Այս տարվա խորհրդարանական ընտրությունների անցկացման քաղաքական պատասխանատվությունը ստանձնելու հայտարարություն արած Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) ղեկավար Գուրգեն Արսենյանը երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց իրենց կուսակցության նախընտրական ակտիվացումների մասին: Հաջորդ շաբաթվանից կուսակցությունը պատրաստվում է հասարակությանը ներկայացնել իրենց գործունեության հաշվետվության մասին թողարկումներ, որից հետո հասարակության առաջ արդեն հանդես կգա իր նախընտրական ծրագրերով:
Գուրգեն Արսենյանը հիշեցրեց, որ հունվարի 17-ին ուժի մեջ կմտնի լրացումներ եւ փոփոխություններ կրած ընտրական օրենսգիրքը, որն առաջինը կդառնա փորձաքար հենց իր ` ՄԱԿ-ի համար: Հունվարի 28-ին նախատեսվում է անցկացնել Չարենցավանի քաղաքապետի ընտրությունը, որին ներկայացված է նաեւ ՄԱԿ-ի թեկնածուն: Իրենց թեկնածուին պաշտպանելու քարոզչական աշխատանքներն արդեն սկսված են, եւ ՄԱԿ-ի ղեկավարը կարծում է, որ այս ընտրություններով պարզ կդառնա նոր օրենսգրքի արդյունավետությունը, այսինքն` օրենսգիրքն ինչքանով է կենսունակ իր գործառույթներն իրականացնելու գործում: «Չարենցավանի քաղաքապետի ընտրություններում քարոզչական պայքար է ընթանում, կիրառվում են քարոզչական պայքարի բաղադրիչները եւ առ այսօր չկա որեւէ փաստ` հռչակելու, որ որեւէ մեկի կողմից հավասարակշռությունը խախտվում է», ասաց նա:
Կուսակցության ղեկավարը հայտնեց, որ իրենց կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների է գնալու իր կուսակցական կառույցներով եւ իր ցուցակով. առայժմ միայն համամասնական ցուցակով, բայց չի բացառվում, որ կուսակցության խորհուրդը նաեւ մեծամասնականի թեկնածու առաջադրելու որոշում կայացնի: Թե ինչ արդյունք է ակնկալում ՄԱԿ-ը խորհրդարանական ընտրություններից, ղեկավարը նշեց. «Մենք ուզում ենք բնակչությանը հաճելիորեն զարմացնել»: «Եթե հանրապետության քաղաքական իրավիճակը վերափոխվի ֆորսմաժորային իրավիճակի, չի բացառվում ընդհանուր բեւեռ ձեւավորելու գաղափարը», ասաց ՄԱԿ-ի ղեկավարը` միաժամանակ հավելելով, որ նման իրավիճակ կարող է ստեղծվել որոշակի քաղաքական պայթյունների հետեւանքով` իրականացված ընդդիմության կողմից:
Խորհրդարանական ընտրություններում հաղթելու հարցը Գ. Արսենյանը դիտարկում է նաեւ ժողովրդի հաղթանակի տեսանկյունից` նշելով, որ իրենց համար առաջնայինն ընտրություններում քիչ վիճելի արդյունքներ ունենալն է, քան թե իրենց օգտին մեկ ձայն ավելի ստանալը: Եթե ապագա խորհրդարանում «Հանրապետական» կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ընդդիմությանը պատրաստ էր 30 տեղ տալ, ապա ՄԱԿ-ը ներկայիս իշխանական կուսակցություններին պատրաստ է իրենցից ավելի շատ տեղ տալ: Գ. Արսենյանը չբացառեց նաեւ նորընտիր խորհրդարանում կոալիցիայի մաս կազմելու հնարավորությունը` ընդգծելով, որ նման բան հնարավոր է խորհրդարանական ուժերի եւ իրենց միջեւ նպատակների ընդհանրությունների պարագայում: Միեւնույն ժամանակ փաստեց, որ իրենցից ավելի կոշտ ընդդիմություն չի լինի, եթե տեսնեն, որ իշխանություններն իրենց ծրագրերից եւ նպատակներից տարբեր, այլ բան են անում: Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններում իրենց ռեսուրսներին, ապա Գ. Արսենյանը կարծում է, որ իրենց հաջողության գրավականը համապետական ծածկույթն է ու որակը: Իսկ գուցե քաղաքական կուսակցության ղեկավարին հույս է ներշնչել նախագահ Քոչարյանի խոսքերը, երբ երեք հեռուստաընկերություններին տված տարեվերջյան հարցազրույցի ժամանակ ապագա խորհրդարանի տեսլականում երկրի ղեկավարը ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի կողքին տեսավ նաեւ ՄԱԿ-ին:
Խորհրդարանական ընտրությունների նորմալ անցկացման համար եւս մեկ անգամ պատասխանատվություն ստանձնելով` Գուրգեն Արսենյանը նշեց, որ մեր երկրի ուղեծիրն ուղղված է դեպի ազատականության եւ արժեքային համակարգի ամրապնդմանը, ուստի իրենք ոչ մեկին թույլ չեն տա փոխել այդ ուղեծիրը: «Այս 15 տարվա մեջ մենք չենք փորձել կառուցել ուժեղ պետություն, այլ փորձել են կառուցել ուժեղ իշխանություն», ասաց նա` ընդգծելով, որ իրենց տեղեկություններով հանրապետության բնակչության 50 տոկոսից ավելին գոհ չէ իշխանությունների աշխատանքից, քանի որ մեծ է ժողովրդի եւ իշխանությունների միջեւ եղած անջրպետը:
«Վարչապետացու ունե՞ք» հարցին ՄԱԿ-ի ղեկավարը պատասխանեց. «Ամեն ինչ էլ ունենք»: Իսկ թե երկրի նախագահի պաշտոնում առաջադրված որ թեկնածուին կպաշտպանեն, Գ. Արսենյանը նշեց. «Երբ նախագահի ընտրությունների ժամանակ թեկնածուները կառաջադրվեն, մենք մեր դիրքորոշումը կասենք»:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