Ալեքսան Կիրակոսյանին ես վաղուց էի ճանաչում, դեռեւս այն ժամանակից, երբ նա Կուսկենտկոմի կուսակցական մարմինների բաժնի պատասխանատուն էր: Մի ամռան, օգտվելով իր հրավերից, միասին գնացինք Ստեփանավան, իր մեքենայով: Իմ ընտանիքն այնտեղ էր գտնվում, Երեւանի տապից փրկվելու նպատակով:
Ամբողջ ճանապարհի ընթացքում մեր զրույցը պտտվեց գրականության եւ արվեստի շուրջ: Ինձ համար խիստ անսպասելի էր: «Անսպասելի» եմ ասում, որովհետեւ ես այդ մարդուն, անշուշտ, տեսել էի, բայց չէի ճանաչում եւ դատում էի միայն նրա արտաքինից, որը ինձ վրա լուրջ մտավորականի տպավորություն չէր թողել:
- Համաշխարհային դրամատուրգիայի մեջ ես շեքսպիրյան տիպերի կողքին կդնեի Ուրիել Ակոստային: Վերջերս Ակոստայի դերում տեսա Վահրամ Փափազյանին եւ, ինչպես միշտ, զմայլվեցի նրա խաղով,- իր միտքը շարունակում էր Կիրակոսյանը: - Բայց պիտի շեշտեմ մի առանձնահատկություն: Շեքսպիրի կերտած բնավորությունների մեջ առկա է միայն մարդկային հավիտենականըՙ վեհը կամ ստորը: Անհնարին է հստակ ասել, թե որն է այդ տիպերի ազգային նկարագիրը: Այն, որ երբեմն նշվում է գործողության վայրը, կամ հիշատակվում այս կամ այն իշխանավորական մարմինը, դա բնավ չի նշանակում, թե Համլետը դանիացի էր, կամ էլ Դեզդեմոնան ու Յագոն վենետիկցի: Այդ տիպերը համամարդկային են, իրենց մարդկային փոթորկուն կրքերով հանդերձ: Բայց Ուրիել Ակոստայի մեջ զարմանալիորեն շաղկապվում են համամարդկայինն ու ազգայինը: Դու տեսնում ես շեքսպիրյան մի նկարագիր, որը զոհ է գնում ոչ այնքան մարդկային կրքերի հանդիպակաց բախմանը, որքան իրՙ հրեա ազգին պատկանելու համար...
Ես լսում էի այդ յուրատեսակ դասախոսությունը եւ զարմացել էի: Այլեւս ինձ համար կարեւոր չէր իր վերլուծության իրավացիությունը: Զարմացել էի, լսելով «Ուրիել Ակոստա»: Շեքսպիրի մասին գիտեն մեր բոլոր դպրոցականները: Շատերը տեսել են ներկայացումներ հենց Երեւանում: Բայց «Ուրիել Ակոստան» անհայտ էր լայն հասարակայնությանը: Այս մարդը խոսում էր Կարլ Գուցկովի թատերախաղի մասին: Ինքս էլ Կարլ Գուցկովին եւ նրա մասին կարդացել էի իմ համալսարանական կրթության որոշակի ուղղվածության շնորհիվ: Նայում էի, լոռեցին պիտի ասերՙ «պել կտրած» նրա դեմքին եւ զգում, որ նախնական տպավորությունս աստիճանաբար շրջվում է 180 աստիճանով:
Համատեղ աշխատանքի բերումով հաճախ հանդիպում էինք, մտքեր փոխանակում: Ես առիթ էի ունեցել Ա. Կիրակոսյանին հայտնելու, թե աշխատում եմ «Արշակ Չոպանյան» գրքի վրա: Պահանջեց, որ ավարտելուն պես ձեռագիրը իրեն տամ: 1970-ի սկզբներին արդեն մեքենագրված վիճակում հանձնեցի իրեն: Ի դեպ, Ա. Կիրակոսյանը եւ Վազգեն Ա կաթողիկոսն առաջինն էին, որոնց հանձնեցի մեքենագիր տեքստի օրինակները: Ճիշտ նույն օրերին ինձ փոխադրում էին Հայկոմկուսի Կենտկոմի աշխատակազմ:
Կիրակոսյանը կարդացել էր: Հանդիպեցինք: Գնահատականը բարձր էր: Ասաց.
- Հիմա դու նորից Կենտկոմ ես գնում: Չգիտեմ, դրանով մենք ինչ ենք շահում եւ ինչ ենք կորցնում:
- Ալեքսան Մատվեեւիչ: Ամեն պարագայում պիտի ջանամ գիտական պրպտումներս չդադարեցնել:
- Տա Աստված,- յուրովի օրհնեց նա:
Հետագայում շատ եւ շատ անգամներ գլուխ գլխի զրուցել ենք: 1977-ի ամռանը միասին երկարատեւ ուղեւորության էինք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հանդիպումներ ունեցել ենք մշակութային թե պետական կուսակցական ձեռնարկումների պահերին, տեսնվել ենք թե իր, թե իմ տանը, եւ անընդհատ ավելի ու ավելի խորն եմ համոզվել Ալեքսանի մտավորական պաշարի հարստության մեջ: Եվ դարձյալ զարմանում էի, որ որեւէ խնդիր, հասարակական գիտությունների, թե գրականության ու արվեստի որեւէ նյութ շոշափելիս միշտ հմտորեն զուգակցում էր այդ առարկայի էությունը ազգային ուղղվածության հետ:
Քանի քանի անգամներ նրանից ուղղակի լսել եմ.
