«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2007-01-13 | #6, 2007-01-16 | #7, 2007-01-17


«ՆԱՐՑԻՍ» ԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

«Նարցիս» գրական-գեղարվեստական մշակութային հանդեսը անցած տարվանից մտավ մտավորական շրջանակների մեջՙ երկամսյա պարբերականությամբ: Մինչ այսօր թողարկված հանդեսի 6 համարները ներկայացնում են մեր գրական միջավայրին հիմնականում հանրածանոթ անուններՙ բանաստեղծության, արձակի, թարգմանության, գրաքննադատության-հրապարակախոսության ոլորտներում: Ընդամենը մեկամյա կենսագրությամբ «Նարցիսը» արդեն մրցանակ է սահմանել 4 անվանակարգերում եւ «Նարեկացի մշակութային միությունում» 2 օր առաջ, հիմնադրման 1 տարվա հոբելյանին հանձնեց մրցանակները (500-ական ԱՄՆ դոլար): Լավագույն բանաստեղծական շարքի համար մրցանակային հանձնաժողովը բացառության կարգով ընտրել էր երկուսինՙ Ռազմիկ Դավոյանին եւ Արմեն Մարտիրոսյանին: Լավագույն պատմվածքի համար մրցանակը շնորհվեց Լեւոն Խեչոյանին, թարգմանության անվանակարգումՙ Ռուզաննա Մանուկյանինՙ արաբական պոեզիայի եւ արձակի թարգմանության համար, եւ լավագույն հրապարակախոսության մրցանակը տրվեց Դանիել Երաժշտինՙ «Մշակույթ, թե՞ հակամշակույթ» հոդվածի համար: Մշակութային մերօրյա իրականության համակողմանի այս վերլուծության մեջ հեղինակը դիտարկում է քաղաքականացման եւ առեւտրականացման հետեւանքով ձեւախեղված մշակույթի սպառնացող վտանգը արվեստի իրական արժեքներին եւ նրա կրողներին: Առավել վտանգավորը արվեստի գլուխգործոցները իբրեւ անմշակ հումք օգտագործողների ապաշնորհ գործունեությունն է, եւ միջակության տիրապետությունը մշակութային դաշտում, որոնց նա համեմատում է տրոյական ձիու հետ:

Հանդեսի խմբագիրըՙ Վահան Վարդանյանը, իր խոսքը բանաստեղծությամբ սկսեց: Հիմնադիրըՙ բանաստեղծուհի Սոնա Վանը, անդրադարձավ հանդեսի նշանակությանը եւ նրա հիմնական առաքելությանըՙ գրական մաքուր դաշտ ստեղծելու հեռանկարով, չափազանց կարեւորելով քննադատական միտքը որպես գրական իրականությունը ճշմարտապես վերհանելու միջոց: Հանդեսը իր էջերը տրամադրում է անկաշկանդորեն բոլորինՙ անկախ գեղագիտական հայացքներից եւ կուսակցականությունից:

Ելույթներ ունեցան Լեւոն Անանյանը, Դավիթ Գասպարյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Ռոմիկ Սարդարյանը, Շանթ Մկրտչյանը: Հանդեսը գնահատվեց որպես Հայաստանի եւ սփյուռքի անցած տարվա լավագույն գրական պարբերական եւ առաջարկվեց հրատարակությունը դարձնել ամենամսյա:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4