Աշխարհի քսաներեք երկրներում տարածված Հայկական բարեգործական ընդհանուր միության «AGBU» գունավոր պարբերականի 2006 թ. դեկտեմբերյան համարն ամբողջությամբ նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության տասնհինգամյակին: Հոդվածներով հանդես են եկել լրագրող-մեկնաբաններ Ջոն Հյուզը, Հարություն Խաչատրյանը, Մարիաննա Գրիգորյանը, Գայանե Մկրտչյանը, Արփի Հարությունյանը, Գայանե Աբրահամյանը, Սուրեն Մուսայելյանը եւ Ռիչարդ Կիրակոսյանը: Վերջինս Վաշինգտոնում բնակվող արտաքին քաղաքականության եւ հատկապես ասիական եւ կովկասյան տարածաշրջանների հարցերով զբաղվող մասնագետ-մեկնաբան է: Թարգմանաբար ներկայացնում ենք նրա հոդվածը:
Անկախության տարիները հեշտ չէին Հայաստանի համար: Խորհրդային Միության հանկարծակի անկման օրերին Հայաստանը պատրաստ չէր անկախության եւ արդեն իսկ ներքաշված էր հակամարտության մեջ հարեւան Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով: Եվ չնայած անկախության առաջին տարիների դժվարությունները նշանակալիորեն նվազել են, այդուհանդերձ իրական անկախությունը դեռեւս անկայուն է եւ թերի Հայաստանում:
Ինչպես մյուս բոլոր նախկին հանրապետությունները, Հայաստանը եւս դեռեւս մանուկ հասակում է: Ինչպես հարեւանների, այնպես էլ Հայաստանի դեպքում անկախության ձեռքբերումն ինքնին մեծ նվաճում էր, սակայն առավել կարեւոր է այդ անկախության պահպանման խնդիրը, որն առավել լուրջ մարտահրավերներ է ընդգրկում:
Անկախությունը ստատիկ, կայուն կարգավիճակ չէ: Այն դինամիկորեն զարգացող գործընթաց է, որը մշտական զգոնության եւ պաշտպանության կարիք ունի: Խորհրդային Միության անկումով անկախություն շնորհվեց Հայաստանին: Հայերին մնում է պահպանել այն ու զարգացնել:
Մասնավորապես երկու հիմնական խնդիրներ են վտանգում Հայաստանի անկախությունը: Առաջինը անկախության կամ, ավելի դիպուկ բնորոշմամբ, կախվածության իրավիճակն է, որը գնալով խորանում է եւ դառնում կործանիչՙ լրջորեն խոչընդոտելով երկրի տնտեսական, քաղաքական եւ նույնիսկ ռազմական զարգացմանը: Երկրորդը արմատավորված է անկախության բնորոշման մեջ: Հայաստանի անկախությունը կարծես կաշկանդված է եւ արգելակվածՙ իր վզին փաթաթված հարկադրական սահմանափակումների հետեւանքով: Այն, ինչը պակասում է, անկախության բուն էությունն է կամ այդ գաղափարի, հասկացության ճշգրիտ սահմանման ըմբռնումը, որը ներառում է իսկական ազգային ինքնաբավարարվածություն:
Նշված երկու դեպքերում էլ գլխավոր դերը պատկանում է Ռուսաստանին եւ Հայաստանի անկարողությանըՙ ձերբազատվելու «մեծ եղբոր ստվերից»:
Հայաստանի անկախությունը երկու ուղղություններով է առաջ գնացել: Առաջինըՙ Խորհրդային Միությունից անկախանալուց առաջ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ճանապարհով: Ղարաբաղի հարցը շատ երկար ժամանակ ռազմավարական կարեւորություն է ունեցել Հայաստանի համար, եւ հարցի չկարգավորված բնույթը մի տեսակ անապահովության զգացում է առաջ բերել, քանի որ երկիրը շարունակում է մնալ (պատերազմի) սպառնալիքի ներքո: Այս մթնոլորտը, բացի հարեւան Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունից, նաեւ պայմանավորված է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ առեւտրական եւ տրանսպորտային շրջափակումներով:
