Նիկոլայ Ղազարյանը նշում է իր 60-ամյա հոբելյանը
Բոլորովին վերջերս նշվեց 1970-ական թվականների «Արարատի» անփոփոխ ավագ Հովհաննես Զանազանյանի 60-ամյա հոբելյանը: Եվ ահա այսօր նմանատիպ հոբելյանի առթիվ ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ կընդունի նաեւ հայկական ֆուտբոլի մեկ այլ «աստղ»ՙ «Արարատի» ձախ եզրային հարձակվող Նիկոլայ Ղազարյանը:
Նա մեր այն հազվագյուտ ֆուտբոլիստներից էր, որն աչքի էր ընկնում իր արագաշարժությամբ: 1970-ականների «Արարատը» նախեւառաջ ուժեղ էր իր հարձակման եզրերով: Աջից խաղում էր Լեւոն Իշտոյանը, որի տարերքը դրիբլինգն էր, տարբեր խաբքերը, իսկ ձախ թեւում հանդես էր գալիս արագավազ Նիկոլայ Ղազարյանը, որին հոգեհարազատ էին սրընթաց հարձակումներն ու եզրային ճեղքումները: Արագաշարժության հետ մեկտեղ Ղազարյանը լավ էր տիրապետում գնդակի վարման տեխնիկային, եւ այս երկու հատկանիշների շնորհիվ նրան հաճախակի էր հաջողվում շրջանցել իրեն հսկող պաշտպաններին եւ մեն-մենակ հայտնվելով դարպասապահի դիմացՙ գրավել մրցակցի դարպասը:
Նիկոլայ Ղազարյանը դաշտում աչքի էր ընկնում նաեւ չափազանց մեծ աշխատասիրությամբ, չէր զլանում հետ նահանջել եւ օգնել իր խաղընկերներին, զբաղվել «սեւ աշխատանքով»: Իսկ երբ «Արարատը» գրոհի էր նետվում, թիմը նմանվում էր մի հսկա բազեի, որը միանգամից լայն բացում էր իր թեւերըՙ թիմի հարձակման եզրերը եւ գրոհում ողջ ճակատով: Ահա այդ ժամանակ էլ սովորաբար խորքից հետեւում էր հաշվենկատ փոխանցում, եւ Նիկոլայ Ղազարյանը բացելով իր «երկրորդ արագությունը»` սլանում էր դեպի դարպասը:
Սովորաբար եզրային հարձակվողների հիմնական պարտականությունը եզրից պաշտպանությունը ճեղքելը եւ տուգանային հրապարակ խաղընկերներին գնդակներ մատակարարելն է: Սակայն Ղազարյանը աչքի էր ընկնում նաեւ իր արդյունավետ խաղով: Երկրի առաջնություններում անցկացրած 295 խաղում նա խփել է 67 գնդակ եւ այս ցուցանիշով զիջում է միայն Խորեն Հովհաննիսյանին (93 գոլ): Ընդ որում, երբ 1976 թ. առաջնությունից հետո Ղազարյանն ավարտեց իր ելույթները, նա «Արարատի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուն էր: Եվ միայն 1983 թ. Խորեն Հովհաննիսյանին հաջողվեց գերազանցել Ղազարյանի ցուցանիշը: Իսկ առաջին անգամ Ղազարյանը թիմի լավագույն ռմբարկու դարձավ 1970 թ. առաջնությունից հետո` իր հաշվին ընդհանուր հաշվով գրանցելով 33 գոլ: Նա 3 գնդակով գերազանցեց մինչ այդ լավագույն արդյունքն ունեցող Ֆելիքս Հարությունյանի ցուցանիշը: Բացի այդ, Ղազարյանը 3 անգամ դարձել է «Արարատի» տվյալ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն (1967 թ.ՙ 11 գոլ, 1970 թ.ՙ 6, 1974 թ.ՙ 8): Ավելացնենք նաեւ մեկ այլ ուշագրավ փաստ. բարձրագույն խմբի առաջնություններում Նիկոլայ Ղազարյանն «Արարատի» խաղացողներից առաջինն էր, որին հաջողվեց մեկ խաղում խփել 3 գնդակ: Դա պատահեց 1969 թ. օգոստոսի 24-ին, Մոսկվայում, տեղի «Լոկոմոտիվի» հետ խաղում, երբ Ղազարյանը 3 անգամ գրավեց Միլեսի պաշտպանած դարպասը:
