«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2007-01-09 | #2, 2007-01-10 | #3, 2007-01-11


ԳՆԵՐԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԱՃ ՈՒՆԵՑԵԼ ԵՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ

Այս տարվա դեկտեմբերին պարենային ապրանքների գները նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ աճել են 7,3 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից: Եթե նկատի ունենանք, որ այս տարվա դեկտեմբերին սպառողական գներն աճել են 5,2 տոկոսով, ապա պարզ է, որ պարենային ապրանքների գնաճն ավելի բարձր է եղել ընդհանուր գնաճի ցուցանիշից: 2006 թ.-ի նոյեմբեր ամսվա համեմատ դեկտեմբերին պարենային ապրանքների գներն աճել են 3,4 տոկոսով:

Պարենային ապրանքներից դեկտեմբերին նոյեմբեր ամսվա համեմատ առավել աճել են բանջարեղենի եւ կարտոֆիլի գներըՙ 23,7 տոկոս: Իսկ, օրինակՙ 2005 թ.-ի դեկտեմբերի համեմատ բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբի ապրանքների գներն աճել են գրեթե 38 տոկոսով: Մասնավորապես վարունգի, գազարի, սխտորի, կաղամբի, սեղանի ճակնդեղի, պոմիդորի եւ կարտոֆիլի գներն աճել են 22,7-70 տոկոսի շրջակայքում:

Մրգերի գների աճն 2006 թ.-ի դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ նույնպես զգալի է եղելՙ 29,5 տոկոս: Տանձի գինն աճել է 41 տոկոսով, խնձորինըՙ 25 տոկոսով, մանդարինինըՙ 18 տոկոսով, բանանինըՙ 3,6 տոկոսով եւ այլն: Նոյեմբերի համեմատ սակայն դեկտեմբերին արձանագրվել է մրգերի գների ավելի ցածր աճՙ 15,8 տոկոս, որը հիմնականում տանձի, խաղողի, արքայանարնջի եւ դեղձի բարձր գնաճի հետեւանք է: Իսկ մանդարինի, նարնջի եւ կիտրոնի գները դեկտեմբերին նոյեմբերի համեմատ անգամ նվազել են:

Պարենային մյուս ապրանքներից անցյալ տարվա դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ ձկնամթերքը թանկացել է 10 տոկոսով, մսամթերքըՙ 1,2 տոկոսով, կենդանական եւ բուսական յուղերը, հրուշակեղենը, հացամթերքը, կաթնամթերքը, սուրճը, թեյը, կակաոնՙ 0,1-0,9 տոկոսով, ոգելից խմիչքը եւ ծխախոտըՙ 0,1 տոկոսով: Ձվի գինն աճել է 5,1 տոկոսով նոյեմբերի համեմատ, 2005 թ.-ի դեկտեմբերի համեմատՙ 13,3 տոկոսով:

Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքներին, ապա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ փոքրիկՙ 0,6 տոկոս գնանկում է գրանցվել: Դա պայմանավորված է հիմնականում բենզինի եւ դիզվառելիքի գնանկմամբՙ 4,7 եւ 1,8 տոկոսով: Անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ բենզինի գինն իջել է 10,6 տոկոսով, իսկ դիզվառելիքինն աճել 1,7 տոկոսով:

Մի շարք այլ ոչ պարենային ապրանքներիՙ կենցաղային էլեկտրասարքերի, կահույքի, կոշկեղենի, տեքստիլի, ոսկերչական իրերի գները դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ նվազել են 0,4-0,1 տոկոսով, իսկ շինանյութերի, դեղամիջոցների, գեղահարդարման ապրանքների, լվացող միջոցների գներն աճել են 0,1-2,5 տոկոսով: Մայրաքաղաքում գրանցվել է ոչ պարենային ապրանքների գների 0,5 տոկոս անկում:

Ծառայությունների սակագները 2006 թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ աճել են 0,2 տոկոսով, ինչը պայմանավորված է հանգստի կազմակերպման, բուժսպասարկման, տրանսպորտի, մշակույթի ոլորտի սակագների աճով: Իսկ բնակարանային, կոմունալ, կապի, կրթության համակարգի, հանրային սննդի, իրավական եւ բանկային ծառայությունների սակագները մնացել են անփոփոխ: Այդուհանդերձ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ծառայությունների սակագները 2006 թ.-ի դեկտեմբերին աճել են 5,3 տոկոսով:

Փաստորեն, եթե դիտարկենք անցյալ տարվա դեկտեմբերին արձանագրված գնաճը նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ եւ ըստ առաջին ապրանքախմբերի, ապա ամենամեծ աճ ունեցել են պարենային ապրանքները: Այնուհետեւ գալիս են ծառայությունները, ապաՙ ոչ պարենային ապրանքները:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4