- Ազգայինը շեշտեցեք:
- Ազգայինը մի մոռացեք:
- Եթե ազգային նպատակներ չի հետապնդում քո այդ կուսակցական ձեռնարկումը, քանի՞ կոպեկ դա արժե:
1977-ի ամռանը Լոս Անջելեսում ընդունելություն կազմակերպվեց ի պատիվ Խորհրդային Հայաստանի պատվիրակության, որը Ալեքսան Կիրակոսյանի գլխավորությամբ (պատվիրակության անդամը միայն ես էի) ժամանել էր այդ քաղաքում Համաշխարհային ցուցահանդեսին մասնակցող ԽՍՀՄ տաղավարի կազմում Հայաստանի օրերին: Հրավիրվածների թվում կային նշանավոր դեմքերՙ գրող Սուրմելյանը, բեմադրիչ Մամուլյանը, նահանգի գլխավոր դատախազ Դոքմեջյանը (որը հետագայում դարձավ նահանգապետ) եւ ուրիշներ: Արարողապետ Արշակ Տիգրանյանը, որը քաղաքում լայնորեն հայտնի մարդ էր, իր միջոցներով հայկական դպրոց էր բացել եւ շարունակում էր հոգ տանել, մի բարի ու ժպտերես ծերունի, բացեց ընդունելությունը: Նախ շնորհակալությամբ տվեց այն մարդկանց անունները, որոնց ծախսով տեղի էր ունենում տվյալ հավաքը, ապա շարունակեց.
- Մի անգամ մոլլա Նասրեդինը... - եւ սկսեց պատմել նշանավոր մոլլայի կյանքի ծիծաղաշարժ դրվագը: Ոչ մի խոսք այն մասին, թե եկել է Հայաստանի առաջին փոխվարչապետը, թե հենց այդ առիթով են հավաքվել հարգարժան հյուրերը: Դրանով ավարտեց իր խոսքը: Կողքիս նստած Կիրակոսյանը ականջիս փսփսաց.
- Հիմա ես սրա պորտը տեղը չդնե՞մ: Երեւի կարծում է, թե մենք մի փոր հացի ենք եկել:
Հանգստացրի, թե միգուցե այդ է իրենց ոճն ու կարգը:
Երբ հերթը եկավ իրեն, խոսեց շատ հետաքրքիր ու պատկերավոր: Պատմեց Եղեռնից մազապուրծ իր որբ մանկությունը, խոսեց Հայաստանի ներկայի եւ գալիք ծրագրերի մասին: Նա Խորհրդային Հայաստանի տնտեսության ամենաքաջատեղյակ մարդկանցից մեկն էր: Բայց ոչ մի թիվ ու վիճակագրություն չէր բերում: Ամբողջը համեմատական պատկերների ձեւով էր մատուցում. իր որբ մանկությունըՙ Հայաստանի որբությունն էր, իր հասակ առնելը եւ աշխատանքին լծվելը Հայաստանի առնականությունն էր եւ կառուցապատումը, որբությունից մինչեւ Հայաստանի առաջին փոխվարչապետությունը, Հայաստանի անցման նկարագրությունն էր զրոյից մինչեւ ժամանակակից քաղաքակրթության բարձունքները: Վերջում, այնուամենայնիվ, հիշեց արարողապետին, առանց նրա անունը տալու.
- Մենք էլ երկար ժամանակ մոլլա Նասրեդինի պատմություններն էինք անում, թատրոններում Արշին-մալալա էինք խաղում կամ սեղանների մոտ նրա երգերը երգում: Հիմա արդեն վաղուց դա մեր հիշողության թանգարանին ենք հանձնել: Մեր հավաքույթներում հիմա խոսում ենք մեր ազգային ավանդույթներից, պատմում ենք մեր ազգային ժառանգության կատակները, երգում ենք մեր ազգային երգերը: Ես կարծում եմ, որ հայության ապագան Հայաստանում թե սփյուռքում, իր ազգային նկարագիրը հաստատելու եւ ամրապնդելու մեջ է:
Նույն ամերիկյան ճանապարհորդության ժամանակ ինձ համար հայտնագործեցի նաեւ Ա. Կիրակոսյանի բնավորության մի գիծ եւսՙ համառությունը:
Չիկագոյում մեր հյուրընկալն էր բժիշկ Համբարձում Քելեկյանը: Սա ճիշտ նույն բժիշկն էր, որի մասին սենատոր Դոուլը (հետագայում Քլինթոնի մրցակիցը նախագահական ընտրություններում) երկրաշարժից հետո Երեւանում գտնվելով, մի ընթրիքի սեղանի շուրջ պատմեցՙ թե ինքը պատերազմում վիրավորվել է եւ իր փրկիչը հայ բժիշկ Քելեկյանն է եղել:
Բժիշկը հայ գրականության եւ հատկապես բանաստեղծության մի կատարյալ հանրագիտարան էր: Ամբողջ երկար կտորներ էր արտասանում: Սքանչելի գրադարան ուներ իր առանձնատան նկուղային հարկում, որից մի անգլերեն գիրք էլ ինձ նվիրեց: Ինչպես նաեւ մի շարք կարեւոր բառարաններՙ Ա. Կիրակոսյանին եւ ինձ:
Երբ նոր էինք ծանոթացել, բժիշկը հանեց դրամապանակը, դոլարներ դուրս քաշեց եւ այն է ձեռքը մեկնում էր դեպի մեզ, երբ Ա. Կիրակոսյանը կարմրատակեց, դաժան ձայնով ասաց.
