Ըստ քուվեյթյան թերթի, Իրանի վրա հարձակում կձեռնարկվի մինչեւ ապրիլ
Պենտագոնը Պարսից ծոց է ուղարկել ավիակիրների երկրորդ հարվածային խումբը: «Ջերուզալեմ փոստ» թերթի տեղեկությունների համաձայն, հարվածային խումբը «Ջոն Սթեննիս» ավիակրի գլխավորությամբ հունվարի 16-ին «թեժ կետ» է մեկնել Բրեմերտոնի նավահանգստից (Վաշինգտոնի նահանգ):
Այսպիսով, Պարսից ծոցում ամերիկյան ծովուժը կունենա ավիակիրների երկու հարվածային խումբ: Տարածաշրջանում ռազմանավերի այսպիսի կուտակում չէր եղել 2003 թ.-ից ի վեր, երբ ավարտվեց հակաիրաքյան պատերազմի «ակտիվ» փուլը:
«Ջոն Սթեննիսը» նման է «Նիմից» ավիակրին եւ կարող է ընդունել 70-ից ավելի ռազմօդանավ, այդ թվում չորս տասնյակ բազմանպատակ կործանիչ: Ավիակրին ուղեկցող ռազմանավերն ունեն տասնյակ «Թոմահավկ» թեւավոր հրթիռներ:
Մասնագետները նշում են, որ ուժերի նման կենտրոնացումը թերեւս վկայում է մոտ ժամանակներս Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու ԱՄՆ-ի մտադրության մասին:
Ինչ վերաբերում է հետախուզական գործողություններին, իրանական «Ֆարս» գործակալությունը հաղորդում է, որ Իրանի զինված ուժերը խփել են ամերիկյան մի անօդաչու լրտեսական օդանավ: Խորհրդարանի պատգամավոր Սեիդ Նիզամ Մոլա Հովեյզին, որը սահմանային Խուզեստանի նահանգի Դեշտ ի Ազեդագան քաղաքի ներկայացուցիչն է, լրագրողներին հայտնել է, որ ամերիկյան բանակին պատկանող հետախուզական սարքը խփվել է Իրաքի կողմից սահմանը հատելու պահին:
Մասնագետներն արձանագրում են, որ ամերիկյան զինված ուժերը հետախուզական աշխույժ գործունեություն են ծավալել Իրանի սահմանների մոտակայքում, օգտագործելով արբանյակներ, հետախուզական օդանավեր, անօդաչու թռչող սարքեր, ռադիոկալանման կայաններ եւ այլ միջոցներ:
Լավատեղյակ աղբյուրներ վկայակոչելով, քուվեյթյան «Արաբ թայմս» օրաթերթը երեկ հաղորդեց, որ ամերիկյան բանակը Իրանի վրա հարձակում կարող է ձեռնարկել մինչեւ ապրիլ: Թերթի գլխավոր խմբագիր Ահմեդ ալ Ջարալլայի խոսքերով, ԱՄՆ-ի գրոհը սկսվելու է ծովից` հակահրթիռային պաշտպանության «Պետրիոտ» համակարգերի օժանդակությամբ: Դա ամերիկացիներին թույլ կտա վտանգից զերծ պահել սեփական բանակը եւ կասեցնել Պարսից ծոցի պետություններից որեւէ մեկի հնարավոր հակագրոհը:
«Իրաքում եւ տարածաշրջանի մյուս երկրներում ամերիկյան ուժերը իրանցիների հրթիռահարվածներից կպաշտպանվեն «Պետրիոտ» առաջավոր հրթիռային համակարգով», հայտնել է քուվեյթյան թերթի աղբյուրը:
Հարվածի գլխավոր թիրախները կդառնան Իրանի ատոմային եւ նավթային արդյունաբերության օբյեկտները: «ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները երաշխավորում են, որ մերձավորարեւելյան նոր ռազմարշավը բնապահպանական աղետ չի առաջացնի», ավելացրել է թերթի աղբյուրը:
Մեջբերված է նաեւ Վաշինգտոնի այն հայտարարությունը, թե Իրաքում իրավիճակի կայունացմանն ուղղված նախագահ Ջորջ Բուշի նոր ռազմավարությունը չի ենթադրում որեւէ փոխզիջում կամ բանակցություն Սիրիայի եւ Իրանի հետ: «Դեյլի թայմս» թերթն իր հերթին տեղեկացնում է, որ նախագահ Բուշը վերջերս Սպիտակ տանը հանդիպում է ունեցել փոխնախագահ Դիկ Չեյնիի, պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի, պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի եւ մյուս օգնականների հետ, որպեսզի հանգամանորեն քննարկի Իրանի վրա հարձակվելու ծրագիրը: