«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#249, 2006-12-28 | #1, 2007-01-09 | #2, 2007-01-10


ԶԱՎԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ. «ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԻ ՆՎԱՃՈՒՄՆ Է»

Անցած մրցաշրջանում հայ շախմատիստները նոր, ավելի ծանրակշիռ նվաճումների հասան` կրկնապատկելով հայկական շախմատի փառքը: Ուրախալի է, որ մեր բազմավաստակ ու փորձառու գրոսմայստերներից հետ չմնացին նաեւ պատանի շախմատիստներն` աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում տարիքային տարբեր խմբերում արժանանալով մեդալների: Անկասկած, շախմատային տարվա գլխավոր հայտնությունը 17-ամյա Զավեն Անդրեասյանն էր, որը շուտով կհամալրի հայ գրոսմայստերների պատվավոր ընտանիքը:

- Զավեն, անշուշտ 2006 թ. հիշարժան էր քեզ համար: Երեւանում անցկացված մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունում նվաճեցիր չեմպիոնի տիտղոսը, իսկ մինչ այդ էլ մասնակցելով Եվրոպայի պատանեկան առաջնությանը, դարձել էիր մինչեւ 18 տարեկանների մրցաշարի փոխչեմպիոն: Եկ, մի փոքր հետադարձ հայացք գցենք անցած մրցաշրջանում քո մրցելույթներին:

- Իրոք անցած մրցաշրջանն ինձ համար շատ հաջող դասավորվեց, ինչի համար իհարկե անչափ ուրախ եմ: Նախորդ տարի դարձել էի մինչեւ 16 տարեկանների Եվրոպայի չեմպիոն եւ իրավունք էի ստացել առանց ընտրական մրցաշարերի անմիջականորեն մասնակցել աշխարհի եւ Եվրոպայի պատանեկան առաջնություններին: Սկզբում բավական հաջող մրցելույթներ ունեցա Հերցեգ Նովի քաղաքում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում, որտեղ մինչեւ 18 տարեկանների մրցաշարում դարձա փոխչեմպիոն, այնուհետեւ մասնակցեցի Երեւանում կայացած մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությանը: Ինչ խոսք, դա մեծ պատասխանատվություն էր ինձ համար: Խաղս ստացվեց, նվաճեցի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Խոստովանում եմ, դա ինձ համար անակնկալ էր: Անկեղծ ասած չէի սպասում, որ նման մեծ հաջողության կհասնեմ:

- Դատելով մրցաշարի մեկնարկից, իրոք, դժվար էր նման հաջողություն ակնկալել:

- Չէի ասի, թե մեկնարկն անհաջող էր: Պարզապես առաջին վեց տուրերում բարձր վարկանիշ ունեցող շախմատիստների հետ էի խաղում եւ ինձ համար կարեւորը չպարտվելն էր: Առաջատարներից 1-1,5 միավորով էի հետ մնում: Իսկ վերջնագծում գտա խաղս, երեք անընդմեջ հաղթանակ տոնեցի, ինչն էլ վճռորոշ եղավ:

- Ո՞րն էր քո համար ամենավճռորոշ պարտիան:

- Ինձ թվում է Վիտյուգովի հետ նախավերջին տուրի մրցախաղը, որում սեւերով էի խաղում: Այդ պահին մրցակիցս 8,5 միավորով միանձնյա առաջատարն էր, իսկ ես նրանից կես քայլ էի հետ մնում: Մյուս մոտակա հակառակորդներս 7,5 միավոր ունեին: Ինձ հաջողվեց հաղթել եւ միանձնյա գլխավորել աղյուսակը: Չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար ավարտական տուրում, վրաց շախմատիստ Լեւան Պանցուլայայի հետ պարտիայում, որում սպիտակներով էի խաղալու, ինձ բավարարում էր նույնիսկ ոչ-ոքի արդյունքը: Վրացի գրոսմայստերը մրցաշարում իր վարկանիշով 3-րդն էր, շատ ուժեղ շախմատիստ է: Պարտիայում մեծ առավելության հասա, սակայն, քանի որ ոչ-ոքին ինձ ձեռնտու էր, հաշտություն կնքեցի ու արժանացա աշխարհի չեմպիոնի տիտղոսին:

- Երեւանյան մրցաշարի ավարտից մի քանի օր անց Բաթումում մեկնարկեց աշխարհի պատանեկան առաջնությունը: Երեւի թե հոգնածության պատճառո՞վ չմասնակցեցիր մրցաշարին:

- Ոչ, հոգնածությունը կապ չուներ: Եթե նույնիսկ ավելի ուշ կայանար մրցաշարը, միեւնույն է, չէի մասնակցի: Մինչեւ 20 տարեկանների աշխարհի չեմպիոն դառնալուց հետո պարզապես անիմաստ էր մասնակցել մինչեւ 18 տարեկանների առաջնությանը: Դա նույնն է, ինչ որ գրոսմայստեր դառնալուց հետո պայքարես միջազգային վարպետի կոչման համար:

- Ի դեպ, ե՞րբ ես ստանալու շախմատային բարձրագույն տիտղոսը եւ համալրելու հայ գրոսմայստերների ընտանիքը:

- Շուտով: ՖԻԴԵ-ի կոնգրեսը կհաստատի կոչումը, որն ինձ շնորհվել է աշխարհի չեմպիոն դառնալու համար:

- Իմաստուն խաղի նկատմամբ սերը քո մեջ ո՞վ է արթնացրել:

