Ողջակիզման օրը Անգլիայում
Ավանդական դարձած Ողջակիզման հիշատակի օրվա հանդիսություններն այս տարի Մեծ Բրիտանիայում տեղի են ունենալու հունվարի 27-ին: Այդ առթիվ Լոնդոնում տեղակայված Կոմիտաս ինստիտուտը (տնօրեն Արա Սարաֆյան) հունվարի 2-ին իր կենտրոնատեղի «Կարոտ տանը» հատուկ միջոցառում է կազմակերպել, որի ընթացքում հանրությանն է ներկայացրել Եղեռնից մազապուրծ Վահագն Տատրյանի Առաջին աշխարհամարտից հետո գրած երկու` «Լքված սեր» եւ «Դեպի անապատ: Էջեր իմ օրագրից» գրքերը, որոնք անգլերեն են թարգմանվել համապատասխանաբար Արա Մելքոնյանի եւ Հակոբ Խաչիկյանի կողմից: Երկու գրքերի խմբագիրն ու առաջաբանի հեղինակն է Արա Սարաֆյանը:
Տատրյանը, ըստ ստացված հաղորդագրության, 15 տարեկան է եղել, երբ ընտանիքը տեղահանվել է Չորումից եւ հանգրվանել Չերեշ ավանում (Հորդանանում): 1915-19 թթ. նա օրագիր է պահել, որտեղ գրառել է իր տեսածն ու լսածը: «Դեպի անապատ» գիրքը առաջին անգամ անգլերեն է թարգմանվել 2003-ին, իսկ «Լքված սերը»` անցյալ տարի: Վերջինս գեղարվեստական վեպ է, հիմնված իրական փաստերի եւ վկայությունների վրա:
Գրքերը լույս են տեսել «Թադերոն» հրատարակչատնից: «Դեպի անապատը» 408 էջ է, իսկ «Լքված սերը»` 326 էջ: Երկու գրքերն էլ պարունակում են քարտեզներ եւ արժեն 20 դոլար (յուրաքանչյուրը): Ավելացնենք, որ անցյալ տարի Կոմիտաս ինստիտուտը Ողջակիզման օրվան մասնակցել էր համահովանավորելով ցեղասպանության մասին երկու մրցանակակիր ֆիլմերի թողարկումը «Ռիվըրսայդ» ստուդիայում:
Հ. Ծ.