Քրդական շրջանակներում Դիարբեքիրը համարվում է Հյուսիսային, այսինքնՙ Թուրքական Քրդստանի մայրաքաղաքը: Բազմազգ այս քաղաքի «Միջնաբերդ» թաղամասի քաղաքապետարանի խորհուրդն օրերս որոշել է բնակչության 72 տոկոսը քուրդ, 24 տոկոսը թուրք, 1 տոկոսն արաբ եւ 3 տոկոսը հայ ու ասորի այս թաղամասում թուրքերենի կողքին թույլատրել քրդերենի, հայերենի, արաբերենի եւ ասորերենի կիրառությունը: Դրա հետ այցելուներին անգլերենի կողքին սպասարկել նաեւ այս բոլոր լեզուներով:
Հունվարի 5-ին Դիարբեքիրի «Միջնաբերդ» թաղամասի քաղաքապետարանի խորհրդի ընդունած որոշման մասին տեղեկացրել է թուրքական BIA լրատվական գործակալությունըՙ սեփական թղթակցիՙ Նիլուֆեր Զենգինի միջոցով: Համաձայն թղթակցի հաղորդագրությանը, որը Դիարբեքիրում հանդիպել է «Միջնաբերդի» քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշի հետ, քաղաքապետարանի խորհուրդը վերոհիշյալ որոշումն ընդունել է ձայներ 17 կողմ եւ 7 դեմ հարաբերակցությամբ:
Քաղաքապետ Դեմիրբաշը թղթակցուհուն ասել է, որ Դիարբեքիրը եղել է տարբեր քաղաքակրթությունների օրրանը, ներկայումս զբոսաշրջության կենտրոն է: «Թուրքական ավիաուղիները, շարունակել է նա, ուղեւորներին սպասարկում է թուրքերեն եւ անգլերեն, մենք էլ սկսել ենք հանդիսություններին, ինչպես նաեւ երեխաների համար կազմակերպված միջոցառումներին կիրառել ասորերենը, արաբերենը եւ հայերենը: Ժողովրդավարության հիմքը պետք է կազմի մշակութային բազմազանությունը: Մեր նպատակը միմյանց հասկանալն է, այլ ոչ թե մեկ լեզվի գերիշխանությունը մյուսի նկատմամբ հաստատելը»:
Վերջում թղթակցուհին, հաստատելու համար թուրքերենի կողքին քրդերենի, հայերենի, արաբերենի եւ ասորերենի կիրառումը թույլատրելու մասին Դիարբեքիրի «Միջնաբերդ» թաղամասի քաղաքապետարանի ընդունած որոշման իրավասությունը, անդրադառնում է 1923 թ. Լոզանի պայմանագրին: Նա նշում է, որ այդ պայմանագրի 39/4, ինչպես նաեւ 39/5 հոդվածները լեզուների կիրառման առումով որեւէ սահմանափակում չեն նախատեսում Թուրքիայի քաղաքացիների համար:
Հ. Չ.