- Տանը շախմատ սիրում էին, բայց մեր ազգում շախմատիստ չի եղել: 1990-ական թվականների այն մութ ու ցուրտ տարիներին պապս երեկոները լամպի լույսի տակ հաճախ էր շախմատ խաղում հարեւանների հետ, ես էլ հետեւում էի նրանց մրցավեճին: Այսպես, շախմատի քայլերը սովորեցի, հրապուրվեցի այդ խաղով: Իսկ 5 տարեկանից արդեն շախմատի դպրոց էի հաճախում: Առաջին մարզիչս Աշխեն Սանոսյանն էր, որի մոտ 1,5 տարի պարապելուց հետո տեղափոխվեցի նրա ամուսնու` Վլադիմիր Հայրապետյանի մոտ:

- Առաջին լուրջ հաջողությանը ե՞րբ ես հասել:

- 7 տարեկանում դարձա Հայաստանի մինչեւ 10 տարեկանների չեմպիոն: Հետագայում հաջողություններս բազմապատկվեցին նաեւ միջազգային մրցասպարեզներում: Եղել եմ նաեւ Եվրոպայի մինչեւ 16 տարեկանների չեմպիոն: Եվրոպայի առաջնություններում երեք անգամ 4-րդ տեղ եմ գրավել` ավարտական տուրում պարտվելով եւ զրկվելով մրցանակակիր դառնալու հնարավորությունից: Եթե ոչ-ոքի խաղայի, ապա կդառնայի մինչեւ 10, 12 եւ 14 տարեկանների Եվրոպայի չեմպիոն: Աշխարհի առաջնություններում էլ 5 անգամ վերջին տուրում անհաջողության եմ մատնվել ու կրկին զրկվել մրցանակներից:

- Ինչո՞վ կբացատրես դա:

- Երեւի թե առավելագույնին հասնելու ձգտմամբ: Յուրաքանչյուր մրցաշարում նպատակ են դնում անպայման հաղթել:

- Տարեվերջին Աստանայում ղազախ շախմատիստ Անվար Իսմագամբետովի հետ մրցախաղը շահեցիր:

- Մրցաշարը շատ բարձր մակարդակով էր կազմակերպված եւ նվիրված էր Ղազախստանի անկախության տարեդարձին: Դա աշխարհի եւ Ղազախստանի հավաքականների յուրօրինակ մրցախաղ էր: Բացի ինձնից, աշխարհի հավաքականում խաղում էին Մայա Չիբուրդանիձեն եւ Շահրիյար Մամեդյարովը: Վերջինիս մրցակիցը Սադվակասովն էր: Մենք մեծ առավելությամբ հաղթեցինք (9-3): Ասեմ, որ մրցակիցս միջազգային վարպետ էր, Ղազախստանի հավաքականի անդամ: Սեւերով առաջին պարտիան ոչ-ոքի ավարտեցի, 2-րդում սպիտակներով հաղթեցի: Արագ շախմատի կանոններով անցկացված մյուս երկու պարտիաներն ավարտեցի ոչ-ոքի:

- Այս տարի ի՞նչ ծրագրեր ունես:

- Արդեն հունվարի 15-ին մեկնարկում է շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնությունը, որում նպատակադրվել եմ պայքարել չեմպիոնի տիտղոսի համար: Այնուհետեւ կմասնակցեմ փետրվարին Մոսկվայում ավանդաբար անցկացվող «Աերոֆլոտի» մրցաշարին, իսկ մարտին հանդես կգամ Փարիզում: Այդ երեք մրցաշարերի արդյունքներից ելնելով էլ կծրագրեմ հետագա մրցելույթներս:

- Շախմատից բացի ինչո՞վ ես հետաքրքրվում:

- Սիրում եմ ֆուտբոլ խաղալ, պարապել մարզասարքերի վրա: Ընթերցանությամբ եմ զբաղվում, երաժշտություն եմ լսում: Անցած տարի ընդունվել էի ֆիզկուլտուրայի ինստիտուտի շախմատի բաժին: Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո ինձ միանգամից տեղափոխեցին 2-րդ կուրս:

- Վերջին տարիներին պատանեկան շախմատում լուրջ հաջողություններ են գրանցվում, առաջընթաց է նկատվում: Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Առաջին հերթին շախմատիստների նկատմամբ մարզաձեւի ֆեդերացիայի ղեկավարության հոգատարությամբ եւ ուշադրությամբ: Եթե մի քանի տարի առաջ ֆեդերացիան կարողանում էր ընդամենը մի քանի պատանու գործուղել աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններ, ապա այժմ մոտ 30 պատանիներ ու աղջիկներ են մասնակցում տարիքային տարբեր խմբերի մրցաշարերին: Բնականաբար, արդյունքի հասնելու հնարավորություններն էլ աճում են, բացի այդ պատանիները մրցակցային զգալի փորձ են ձեռք բերում, ինչը հետագա հաջողությունների հիմքն է: Շախմատիստներին խրախուսելն էլ լրացուցիչ խթան է նրանց համար:

- Իսկ դու աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար վարձատրվո՞ւմ ես:

- Դեռ ոչ, բայց կարծում եմ, շուտով այդ հարցը կլուծվի:

- Շախմատում կուռք ունե՞ս:

- Փոքր տարիքում Ռոբերտ Ֆիշերն ու Պոլ Չարլզ Մորֆին էին, այժմ` Ալեքսանդր Մորոզեւիչը:

- Մարզումների ժամանակ օգտվո՞ւմ ես համակարգչային շախմատային ծրագրերից:

- Առանց համակարգչի ներկայումս հնարավոր չէ լուրջ հաջողությունների հասնել:

- Հայաստանի հավաքականում տեղ զբաղեցնելու համար ներկայումս սուր մրցակցություն է ծավալվել: Ինչպե՞ս ես գնահատում քո հնարավորությունները:

- Դրա համար անհրաժեշտ է դառնալ Հայաստանի մեծահասակների չեմպիոն: Դա իմ առաջիկա նպատակն է:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4