«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2007-01-09 | #2, 2007-01-10 | #3, 2007-01-11


ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՄԹԵՐՔԸ

Հետտոնական պարտադիր հիասթափություններ

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ամանորի ամեն տոնից առաջ մեր գործարարները շարունակում են զարմացնել իրենց «մասնագիտական» մտահնար ունակություններով: Մենք արդեն սովորել ենք, որ տոնի նախընթաց շաբաթներին բոլոր սննդատեսակները պիտի թանկանան, եւ շատ կզարմանանք, եթե մի տարի գոնե լինի այնպես, ինչպես է ողջ քաղաքակիրթ աշխարհում: Բառացիորեն շուկան լցվում է գործողության ժամկետները սպառած, անորակ սննդամթերքով, ալկոհոլային խմիչքներով ու հյութերով: Մեր տանն, օրինակ, Ամանորի գիշերվա շամպայնը այդպես էլ չհաջողվեց ճիշտ ժամը 12-ին բացել, ինչպես վարվում էինք սովորաբար: Շամպայնը բացելու համար քիչ մնաց աքցան (գործիք, որ պետք է գալիս նաեւ նման դեպքերում) օգտագործենք: Հետո ծանոթներից իմացանք, որ շատերի հետ է նման բան պատահել Նոր տարվա գիշերը: Էժան գների համար գրեթե բարեգործ վաճառակետի համբավով, Տիգրան Մեծի պողոտայում տեղավորված մի վաճառակետում էլ բուսական յուղ ընտրելու իմ երկմտանքին վաճառողուհին քմծիծաղով արձագանքեց. «Բոլորի մեջ էլ նույն ձեթերն են լցված, պիտակներն են տարբեր»:

Իսկ Մխիթար Հերացու փողոցից գնած շաքարավազից փորլուծ ընկած բնակիչների մասին արդեն ասել ենք: Դրա փորձաքննության արդյունքները առաջիկայում կներկայացնենք:

Իսկ ինչքան ժամկետանց բոնբոներկաներ սրբվեցին խանութներից, որոնք ամանորյա փոխադարձ այցելությունների պարտադիր մասնակիցն են դարձել ավանդաբար:

Մի խոսքով, խնդիրը նոր չէ, եւ ամեն ոք տասնյակ նման օրինակներ կարող է բերել: Այդ օրերին գարաժներում ու նկուղներում կասկածելի պայմաններում արտադրվող, համեմատաբար էժան մթերքի զոհը բազմաթիվ դյուրահավատ եւ միամիտ գնորդներ դարձան:

Նման պայմաններում, նկատի առնելով մեր գործարարների ամանորյա մենթալիտետը, պարզագույն տրամաբանության համաձայն, պիտի որ խստացվեր շուկա մտնող մթերքի հսկողությունը: Թվում է, հակառակ կարծիք լինել չի կարող, բայց ամեն տարի, ամեն Ամանորից հետո եւ առաջ խոսվում է այս մասին, սակայն ոչ մի վճռական քայլ չի արվում: Ավելին, օրենքն այնպիսին է, որ հարկադրում է, որ հենց այդպես լինի: Որակի պետական տեսչությունը լիազորված է վերահսկելու միայն տեխնիկական կանոնակարգերով սահմանված մթերքի անվտանգության ցուցանիշները:

Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքի համաձայն, ժամկետանց ապրանքների ստուգման իրավունքը վերապահված է տեղական ինքնակառավարման մարմիններին: Նրանք պարտավոր են ստուգումներ անցկացնել եւ վարչական օրենսգրքով սահմանված տուգանքներ գանձել օրինախախտներից: Նախատոնական օրերին Երեւանի 12 համայնքների համապատասխան բաժիններից եւ ոչ մեկը նման նախաձեռնությամբ հանդես չեկավ: Եթե ինչ-որ բան էլ արել են, ապա միայն ձեւական մակարդակում, այլապես գոնե մեկը կհայտարարեր ժամկետանց որեւէ մթերքի իր` սեփական «հայտնագործության» (ինչն այնքան հաճախ վիճակված է անել սպառողներիս) եւ պատժամիջոցներ կիրառելու մասին:

Եվ ընդհանրապես, ժամկետանց մթերքների վերահսկողությունը թաղապետարանների վրա դնելը հատկապես ծիծաղելի է, երբ նկատի ենք առնում այդ օրենքի ճակատագիրը մարզերում: Այստեղի մանր ու միջին ներկրողներն ու գործարարները սովորաբար հենց իրենք են` տեղական իշխանությունը ներկայացնող անձինք կամ նրանց հովանավորությամբ բիզնեսի իրավունք ստացածները: Գառը գայլին պահ տալու նման բան է. դե թող պայքարեն իրենք իրենց դեմ, նման բան երբեւէ լսվե՞լ է օրենքի կյանքի իրավունք ստանալուց ի վեր:

Առեւտրի նորմալ մակարդակի հասնելու համար տեղական իշխանավորներին ու նրանց հոգեբանությունը փոխելն անորոշ ժամանակի խնդիր է, ինչքան էլ ընդդիմության նման անընդհատ խոսենք այդ մասին, բերաններս չի քաղցրանա:

Նվազագույնը կամ հնարավորը օրենքի ձեւափոխումն է, որ բարդ խնդիր չէ արտաքուստ: Բարդը նման կարգի խնդիրներ լուծելու մեր գործարար պատգամավորների ցանկության իսպառ բացակայությունն է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4