Հայաստանն այս առումով միակն է նախկին խորհրդային հանրապետություններից, որ նման խնդիրների առաջ է կանգնած: Մինչ մյուսներին Ռուսաստանի հետ հարաբերություններն են տագնապեցնում, Հայաստանի պարագայում իր անմիջական հարեւանների հետ ունեցած առեւտրա-տրանսպորտային դժվարություններն են մտահոգում: Վրաստանը տառապում է անջատողական հակամարտություններով եւ դժվարանում է կարծես պարտադրել իր իշխանությունը երկրի զգալի մի տարածքի վրա: Բայց նույնիսկ այդ լարվածությունը Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ անմիջական սպառնալիք չի կարող համարվել վրացական պետության համար:
Սպառնալիքների այս մթնոլորտն առավել խորացնում է Հայաստանի անկախության երկրորդ բացասական գիծը: Այս գիծը մասնավորապես ռազմավարական հարաբերության բնույթն է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Ճիշտ է, որ բնական հակվածություն կա Հայաստանի կողմից մնալու ռուսական ուղեծրի սահմաններում, հաշվի առնելով Թուրքիայի ներկայությունը եւ ցեղասպանության փորձառությունը, որն իր այժմեականությունը չի կորցրել ադրբեջանական ագրեսիվ գործողությունների եւ մարտաշունչ սպառնալիքների պատճառով:
Բայց իրական սահմաններ գոյություն ունեն նույնիսկ ռազմավարական գործընկերությունների կամ համագործակցությունների մեջ: Եվ այդ սահմանը հարաբերությունների կառուցվածքում պետք է փնտրել: Հայաստանը ոչ թե որպես հավասար գործընկեր է հանդես գալիս, այլ ծառայում է որպես պլատֆորմ` Ռուսաստանի համար: Այս միակողմանի հարաբերության ամրապնդմանը նպաստում է հայ ղեկավարների այն սխալը, որ նրանք թերագնահատում են Հայաստանի ռազմավարական նշանակությունը Ռուսաստանի համար, միաժամանակ գերագնահատելով Ռուսաստանի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար: Սա մի կողմից երկրի ընդհանուր զարգացմանն է խոչընդոտում, մյուս կողմիցՙ խափանում անկախության ամրապնդումը:
Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների անհամաչափությունն ընդգրկում է երեք ոլորտներ` տնտեսական, քաղաքական եւ ռազմական: Հետաքրքրական է, որ արտաքին քաղաքականությունը դուրս է մնում այդ ոլորտներից: Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ զգուշավոր հավասարակշռություն պահպանելու կամ «կոմպլեմենտարիզմի» պետական քաղաքականությունը մինչ օրս լավ է գործել եւ արդյունք տվել: Այդ ճկուն քաղաքականության շնորհիվ Հայաստանը կարողացել է խորացնել իր կապերը ՆԱՏՕ-ի եւ Արեւմուտքի հետ առանց լրջորեն վնասելու իր հարաբերությունները Ռուսաստանի եւ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ:
Ռուսաստանից Հայաստանի աճող կախվածությունը առավել ակնառու է տնտեսության բնագավառում:
Անկախ, բայց պարտական
Հայաստանի խոցելիության պատճառները պետք է փնտրել վաղ իննսունականներից մինչեւ միջին իննսունականներն ընկած ժամանակահատվածում, երբ համապատասխանաբար աճեց կաշառակերությունը եւ անկում ապրեց օրենքի իշխանությունը: Այս ժամանակ էր, որ գագաթնակետին հասան «գույքի էժան գնահատումն» ու «ռեսուրսների թալանը» սեփականաշնորհման մի շարք կասկածելի գործարքներում:
