Պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Խորեն Գեւորը (Գեւորգյան), որ ներկայումս բնակվում է Գերմանիայում, վերջերս իրավունք է ստացել միջին քաշում վիճարկել WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Էջմիածնում ծնված Խորեն Գեւորը 27 տարեկան է: Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 27 մենամարտերից 25-ում հաղթել է (14-ը` նոկաուտով), երկուսն ավարտել ոչ-ոքի:
Խորեն Գեւորը մարտականորեն է տրամադրված եւ պատրաստ է աշխարհի չեմպիոնի տիտղոսը խլել Ջերմեն Թեյլորից: Այս առնչությամբ նա հետեւյալն է հայտարարել. «Պատրաստ եմ չեմպիոնական գոտին վերցնել Թեյլորից: Իմ հետ մենամարտում Թեյլորը մեծ դժվարությունների կհանդիպի: Նա դեռեւս պարտություն չի կրել պրոֆեսիոնալ ռինգում, ինչպես մինչեւ իմ հետ մենամարտելն անպարտելի էին Չիրկովը, Մագալանեսն ու Խոմիցկին: Այնպես որ արժանի եմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկելու պատվին: Ցանկացած պահի պատրաստ եմ ռինգ դուրս գալ եւ հաղթել Թեյլորին»:
Իր սանի հնարավորություններին քաջատեղյակ գերմանացի մարզիչ Ֆրից Զդունեկը եւս վստահ է, որ Խորեն Գեւորը հաջողության կհասնի: Նա նշել է, որ իհարկե Թեյլորը ուժեղ բռնցքամարտիկ է, սակայն չեմպիոնը պետք է իրեն արժանի մրցակիցների հետ մենամարտի, այլ ոչ թե թույլ մրցակիցներ ընտրի: Ըստ Զդունեկի, Խորեն Գեւորն իրոք Թեյլորին արժանի մրցակից է:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