- Տեղը դիր:
- Բայց դուք կարիք կունենաք, ես գիտեմ, որ ձեր երկրեն...
- Ասացիՙ տեղը դիր,- նրա խոսքը ընդմիջեց Կիրակոսյանը եւ իր ափով ետ հրեց մեզ երկարած ձեռքը:
Հաջորդ օրը պիտի մեկնեինք Նյու Յորք: Քելեկյանի հետ մտանք ավիատոմսարկղ:
- Առաջին կլաս կառնես,- առարկություն չհանդուրժող ոճով ասաց Կիրակոսյանը:
- Այ Ալեքսան, ես ատ չեմ հասկնար, ընդամենը մեկուկես ժամու ճանապարհ է, իսկ տարբերությունըՙ երկու տոմսի համար շուրջ 300 դոլար: Ինչո՞ւ հովին տալ այդ գումարը:
- Առաջին կլաս կառնես,- արդեն գրեթե հրամայեց Կիրակոսյանը:
- Եկեք սա ավելցուկը ձեզի տամ: Կուզե՞ք, նույնիսկ շատ ավելին, բայց ինչո՞ւ հովին...
- Ասացի, առաջին կլաս կառնես:
Բժիշկը գնեց առաջին կարգի տոմսակներ: Մեկուկես ժամ նստեցինք օդանավի քթամասում եւ, կարծեմ, մի երկու բաժակ էլ ալկոհոլ խմեցինք:
***
Ալեքսան Կիրակոսյանը մտավորականության պահապան հրեշտակն էր:
Բազմիցս տեսել եմ նրան գրողներով շրջապատված: Իր մոտ բարեկամներն էին Համո Սահյանը, Վահագն Դավթյանը: Թերեւս միայն Կիրակոսյանն էր կարողանում լուծել մեր մտավորականության կեցության հետ կապված կարեւորագույն հարցերը, ինչպես, օրինակ, բնակարան հատկացնելու հարցը: Ես, որ բարձրագույն կուսակցական դիրքերից մեկն էի գրավում, ինքս լուծել այդպիսի խնդիր չէի կարող, անհրաժեշտության պարագայում դիմում էի Կիրակոսյանին:
Մեր հանդիպումները շարունակվում էին նաեւ հետագայում, երբ երկուսս էլ «շրջագծից դուրս» էինք այլեւս: Մեր զրույցները վերջին շրջանում մի հիմնական նյութ ունեինՙ կացությունը Հայաստանի անկախությունը հռչակելուց հետո:
- Գիտես, թե ես որքան շեշտել եմ ազգային ուղղության անհրաժեշտությունը: - Մի անգամ ասաց նա:
- Ես ողջունում եմ ազգային անկախությունը: Դա դարավոր երազանք էր: Բայց ես չեմ կարող ըմբռնել, թե ազգային կարգախոսներով իշխանության եկած ուժը ինչպես կարող է ավերակների վերածել մեր ազգային տնտեսությունը, բարձիթողի մատնել մեր գիտությունը, մշակույթը: Հայաստանը մեր աչքերի առջեւ պարպվում, դատարկվում է: Դա, եթե կուզես, հակազգային է իր արդյունքի մեջ, ռումբ էՙ դրված հենց ազգային անկախության տակ: Խիստ անհանգիստ եմ: Այսպես շարունակվելու դեպքում, կմնան միայն ազգային կարգախոսները, իսկ այդ շապիկի մեջ այլեւս չի մնա ազգային մարմինը: Մի բան պետք է անել: Եկ միասին մի գործ գրենք, գուցե դրանով օգնենք ղեկավարներին: Իսկ եթե ոչՙ գեթ պատմության հետագա ընթացքում մարդիկ չեն ասի, թե հասկացող չի եղել:
Ափսոսում եմ, որ մեր ընդհանուր անհանգստությունը այդպես էլ չարտահայտեցինք համատեղ աշխատությամբ:
ԿԱՐԼԵՆ ԴԱԼԼԱՔՅԱՆ, «Հուշապատումՙ դեմքեր, իրողություններ, մտորումներ» հատորիցՙ հատվածաբար