Համեմատած ուրիշ խորհրդային հանրապետությունների հետ` այս երեւույթը անսովոր չէր, ոչ էլ ավելի քայքայիչ կամ ապակայունացնող, քան այլ վայրերում: Բայց գլխավոր տարբերությունն այն էր, որ Հայաստանի պարագայում կարեւոր տնտեսական ոլորտները բաժին ընկան օտար, ավելի ճիշտՙ ռուսական իշխանություններին:
Ամենախորհրդանշականը, անշուշտ, «գույք պարտքի դիմաց» գործարքն էր 2002-ին, որի արդյունքում Ռուսաստանը չեղյալ համարեց Հայաստանի 100 միլիոն դոլարից մի փոքր պակաս պարտքը, եւ փոխարենը ստանձնեց առանց այն էլ թվով քիչ մարտավարական օբյեկտների վերահսկողությունը: Դրանց թվում էներգիայի բնագավառի ձեռքբերումը Ռուսաստանին շնորհեց զգալի առավելություններ:
Հայաստանը դարձավ զոհ նաեւ այլ հանրապետությունների հետ Ռուսաստանի ունեցած խնդիրների դեպքում: 2005 թվի դեկտեմբերին Հայաստանին մատակարարվող բնական գազի գինը համարյա կրկնապատկվեց: Միայն որոշ բանակցություններից հետո հայկական կողմին հաջողվեց 3 ամսով հետաձգել թանկացումը: 2006 թվի ապրիլին բնական գազի գինը 56 դոլարից դարձավ 110 դոլար: Մի քանի օր անց Հայաստանի կառավարությունը նոր պայմանագիր կնքեց ռուսական պետական «Գազպրոմի» հետ, որով Հայաստանի ջերմաէլեկտրակայանի 5-րդ բլոկը եւս հանձնվեց Ռուսաստանին կանխիկ 60 միլիոն դոլարի փոխարեն: Ավելին, Ռուսաստանը ի վիճակի եղավ ճնշում բանեցնելու եւ ներազդելու բնական գազի խողովակաշար կառուցելու վերաբերյալ Հայաստանի եւ Իրանի ձեռք բերած համաձայնության վրա: Այդ ազդեցության հետեւանքով զգալիորեն նվազեց խողովակաշարի սկզբնական երկարությունը, թույլ չտալով, որ մրցունակ դառնա ռուսական էներգիայի աղբյուրների համար: Դեռ լուրեր են պտտվում, որ «Գազպրոմի» գործադիրները ցանկանում են ընդհանրապես ձեռք գցել Հայաստան-Իրան ամբողջ խողովակաշարը:
Ռուսական ազդեցության մեկ այլ բացասական երեւույթը դրսեւորվեց այն ժամանակ, երբ Ռուսաստանը փակեց հուլիսին իր սահմանը Վրաստանի հետ: Արեւելք-արեւմուտք շրջափակման պայմաններում Հայաստանի տնտեսության համար դեպի հյուսիս ճանապարհի փակումն աղետալի էր, հատկապես որ տեղի ունեցավ առանց նախազգուշական կարգադրությունների:
Նույնքան կարեւոր էին դեպի Հայաստան հոսող դրամական փոխադրումները, որոնց 80 տոկոսը անցյալ տարի գալիս էր Ռուսաստանից: Մինչ պաշտոնական տվյալներն ընդամենը 10 տոկոս են նշում, առանձին անկախ աղբյուրները մինչեւ 25 տոկոս են հատկացնում համախառն արտադրանքում այդ փոխադրումներին: Այդ դրամական փոխադրումները 2005-ին 940 միլիոն դոլարի հասան, իսկ 2006-ին անցան 1 միլիարդը: Սա նշանակում է մեծապես կախվածության մեջ լինել այդ ֆինանսական աղբյուրից, որը նաեւ կարող է տնտեսության մեջ ուղղորդիչ դեր կատարել: Ռուսաստանում աշխատելու վրա դրված այս մեծ կարեւորությունը նաեւ զուգակցվում է այնտեղ ծայր առած վտանգավոր մի ալիքով, որը հատկապես որպես թիրախ ընտրում է Հայաստանից, Կովկասից եւ Կենտրոնական Ասիայից եկած աշխատավորներին: Ռուսաստանի կողմից այդ փոխադրումները սահմանափակելը կամ կրճատելը նույնպես կարող է բացասական ազդեցություն թողնել Հայաստանի եւ նրա բնակիչների վրա:
Ռուսաստանի հետքերով
