«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2007-01-13 | #6, 2007-01-16 | #7, 2007-01-17


ՀԱՅ ԵՐԳԻ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՎԵՑԻՆ ՖՈՆՏԵՆՎՐՈՅԻ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԱԲԲԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Շաբաթ երեկոյան Ֆոնտենվրոյի թագավորական աբբայության Ավենի ավանդական համերգն այս անգամ ներկայացնում էր հայ երգչախմբային արվեստը:

Արեւմտյան մշակութային կենտրոնի համար վերադարձը դեպի ավանդական երաժշտաշրջան այս անգամ նշանավորվում է գործունեության անժխտելի վերելքով:

Մեծ սեղանատանը տրված համերգի հյուրը 1992 թվականին Երեւանում ստեղծված, հայ երաժշտության հայր Կոմիտասի ստեղծագործությունները կատարող «Հովեր» երգչախումբն էր:

Հազարամյակից ավելի պատմություն ունեցող հայ երգարվեստը (նշենք, որ որոշ եկեղեցական երգեր 1600 տարեկան են) համընդհանուր ճանաչում ունի արդեն կես դար ի վեր:

«Հովերի» խմբավար եւ միեւնույն ժամանակ ղեկավար Սոնա Հովհաննիսյանը Կոմիտաս վարդապետի զարմանահրաշ երաժշտության շուրջ է միավորել պետական երաժշտանոցի մի շարք շնորհաշատ երիտասարդների, որոնք նաեւ հանդես են գալիս թատերականացված խմբերգային ներկայացումներում:

Հինգ տարի առաջ հայկական ծագում ունեցող հայտնի կանադացի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի հրաշալի «Արարատ» ֆիլմը ամբողջ աշխարհում հայտնի դարձրեց «Հովեր» երգչախմբի արվեստը:

Ֆոնտենվրոյում համույթն ավարտեց իր եվրոպական շրջայցըՙ իրավամբ ձեռք բերելով ճանաչում բավական լայն հասարակության կողմից:

Համերգը երկու մասից էր. առաջինում խմբի 11 տղամարդ անդամները կատարեցին Սուրբ պատարագը, իսկ երկրորդ մասում բոլոր 24 անդամներըՙ եկեղեցական եւ ժողովրդական երգեր, որոնք ասես իսկական հաղորդություն լինեին դահլիճի եւ երգչախմբի միջեւ: Այդ հաղորդությունը սառնաշունչ գիշերով, մոմերի լույսի ներքո, որպես հարգանքի տուրք, երաժշտությամբ սփռվեց եւ տարածվեց նաեւ աբբայության եկեղեցու տապանաքանդակների վրա:

Ողջ երեկոյի ընթացքում ունկնդիրները չդադարեցին հիանալ երգչախմբի կատարողական եւ խմբավարական արվեստի բարձր մակարդակով, նրանց միջեւ առկա համերաշխությամբ եւ հաստատունությամբ:

Վերջին համարը, որն իրենից աղոթքիՙ ավանդական պարերի տեսքով մշակում էր ներկայացնում, ունկնդիրները ընդունեցին երկարատեւ եւ բուռն օվացիաներով:

«Կուրիեր դը լ՚Էստ», դեկտեմբերի 12, 2006, Ֆրանսերենից թարգմանեց ԹԱԳՈՒՀԻ ԲԼԲՈՒԼՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4