Ինչպես եւ շատերը, Նիկոլայ Ղազարյանն էլ փոքր հասակից հրապուրվեց ֆուտբոլով եւ իր կյանքը կապեց սիրած մարզաձեւի հետ: Արդեն ֆուտբոլի դպրոցում հմուտ մարզիչ Հակոբ Դուրգարյանի սանն աչքի էր ընկնում իր արագությամբ ու ագրեսիվ խաղով: Հենց այս հատկանիշներն էլ շուտով գրավեցին «Արարատի» մարզիչ Արտյոմ Ֆալյանի ուշադրությունը, որը պատանի Ղազարյանին ընդգրկեց թիմի փոխարինողների կազմում: Շուտով նա իր վրա բեւեռեց նաեւ ԽՍՀՄ պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Պարամոնովի ուշադրությունը, որի հրավերով Ղազարյանը մի քանի հանդիպում անցկացրեց հավաքականի կազմում: «Արարատի» փոխարինողների կազմում էլ Ղազարյանը դրսեւորեց իր լավագույն հատկանիշները. 1965-66 թթ. փոխարինողների կազմում անցկացրած 21 խաղում նա խփեց 10 գնդակ: Եվ արդեն 1965 թ., երբ «Արարատը» հանդես էր գալիս «Ա» խմբի երկրորդ ենթախմբում (ներկայիս առաջին խումբը) եւ պայքարում էր բարձրագույն խմբի ուղեգրի համար, Ղազարյանը 3 անգամ հանդես եկավ թիմի հիմնական կազմում:
Նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ հունիսի 11-ին: Այդ օրը «Արարատը» «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր Ռոստովի «Ռոստսելմաշին», եւ երկրորդ խաղակեսում Ղազարյանը փոխարինեց Պադիյանին:
1966 թ. «Արարատը» կրկին վերադարձավ բարձրագույն խումբ: Ուժեղագույն խմբում իր առաջին խաղը Նիկոլայ Ղազարյանն անցկացրեց առաջնության 4-րդ տուրում` ապրիլի 26-ին, Օդեսայում: Հանդիպման 75-րդ րոպեին նա փոխարինեց Անատոլի Զիրոյանին: Թիմի կազմում անցկացրած 5-րդ խաղում Նիկոլայ Ղազարյանը բացեց իր գոլերի հաշիվը: Դա պատահեց Մոսկվայում, հուլիսի 2-ին: «Դինամոյի» հետ խաղում արդեն 17-րդ րոպեին Ավրուցկին բացեց հաշիվը, իսկ 28-րդ րոպեին Հովիվյանը վերականգնեց հավասարակշռությունը: Եվ ահա 2 րոպե անց Ղազարյանը, ճեղքելով պաշտպանությունը, գնդակն իրեն ընդառաջ դուրս եկած դարպասապահ Ռակիտսկու գլխավերեւով ուղարկեց դարպասը: Ճիշտ է, այդ խաղն արարատցիները տանուլ տվեցին խոշորՙ 2-7 հաշվով, սակայն կարծում ենք` այն ընդմիշտ կմնա Ղազարյանի հիշողությունում:
1967 թ. Ղազարյանն արդեն թիմի հիմնական ու առանցքային խաղացողներից մեկն էր: Այդ տարի նա աչքի ընկավ արդյունավետ խաղով` սահմանելով անձնական ռեկորդ (11) գոլ: Ինչ խոսք, եզրային հարձակվողի համար սա բարձր ցուցանիշ էր: Եվ նրա ագրեսիվ խաղը չէր կարող վրիպել մասնագետների աչքից: Նրան հրավիրեցին երկրի երիտասարդական հավաքական, իսկ մրցաշրջանի վերջում Ղազարյանը ԽՍՀՄ ակումբների հավաքականի կազմում մեկնեց Հարավային Ամերիկա: Այստեղ եւս հայ ֆուտբոլիստի խաղն արժանացավ բարձր գնահատականի, եւ նա տուն վերադարձավ լավագույն հարձակվողի համար սահմանված մրցանակով:
