Միացյալ Նահանգները դեմ է արտահայտվել Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծային մայրուղու նախագծի ֆինանսավորմանը, քանի որ, ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Մեթյու Բրայզայի, ԱՄՆ-ն աջակցում է տարածաշրջանի բոլոր երկրներին միավորող նախագծերին: «Մենք միշտ աջակցել ենք տրանսպորտային կապերի ամրապնդմանն ուղղված նախագծերին: Մենք ջանում ենք զարգացնել այն բոլոր նախագծերը, որոնք միավորում են Արեւելք-Արեւմուտք միջանցքում գտնվող բոլոր երկրներին», նշել է Մեթյու Բրայզան: Ըստ ամերիկացի դիվանագետի, Մ. Նահանգները կցանկանար, որ «Թուրքիան եւ Ադրբեջանը միավորող երկաթգիծն անցներ Հայաստանով»: Բրայզայի մատուցմամբ, այդ դեպքում նախ դա կարտահայտեր Նահանգների քաղաքականությունը, երկրորդՙ արդեն իսկ գոյություն ունեցող երկաթգծով տնտեսապես ավելի հարմար է Թուրքիան եւ Վրաստանը միացնել հենց Հայաստանի տարածքով:
Ամերիկացի դիվանագետն այնուամենայնիվ նշել է, որ Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան ցանկանում են կառուցել նոր գիծը, ապա Մ. Նահանգները չի կարող առարկել, բայց եւ չի աջակցում այդ նախագծին: Բրայզան հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս ի վերջո կիրագործվի այնպիսի մի տրանսպորտային սխեմա, որը կընդգրկի տարածաշրջանի բոլոր երկրները:
Նշենք, որ վրացական կողմն արտգործնախարար Գելա Բեժուաշվիլու հայտարարությամբ, եւս մեկ անգամ ընդգծել է Վրաստանի, Թուքիայի եւ Ադրբեջանի համար Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու նախագծի կարեւորությունը, որպես գլխավոր նպատակ նշելով Կենտրոնական Ասիայից Եվրոպա բեռների փոխադրումը: Բեժուաշվիլին Մ. Նահանգների դիրքորոշումը որակել է որպես այդ երկրի իրավունք այն կտրվածքով, որ ամերիկյան բանկերը չեն ֆինանսավորի այդ նախագիծը:
Ա. Հ.