«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#249, 2006-12-28 | #1, 2007-01-09 | #2, 2007-01-10


ԲԱՐԵՎ ՁԵԶ, ՇԱՎԱՐՇ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ

Ձեզ երեւի կզարմացնի հեռավոր եւ Ձեզ անծանոթ Ումյոտից (Ռուսաստան) իմ գրած նամակը: Հիմա ամեն ինչ կբացատրեմ: Մեր դասարանում անցկացվեց «Ռուսաստան-Հայաստան. հավերժ բարեկամություն» դաս: Ես սպասում էի, որ կխոսվի քաղաքականության մասին. փաստեր, թվեր, մի խոսքով այն, ինչ մենք լսել ենք արդեն հազար անգամ:

Պատկերացրեք իմ, ինչպես նաեւ բոլոր համադասարանցիներիս զարմանքը, երբ մենք լսեցինք. «Շավարշ Կարապետյան, աշխարհի ռեկորդակիր, Եվրոպայի տասներեքակի չեմպիոն, ստորջրյա արագընթաց լողի գծով ԽՍՀՄ յոթակի չեմպիոն...»:

Ա՛յ սա ուրիշ բան է: Չէ՞ որ այդ մարդը Հայաստանի լեգենդն է: Մենք շունչներս պահած նստել էինք: Ժամանակը թռավ մեկ ակնթարթի պես: Եվ ահա այդ դասի տպավորության ներքո Ձեզ նամակ եմ գրում Հայաստան, որտեղ երբեք չեմ եղել: Սրտի թելադրանքով գրում եմ մի մարդու, որին երբեւէ չեմ ճանաչել: Ինչո՞ւ: Որպեսզի հոգեպես մեկ անգամ եւս առնչվեմ ճակատագրով Ձեզ վերապահված եզակի ակնթարթին: Ես Ձեզ հրավիրում եմ Ձեր առասպելական անցյալը: Դուք կյանքում այնքան բան եք արել, որ միանգամից թերեւս չըմբռնեցիք, թե ինչ նկատի ունեմ:

Վերհիշեք ուղեւորներով լի տրոլեյբուսը, որը Երեւանյան լճի բարձր ամբարտակից պոկվելով ընկավ սառը եւ պղտոր ջրի մեջ: Վերհիշեք, թե ինչպես 20 կմ-անոց ամենօրյա վազքն ավարտելու պահին Դուք պատահաբար հայտնվեցիք ողբերգության վայրում: Առանց երկար-բարակ մտածելու Դուք նետվեցիք ջուրը, հանելով երկարատեւ վազքից խոնավացած հագուստը:

Ինչո՞ւ հենց Դո՛ւք արեցիք: Չէ՞ որ ամբարտակի վրա շատ մարդ կար: Դուք առաջինը գնահատեցիք իրավիճակը, ամեն ինչ ըմբռնեցիք: Այո, միայն Դուք կարող էիք սուզվել անհրաժեշտ խորության վրա: Բացի դրանից, Դուք ոչ միայն չեմպիոն էիք, այլեւ Մարդ: Սա է գլխավորը:

Ջրի տակ տեսանելիությունը երեւի վատ էր, գուցե զրոյական: Բայց Դուք կարողացաք գտնել տրոլեյբուսը, ջարդել ապակին եւ մտնել այդ «ընդջրյա Սոդոմի» մեջ: Ես պատկերացնում եմ, թե այնտեղ ինչ կարող էիք տեսնել. մութ, ցնցումից կաթվածահար եղած ստվերներ: Առաջին փրկվածը կին էր, որին անմիջապես նավակ բարձրացրին փրկարարները: Անընդհատ սուզվում էիք ջրի մեջ... Եվ ամեն անգամ երեւի ձգտում էիք հնարավորինս շատ օդ ներշնչել: Ամռան շոգից հետո սառչող քարերի շրջակա աշնանային օդը: Ներշնչում էիք, որպեսզի սուզվեք մարդկային տառապանքների լուռ աշխարհը: Դուք, Շավարշ Վլադիմիրովիչ, փրկում էիք, Ձեզ սեղմում նրանց, ում ոչ մի անգամ ոչ մի տեղ չէիք տեսել եւ չէիք ճանաչում: Օտարների՛ն:

Դուք շարունակում էիք Ձեր հյուծիչ աշխատանքը... Տվյալ պայմաններում Ձեր գործողությունները հնարավորի գագաթնակետն էին:

Տասներեքերորդ փրկվածը...

Նոր սուզումներ...

Տասնհինգերորդը...

Տասնվեցերորդը...

Տասնութերորդ մարդը...

Տասնիններորդը...