Ղազարյանի համար, անկասկած, եւս հիշարժան է մրցաշրջան-1973-ը, գավաթի եզրափակիչ հանդիպումը: Հիշո՞ւմ եք, հանդիպման 73-րդ րոպեին Ղազարյանն ու Պողոսյանը Մարգարովի ու Բոնդարենկոյի փոխարեն խաղադաշտ դուրս եկան` զգալիորեն ուժեղացնելով «Արարատի» հարձակողական ներուժը: Եվ հենց Ղազարյանի հարվածից հետո էր, որ Սամոխինը մեծ դժվարությամբ հետ մղեց գնդակը, եւ վրա հասած Իշտոյանը հավասարեցրեց հաշիվը: Իհարկե, հարթ չի եղել Նիկոլայ Ղազարյանի ֆուտբոլային ուղին: Նա էլ ծանր ապրումներ է ունեցել: Հիշենք թեկուզ մրցաշրջան-1975-ը, երբ թիմի ղեկը ստանձնեց խորհրդային ֆուտբոլի անվանի մասնագետներից մեկըՙ Վիկտոր Մասլովը: Նա հրաժարվեց եզրային հարձակվողներից: Եվ դա էր պատճառը, որ այդ տարի Ղազարյանը հազվադեպ էր խաղադաշտ դուրս գալիս: Նա մասնակցեց ընդամենը 8 խաղի եւ խփեց 2 գոլ: Եվ նույնիսկ մրցաշրջանի կեսից Ղազարյանը հրաժեշտ տվեց թիմին: Դեռ լավ է, որ հաջորդ տարի, երբ «Արարատը» գլխավորեց Էդուարդ Մարգարովը, նա կրկին թիմ վերադարձավ եւ իր ագրեսիվ ու արդյունավետ խաղով ապացուցեց, որ դեռ վաղ է իրեն «հաշվից հանելը»: Գարնանային առաջնությունում նա դարձավ 7 գոլի հեղինակ: Դա Արկադի Անդրեասյանի ցուցանիշից հետո (8 գոլ) երկրորդն էր ոչ միայն «Արարատում», այլեւ առաջնությունում:
Ցավոք, իր խաղընկերներից շատերի նման Նիկոլայ Ղազարյանն էլ շուտ հրաժեշտ տվեց մեծ ֆուտբոլին: 1976 թ. վերջինն էր նրա ֆուտբոլային կենսագրությունում: Ճիշտ է, նա շարունակում էր ելույթները վետերանների կազմում: Այնուհետեւ գլխավորեց Հայաստանի Սպորտվարչության ֆուտբոլի բաժինը, 1989 թ. կարճ ժամանակահատված աշխատեց որպես «Արարատի» գլխավոր մարզիչ: Իսկ 1992 թ. ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: Այս պաշտոնում էլ եռամյա գործունեության ընթացքում Նիկոլայ Ղազարյանն իրեն դրսեւորեց լավագույն կողմերով` որպես մարզաձեւի հմուտ գիտակ ու մասնագետ: Հետագայում նա մարզչական գործունեություն ծավալեց Երեւանի «Կիլիկիայում», ստանձնեց «Սպարտակ» ակումբի փոխնախագահի պաշտոնը եւ ղեկավարեց «Բանանցի» մանկապատանեկան մարզադպրոցը:
Ցավոք, վերջին տարիներին Նիկոլայ Ղազարյանն իրենից անկախ պատճառով որոշակիորեն հեռացել է ֆուտբոլից, որին նվիրել է ողջ կյանքը: Սակայն շուտով անվանի վետերանը կրկին կմասնակցի հանրապետության ֆուտբոլային կյանքին: «Արարատ-73»-ի մեկ այլ անվանի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանի նախաձեռնությամբ ստեղծվում է Հայաստանի ֆուտբոլի վետերանների միություն, որի աշխատանքներին ակտիվորեն կմասնակցի նաեւ Նիկոլայ Ղազարյանը:
Իսկ այս օրերին Նիկոլայ Ղազարյանը հոբելյանի առթիվ բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում: Մենք եւս միանում ենք դրանց եւ հայկական ֆուտբոլի լավագույն ներկայացուցիչներից մեկին մաղթում ամենայն բարիք:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