դիմակներ, քանդակներ, ժողովրդական նվագարաններՙ տամ-տամ, կորաս, որոնք լայն տարածում ունեն աֆրիկյան մշակույթում եւ կազմում են աֆրիկյան ժողովրդի տոնածիսական կյանքի կարեւոր բաղադրատարրերը: Այս համալիրն ամբողջացնում է ծիսական կյանքի «խճանկարը», Բաբայի սրբազան անտառը եւ գվինեական հարսանիքը ներկայացնող գեղանկարը:

Հաջորդ սրահը ներկայացված է Հեռավոր, Մերձավոր Արեւելքի ու Միջին Ասիայի երկրներով եւ նրանց շփման գոտի Կովկասով: Հեռավոր Արեւելքը ներկայացնում են ճապոնական սպասքը, զարդանկարներն ու նվագարանը, վիետնամական քանդակները, չինական գորգն ու թաշկինակը, Օվկիանոսքիՙ բնական ատամներից պատրաստված վզնոցը: Մերձավոր Արեւելքը ներկայացված է հնդկական գեղանկարով, բուդդայի քանդակով ու ծիսապաշտամունքային առարկաներով, պարսկական գորգով ու պալատականի զգեստով, եզդի-քրդուհու տարազով, սիրիական սպասքով: Միջին Ասիան ներկայացնում են մոնղոլական, ուզբեկական, ղրղզական եւ ղազախական նվագարանները (խուչիր, չանգ, քոմուզ, դոմբրա), թուրքմենական գորգերը:

Կովկասը հանդես է գալիս գերազանցապես Դաղստանի նյութերով: Ուշագրավ է դաղստանցի կնոջ տարազը, որն ամբողջությամբ զարդարված է արծաթով ու ակնեղենով, մետաղով ու ապակե ուլունքներով: Ներկայացվում են նաեւ դաղստանցի կնոջ տարազամասեր, զարդահամալիրներ, տղամարդու գոտի եւ թուր:

Հայաստանը ներկայացված է գերազանցապես արեւմտահայ մասունքներով, քաղաքային ու գյուղական կենցաղին բնորոշ կահավորանքով, գորգերով, տարազով: Ուշագրավ է, որ գործվածքով, գյուղական կահ-կարասիով ու մասնակիորեն ավանդութային տարազով Մերձավոր Արեւելքի համատեքստում է, իսկ քաղաքային մշակույթովՙ ասեղնագործությամբ ու սպասքով, բնակարանի ներքնատեսքով ամբողջությամբ ընդգրկվում է եվրոպական մշակութային համատեքստում:

Եվրոպական մշակույթը ներկայացված է ֆրանսիական զգեստներով, արդուզարդի առարկաներով, մանդոլինով ու սրով, ինչպես նաեւ փարիզյան հախճապակյա ու ճենապակյա սպասքով, իտալական ժանյակով, գոնդոլայի մանրակերտով եւ լատունե սկուտեղով: Եվրոպական սրահն ամբողջացնում են գերմանական ջահերն ու սպասքը, շվեյցարական ժամացույցները, լեհական սկահակն ու ռուսական, ուկրաինական, բելառուսական սպասքը, հախճապակյա արձանիկները, ինչպես նաեւ եվրոպական ոճի կահույքը, որը պատրաստվել եւ օգտագործվել է Հայաստանում XIX դարում:

Հարգելի ընթերցողներ, սիրով սպասում ենք ձեր այցելությանը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆ, ՀԱՊԹ հոգեւոր մշակույթի բաժնի վարիչ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4