«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#249, 2006-12-28 | #1, 2007-01-09 | #2, 2007-01-10


ՄԵՐ ԵՐԳԻՉՆԵՐԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹԻՎՆԸ ԱՂԱՎԱՂԵԼՈՒ

Յաճախ հարսանեաց եւ այլ ուրախ առիթներով տեղի ունեցող հանդէսներում լսում ենք «թքով կպցրած» բառերի եւ անդէմ, անգոյն ու անորոշ եղանակների խառնուրդից կազմուած այնպիսի «հայկական» երգեր, որ մարդու զարմանք ու ցաւ են պատճառում: Այս տեսակ երգեր երգող «երգիչները» ազատօրէն ու համարձակօրէն «օգտւում են» թրքական, պարսկական, արաբական, յունական... եղանակներից եւ իրենց երգերը ներկայացնում իբրեւ հայկական: Այսքանով էլ չբաւականանալով, նրանք երբեմն ուղղակի եւ անամօթաբար կապկում են օտար երգիչների երգերի եղանակներըՙ այդ եղանակներով եւ թքով կպցրած հայերէն բառերով երգեր են երգում եւ դրանք ներկայացնում իբրեւ «հայկական ժողովրդական երգեր»: Սա արդէն անպատկառութիւն է, բանագողութիւն է:

Անմիջապես աւելացնենք, որ մշակույթների զարգացման, հարստացման ու ինքնուրոյնացման գործընթացում շատ կարեւոր նշանակութիւն ունեն ազդեցութիւնն ու փոխազդեցութիւնը:

Մշակոյթները շփուելով են ինքնուրոյնանում: Օրինակՙ հայ արհեստավարժ երգիչը կարող է իսպանական ոճով կամ ուղղակի իսպանական եղանակներով հայերէն երգել եւ յստակօրէն իր երգերը ներկայացնել իբրեւ այդպիսիք եւ սա բոլորովին կապ չունի մեր նշած տխուր երեւոյթիՙ հայկական երգ ու երաժշտութեան աղաւաղման հետ:

Մարդկանց, հայ մարդկանց եւ յատկապէս մեր երեխաների, պատանիների ու երիտասարդների իրաւունքն է յստակ գաղափար կազմել հայկական երաժշտութեան մասին եւ այն զանազանել տարբեր ազգային երաժշտութիւններից: Դրանից յետոյ հայ մարդիկ եւ մեր նոր սերունդները իրաւունք ունեն սիրելու կամ չսիրելու մեր երաժշտութիւնը: Իրաւունք ունենք նաեւ տարբեր ազգային երաժշտութիւններ սիրելու եւ միշտ լսելու, սակայն հիմնականն այն է, որ հայկական երաժշտութեան մասին յստակ գաղափար կազմելու նրանց իրաւունքը ոտնակոխ չլինի մեր որոշ անպատկառ ու բանագող երգիչների կողմից:

Որոշ մարդիկ բծախնդրութիւն չեն ցուցաբերում մեր նշած երեւոյթի նկատմամբ, ասելով, թե ուրախ առիթներով տեղի ունեցող հանդէսներում հնչող երգերը քէֆի եւ խնջոյքի ռաբիս երգեր են: Մենք գտնում ենք, որ ճիշտ չի այդ մօտեցումը, որովհետեւ աղաւաղումը աղաւաղում է, անկախ այն բանից, թէ երգւող երգը ռաբիս է, ժողովրդական է, թէ՞ դասական: Աշխարհի բոլոր երկրներում էլ ռաբիս երգեր են երգում, սակայն այդ ռաբիս երգերը, նոյնիսկ հաճույքի ու ժամանցի զեխ վայրերում ու խաղատներում, ազգային երաժշտութեան մաս են կազմում եւ յետոյ, ռաբիս երգերը ամենից շատ լսւող երգերից են եւ հէնց այդ իսկ պատճառով նրանց աղաւաղումը ոտնակոխ է անում հայկական երաժշտութեան մասին յստակ գաղափար կազմելու մեր իրաւունքը:

Հայաստանում ու սփիւռքում յատկապես թրքական երաժշտութեան տարածումը (այստեղ հարցը ոչ թէ բնական ազդեցութեան ու փոխազդեցութեանն է առնչւում, այլ առնչւում է մշակութային ներխուժման) դրսեւորուեց հետեւեալ կերպՙ

Ցեղասպանութիւնից մազապուրծ Կիլիկիոյ թրքախօս հայերի ջանքերով Միջին Արեւելքի երկրներում ժամանակին հիմնեցին հայոց դպրոցներ եւ այդ դպրոցներում ցեղասպանութիւն ճաշակած սերնդին յաջորդած նոր սերունդները հայերէն սովորեցին, բայց այնուամենայնիւ ամբողջութեամբ չվերականգնուեց մեր մշակույթը: Նոր սերունդները ընդհանրապէս կառչած մնացին թրքական երգ ու երաժշտութեան եւ այս ցաւալի երեւոյթից լաւապես օգտուեցին մեր պատեհապաշտ ու բանագող երգիչները, որոնք տակաւին շարունակում են իրենց աւերիչ ու տխուր դերակատարութիւնը մեր կեանքում:

Թրքական երաժշտութեան տարածման մասին համարեա նոյնը կարելի է ասել նաեւ Հայաստանի կապակցութեամբ, ուր 1918-ից առաջ շատ մեծ թիւ էին կազմում մեր երկիրը ներխուժած թուրք-թաթարները:

Գլխաւորաբար Կոմիտասի ջանքերով հաստատւեց, որ մենք ունենք ինքնուրոյն երգ ու երաժշտութիւն, սակայն ըստ երեւոյթին մեր բանագող երգիչները փորձում են հակառակը ապացուցել:

Իհարկէ չի կարելի զսպել մեր պատեհապաշտ երգիչներին եւ չի կարելի նաեւ նրանց վերահսկելՙ նման պարագաներում վերահսկումը ինքնին մարդկային իրաւունքների խախտում է, սակայն մեր պետութիւնը, մեր կրթական ու մշակութային օջախները եւ մեր լրատվամիջոցները կարող են պարզապէս այդ պատեհապաշտներին չքաջալերել: Սփիւռքում եւս մեր կրթական ու մշակութային հաստատութիւնները եւ հայ համայնքների տրամադրութեան տակ գտնուող հաղորդակցութեան միջոցները կարող են նույնանման վերաբերմունք ճշտել բանագող երգիչների նկատմամբ, որպէսզի նպաստաւոր մթնոլորտ ստեղծուի մեր երգն ու երաժշտութիւնը հարստացնելու ու տարածելու համար:

Հ. ԳՐԻԳՈՐԵԱՆ, Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4