«Զարթոնք» մամլո մրցանակի հանձնախումբը «Հայկազուն եւ Անահիտ Վարդիվառյան» ամենամյա մրցանակը 2006 թվականին շնորհել է Օհան Պոտրումյանին ( Բեյրութ) եւ Ալեքսան Քեշիշյանին (Հալեպ):
Օհան Պոտրումյանը հայտնի է իր մանկավարժական ու լրագրողական գործունեությամբ, իբրեւ ազգային ու հասարակական գործիչ մեծ աշխատանք է կատարել Բեյրութում եւ Մոնտեվիդեոյում:
Մասնագիտությամբ ակնաբույժ Ալեքսան Քեշիշյանը ուսումնասիրություններ է կատարում նաեւ հնագիտության, աշխարհագրության բնագավառներում, բազմաթիվ հրատարակությունների հեղինակ է:
Ինչպես նշված է հանձնախմբից ստացված մամլո հաղորդագրության մեջ, «իրենց կոչումին հավատարիմ այս մրցանակակիրները դեռ շատ բան ունեն իրենց ժողովրդին տալու թե՛ լրագրության, թե՛ իրենց հետաքրքրող բնագավառներում»:
Արդեն 12 տարի հայ մամուլի հանդեպ իրենց ջերմ սերն ու գնահատանքը Հակոբ եւ Մարիա Վարդիվառյաններն արտահայտում են այս մրցանակով: