«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2007-01-09 | #2, 2007-01-10 | #3, 2007-01-11


ՊԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐ

Նոր տարվա գիշերվա հեքիաթը վաղուց ցնդել-անէացել է մեր մանկության մշուշի միջից: Երկրային ժամանակի մեր ստեղծած պայմանականությունների զոհն ու հերոսն ենք վաղուց: Եվ ամեն անգամ 365 կամ 366 օր ապրելուց հետո միմյանց դուռն ենք թակումՙ շնորհավորանքի խոսքերի տակ պահած թաքուն հույսՙ երանելի մի կյանքի: Հույսի ու սպասումի գինու գավաթների զրնգոցներում մեզանից ամենավհատն էլ լավատեսական մի զարդարուն օղակ է կախում կենաց ծառից, որ մեր տներում եղեւնու կերպարանք է առնում: Այդ հույսը, իրականում Նոր տարվա խորհուրդը Հիսուս Քրիստոսի փրկչագործության վերահայտնությունն է մեր ննջող, թմրող գիտակցության մեջ եւ այդ Նոր տարի կոչվածը ժամանակի սոսկ թվային փոփոխություն չէ, օրացուցային մի թերթիկի վար իջեցում: Սա հիշեցում է այն մեծ ավետիսի, որը առ մարդն ունեցած Աստծո սիրո եւ ողորմության առհավատչյան է, երբ մեղքի անհուսության մեջ ընկղմված մարդկային աշխարհ իջավ աստվածային Լույսը: Մարմնացյալ Աստված ցուցանելու եկավ փրկության, հավերժական կյանքի մեծ ճանապարհը: Ցավոք, Նոր տարին մենք վերածում ենք սեղանային ժամանցիՙ կերուխումից գինարբուքի հասցնում, իսկ մինչ այդ մեր բնակավայր-քաղաքը ճռնչացնում-տնքացնում առք ու վաճառքի անզուսպ մոլուցքից, որտեղ խաբվում ու խաբում ենք բոլորս, տանուլ տալիս ու շահում ու լի սեղանների շուրջ մոռանում մեր կյանքի բուն խորհրդի ու բերկրանքի մասին: Թմրած օրերի հոգնությունը թոթափելու անհրաժեշտությունը մղում է դարձյալ կյանքի ամենօրյա հունը, որի մեջ փորձում ես ոչ միայն մխիթարություն, այլեւ իմաստ դնել:

Խմբագրության նույն առօրյայի մեջՙ ցուրտ միջանցքներում նախընթաց օրերի ամլության թափառող զգացողությունները փարատել ես ուզում հեռախոսազանգի մի լավ անակնկալով կամ խոսքի գինը հարգող մարդու մի ժպիտով, իսկ տրամադրությունդ կարող է փոխել «Ազգի» խմբագրի սեղանի բազմակուտակումների վրայի շնորհավորական բացիկների ծավալուն փաթեթը: Տոնական բացիկներ. օրացույցներ. հուշանվերներ, որ ավանդաբար ստանում է խմբագրությունը եւ ավանդաբար շնորհակալական եւ փոխադարձ բարեմաղթանքի անդրադարձ անում: Շնորհավորագրերի ընդունված կանոններից դուրս, հետաքրքրություն առաջացնողը դրանց բազմազանությունն է ու ինչպես եւ բնական է, առավել ինքնատիպն ու գեղեցիկը տրամադրություն եւ անգամ խոհ կարող է ծնել: Ահավասիկ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի կողմից ուղարկված բացիկըՙ դարչնաբույր ու խաչը դարչնապատ, նմանապես «Ազգին» նվիրած հոգեւոր բովանդակությամբ օրացույցը եւ թեմի 23 եկեղեցիների բացիկների արտակարգ հավաքածուն, որին (եւ մեզ նվիրված մնացած օրացույցներին) կանդրադառնանք առանձին: Ուշարժան է «Զատիկ» մանկատան երեխաների պատրաստած նրբագեղ ու ճաշակավոր ձեռքի աշխատանքը (բացիկները ուղարկել են սոցապ նախարարը եւ «Վէմ» ռադիոկայանը): Յուրօրինակ ոճավորված եւ ակնահաճո են «Հայէկոնոմբանկի», «Լինդա» ՍՊԸ-ի բացիկները, Իսկ ամենաանսպասելին Հ1-ինն է, որն իր, այսպես ասած, խորհրդանշան-այցեքարտի համար ոչ ավել, ոչ պակաս հարմար էր գտել դարձնել Լուսինե Թովմասյանի ժպտուն լուսանկարը... Այսպես շարունակելիս ուշադրությունը հատկապես դառնում է հայկական տպագրություններին ու ձեւավորումներին, դրանց տարեցտարի նկատելի առավելություններինՙ զանազանության ու ճաշակի առումով:

Մեր փոխադարձ բարեմաղթանքներն ենք հղում «Ազգին» շնորհավորող բոլոր կազմակերպություններին, պաշտոնատար անձանց, անհատներին, ընդունված պաշտոնական եւ ոչ պաշտոնական ջերմությամբ. մաղթանքների մեջ եւ ամենից էականը կարծում ենք, մեր օրերի համար ամենից թանկն ու փնտրելինՙ հայացքն է ներանձնային եւ խմբակային շահերից դուրս դեպի կյանքն առհասարակ եւ այն երկիրը, որտեղ պարտադրված ենք կամ կոչված ենք ապրելու մեր երկրային թանկ ժամանակը:

***

Իսկ մեզ շնորհավորողները բազում ենՙ

Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետ, Համաշխարհային հայկական կոնգրես, Զարգացման հայկական բանկ, Իրանի դեսպանատուն, Հայաստանում Կորեայի Հանրապետության պատվո հյուպատոս, Հայ օգնության ֆոնդ, ՀՀ սոցապահովագրության պետական հիմնադրամ, Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ, Երեւանի կոնյակի գործարան, Արարատյան հայրապետական թեմ, ՌԱԿ կենտրոնական վաչություն, Կոտայքի մարզպետարան, ՀՀ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողով, Սոցապնախարարություն, Գերմանիայի դեսպանատուն, Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակ, Կրթության զարգացման ակադեմիա, «Շանթ» հեռուստաընկերություն, «Հայաստան» համահայկական հիմնադրամ, ԱՄՆ դեսպանատուն, Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիա, Քանաքեռ-Զեյթուն համայնքապետ, Ֆինանսական վերահսկողության վարչություն, Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտ, «Շողակաթ» հեռուստաընկերություն, Գեղարվեստի պետակադեմիա, Մամուլի եւ տեղեկատվության վարչություն, ՀՀ սոցապահովագրության պետական հիմնադրամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերություն, Արդշինբանկ, Թեքեյան մշակութային միություն, Մայր աթոռ Սբ. Էջմիածնի կաթողիկոսարան, «Պրես-Ատտաշե» ՍՊԸ, Հանրային ռադիո, Հ1 հեռուստաընկերություն, VIVA-Cell, Կենտրոնական բանկ, ՀՅԴ, Կարմիր խաչ, Europcar, ՀԲԸՄ, Հայաստանի Ամերիկյան համալսարան, «Վէմ» ռադիոկայան, ՀՀ ռազմական ոստիկանություն, «Լինդա» ՍՊԸ, «Նարեկացի արվեստի միություն», ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյան, Հայէկոնոմբանկ, Երեւանի քաղաքապետարան, Coca-Cola ընկերություն, Sil Group, «Հայմամուլ» ՓԲԸ, Սիրիայի դեսպանատուն, Շվեյցարիայի հայոց հոգեւոր հովիվ Աբել քհն. Մանուկյան, Մոսկվայից «Ազգի» նախկին աշխատակցուհի Լիլիթ Գրիգորյանը եւ ամուսինը, «Վան-Վասպուրական», Հ/Կ, նաեւ էլեկտրոնային փոստովՙ Դավիթ Շահնազարյան, Հայկական բժշկական ասոցիացիա, Հակոբ Ասատրյան (Պրահա), Արեգ Յափուդջյան (Ավստրալիա)... շնորհավորագրերը շարունակվում են:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4