Տնտեսական կախվածությունից բացի հայ-ռուսական հարաբերությունների անհամաչափությունը զգալի է նաեւ քաղաքական ոլորտում, որն առավել մեծ սպառնալիք է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը եւ օրենքի իշխանության հաստատմանը:
Այս սպառնալիքի արմատները գնում են ավանդաբար կառավարման ռուսական մոդելին հետեւելու հայ քաղաքական գործիչների սովորությանը: Ընդօրինակման այս գործընթացի հետեւանքում հայկական քաղաքականությունը ռուսական քաղաքականությանը նմանվելու եզրեր է ձեռք բերել: Նրանից վերցրել է հատուկ մարտավարական եւ ռազմավարական դասեր, այդ թվում նաեւ անհանդուրժողականության դրսեւորումը անկախ լրատվամիջոցների եւ քաղաքական ընդդիմության հանդեպ: Ուժեղ նախագահական ինքնիշխանության ռուսական այս մոդելը կարծես համահունչ է հայ քաղաքական էլիտայի նախասիրություններին:
Միանձնյա ուժեղ կառավարման համակարգի ամրապնդումը վտանգում է ժողովրդավարության զարգացմանը Հայաստանում: Այս առումով չափազանց կարեւոր են 2007-ի խորհրդարանական եւ 2008-ի նախագահական ընտրությունները:
Հայ-ռուսական հարաբերությունների անհամաչափության երրորդ խնդիրը ռազմական ապահովության կամ անվտանգության ոլորտում է: Թեեւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցելուց հետո (1996-ին) Հայաստանը խորացրել է իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, նույնիսկ այն աստիճան, որ Կոսովո եւ Իրաք է ուղարկել իր զորամիավորումները միջազգային խաղաղապահների շարքերը լրացնելու համար, այդուհանդերձ Հայաստանի պաշտպանական քաղաքականության գրեթե բոլոր ասպեկտները եւ ռազմական ծրագրերի մշակումը դեռեւս մնում են Ռուսաստանից կախյալ վիճակում: Այս հարաբերությունը, որն ամրապնդված է բարեկամական պայմանագրով, նախատեսում է փոխադարձ օժանդակություն ցուցաբերել ռազմական հարձակումների դեպքում եւ ռուսական զինամթերքի, պահեստամասերի մատակարարում Հայաստանին: Համաձայնությունը իրավունք է տալիս ռուսական զորքերին մնալու Հայաստանում մինչեւ 2025 թիվը: Բայց հետաքրքրականն այն է, որ Հայաստանը որպես հյուրընկալ երկիր միակ պետությունն է, որ ինքն է հոգում իր սահմաններում օտար (ռուսական) զորքերի ներկայության ծախսերը:
Ռուսական զորքերի ներկայությունը որպես անվտանգության շոշափելի երաշխիք է դիտվում: Սակայն ռուսական զինվորականությունը ամբողջովին իր վերահսկողության տակ է վերցրել հայկական ռազմական կարողությունների որոշ ոլորտներ, ինչպիսիք են, օրինակ, օդուժի եւ օդային պաշտպանության ոլորտները: Սա նշանակում է երկրի ազգային անվտանգությունը գրավի տակ դնել բավական երկար ժամանակ: Ստեղծված իրավիճակին առավել սուր բնույթ է հաղորդում այն կույր, բայց թյուր հավատը, թե Հայաստանը այլընտրանք չունի:
Թեեւ շատերը Հայաստանի անվտանգությունը կապում են Ռուսաստանի ծիրում գտնվելու հանգամանքի հետ, սակայն նրանք պետք է հասկանան, որ իսկական անկախությանը կարելի է հասնել (եւ պահպանել) միայն հիմնվելով սեփական, ազգային շահերի վրա: Միայն հարաբերություններում այդ անհամաչափությունը վերացնելու միջոցով կարելի է ողջունել անկախության հաստատումը Հայաստանում:
ՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