Դուք շարունակում էիք սուզվել:

Զարմանում եմ. ինչպիսին էլ լինեին Ձեր թոքերը, դրանք մարդու թոքեր էին, ինչպիսին էլ լիներ սիրտը, դա մարդու սիրտ էր: Չէ՞ որ ամեն ինչ սահման ունի: Նաեւ ստիպված էիք ճոպանները ջրի տակ ամրացնել տրոլեյբուսին, որպեսզի այն ջրի մակերեւույթ բարձրացվի: Այդ պահից սկսվեցին լայնածավալ փրկարարական աշխատանքներ: Դուք Ձեր կարելին էիք արել:

Ուժասպառ լինելով, ապակու կտրվածքներից շատ արյուն կորցնելով` Դուք կորցրիք գիտակցությունը, եւ Ձեզ տարան հիվանդանոց:

Հիշո՞ւմ եք, ամբողջ 45 օր պառկած էիք թոքերի բորբոքման, բարձր ջերմաստիճանի, արյան վարակման վտանգի, հրեշավոր ալերգիայի պատճառով եւ զառանցում էիք:

Հիվանդանոցի մահճակալին պառկած երեւի վերհիշում էիք սեփական հաղթանակների պահերը, մարզական պայքարում նվաճած 130 մեդալները: Բայց ի՞նչ է նույնիսկ 130 մեդալի փայլը մահվան ճիրաններից խլված թեկուզ մեկ մարդկային կյանքի համեմատությամբ:

Չեմ պատկերացնում, թե Ձեզ ինչպես հաջողվեց ամեն ինչ հաղթահարել, լողավազան վերադառնալ եւ արդեն 4 ամիս անց ԽՍՀՄ նոր ռեկորդ եւ աշխարհի ռեկորդ սահմանել: Զմայլված եմ: Խոնարհվում եմ: Երեւի վաղուց արդեն հեռացել եք մեծ սպորտից եւ այլեւս մեդալներ չեք ստանում: Բայց ես ուզում եմ կրկին ասել, որ Ձեր ամենամեծ մրցանակը 20 փրկվածների կյանքն է: Դրանք այն 20 կյանքերն են, որոնք թերեւս դարձել են 200, գուցե եւ 2000: Իսկ ինչու ոչ:

Ես ինչ-որ ժամանակ լսել եմ, որ մեկ մահն անգամ կածան է ամբողջ մարդկային ցեղի մեջ: Իսկ Դուք, Շավարշ Վլադիմիրովիչ, պատահարին թույլ չտվեցիք 20 կածան բացել: Սա է Ձեր սխրանքի գինն ու չափանիշը:

Ես կարծում եմ, մարդը մեկ անգամ է ապրում աշխարհում, բայց շատ տարբեր ձեւերով է օգտագործում իր տարիները: Ձեր նմանների համար դա թռիչք է դեպի մարդկային ոգու բարձրագույն ոլորտներ, այրման եւ ծայրահեղ ինքնանվիրման, ստեղծարար, լարված աշխատանքի ժամանակաշրջան: Ուրիշների (իմ հասակակիցներից շատ-շատերի) համար` բարերում եւ հետնաբակերում ժամանակի աննպատակ եւ անիմաստ վատնում, իրերի հետեւից անվերջանալի վազք, որը վերջին հաշվով հանգեցնում է հոգեւոր կործանման:

Նամակս ավարտելով` ուզում եմ ասել եւս մեկ բան. փրկելով այդ մարդկանց, Դուք օգնում էիք նրանց, ովքեր դա տեսնում էին: Դուք օգնում էիք հասկանալ, թե ինչ կարող է անել նույնիսկ մեկ մարդը: Փրկելով այդ մարդկանց, Դուք արթնացնում էիք անտարբեր մարդկանց խիղճը: Դասի ժամանակ Ձեր մասին արված պատմությունը, կարծում եմ, արթնացրեց իմ համադասարանցիներից շատերի խիղճը:

Ձեզ հրաժեշտ եմ տալիս ոչ մեկընդմիշտ: Ես մտովի կրկին ու կրկին կանդրադառնամ Ձեր սխրանքին, քանի որ անկարող եմ երբեւիցե դա մոռանալ:

Ցտեսություն:

Երկու խոսք իմ մասին: Սովորում եմ Տամբովի մարզի Ումյոտ բնակավայրի միջնակարգ դպրոցի 11-րդ Ա դասարանում: Զբաղվում եմ սպորտով, կոփվում եմ, շատ եմ ուզում լինել մարմնով եւ հոգով ուժեղ: Ուզում եմ պաշտպանել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը:

ԲԱԵՎ ԱԼԵՔՍԱՆԴՐ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4