Դարտմուտյան խմբի մասնակիցները դիմում են Մինսկի խմբի համանախագահներին
Հասարակությունը բավարար տեղեկացված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների բովանդակությանը, ուստի պատրաստ չէ ընդունելու բանակցությունների հնարավոր արդյունքները կամ կողմ լինել դրանց: Սա Տարածաշրջանային հակամարտությունների դարտմուտյան կոնֆերանսի անդամների անունից դրա համանախագահներ Վիտալի Նաումկինի եւ Հարոլդ Սոնդերսի նամակի կետերից մեկն է` ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովին եւ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային: Երեկ ասուլիսում ԼՂ հարցի կարգավորման, սեփական որակմամբ, այլընտրանքային տարբերակի մասին տեղեկացրեց նույն կոնֆերանսի մասնակից, Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանը, նշելով, որ համանախագահները արդեն ծանոթ են փաստաթղթին եւ խոստացել են քննարկել:
Նամակում հաջորդ կետով նշվում է, որ բանակցությունների արդյունքում տարածքների եւ սահմանների, փախստականների եւ բռնի տեղահանվածների, Արցախի կարգավիճակի իրավաբանական ձեւակերպման առնչությամբ համաձայնագիրը կարող է ամուր հիմք ունենալ, եթե հաղթահարվի տարածաշրջանի բնակիչների հարաբերություններում առկա թշնամանքը, հնարավորություն տրվի քննարկել երկարաժամկետ խաղաղ փոխհարաբերությունների հիմնական մանրամասները` մասնակցություն ապահովելով դրանց մշակմանն ու իրականացմանը: Մեկ այլ կետով առաջարկվում է հետեւել այն մոտեցմանը, ըստ որի հասարակությունը պետք է ներգրավված լինի քննարկվող բոլոր հարցերի լուծմանը:
2006 թ. դեկտեմբերի 8-10 Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման մասնակիցները նամակում մտահոգություն են հայտնել, որ Ղարաբաղի ներկայացուցիչները դուրս են բանակցային գործընթացից, հստակ չեն հանրաքվեի անցկացման դետալները եւ այլն: Առաջարկվում է բարձր մակարդակով համաձայնություն ձեռք բերել բռնությունից եւ թշնամական քարոզչությունից հրաժարվելու, արխիվային փաստաթղթերի փոխանակման կազմակերպման եւ այլ հարցերի կապակցությամբ:
ՀԴԿ նախագահը եւս մեկ անգամ կարեւորեց, որ բանակցությունների գաղտնիությունը առաջացնելու է լուրջ հակասություններ Հայաստանում, Ադրբեջանում եւ հատկապես Ղարաբաղում: Եվ այս համատեքստում, ըստ Արամ Սարգսյանի, պատահական չէ, որ ձերբակալում են Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին, ինչն արվել է ազատամարտիկներին ահաբեկելու նպատակով այն տրամաբանությամբ, թե անցանկալի որեւէ մի զարգացման դեպքում նրանք իմանան «իրենց տեղը»: Արամ Սարգսյանի համոզմամբ, իրենց նամակում այլ մոտեցում է, քան կիրառվում է Քոչարյան-Ալիեւ հանդիպումների ժամանակ, ավելին, այդ մոտեցումը հնարավորություն կտա պահպանել աշխարհաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում, որը կխախտվի խաղաղարար ուժերի մուտքի դեպքում:
Դարտմուտյան ձեւաչափում Արամ Սարգսյանի գործընկեր, «Սահմանադրական իրավունք» միության (ՍԻՄ) նախագահ Հայկ Բաբուխանյանի մատուցմամբ, ղարաբաղյան հարցի քննարկման երկու ձեւաչափ կա` Մինսկի խումբ եւ Դարտմուտյան խումբ: Ի տարբերություն Մինսկի խմբի ձեւաչափի, երկրորդում առկա է երրորդ կողմի` Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը: Բաբուխանյանը իրենց մշակած տարբերակը որակեց փուլափաթեթային, որի առանցքային կետը հավասարազոր փոխզիջումներն են ի հակադրություն ՀՀ իշխանությունների մոտեցման` անվտանգություն տարածքների դիմաց: Ընդհանուր առմամբ, Հայաստանի ակտիվությունն արտաքին ասպարեզում ակտիվ չէ, մինչդեռ Ադրբեջանը քանիցս առաջ է այդ քարոզչության հարցում` ավելի հզոր աշխարհաքաղաքական նշանակություն ձեռք բերելով տարածաշրջանում:
Դարդմուտյան կտրվածքում եւս մեկ գործընկեր, «Ազգային վերածնունդ» կուսակցության վարչության անդամ Վաղարշակ Հարությունյանի կարծիքով, եթե խնդիր դրվի Ղարաբաղի մասնակցության, դա հնարավոր է: Մինչեւ 1998 թ. Ղարաբաղի մասնակցությունն ու դրանից հետո դադարեցումը բերեց նրան, որ Հայաստանը ճանաչվեց ագրեսոր, մինչդեռ եթե Ղարաբաղը մասնակցեր բանակցություններին, նման դիրքորոշում չէր լինի:
Պատասխանելով լրագրողների հարցերին` Արամ Սարգսյանը կարծիք հայտնեց, թե երբ Ադրբեջանը հայտարարում է ԼՂ անկախության անհնարինության մասին, Հայաստանը նման հարցադրման պարագայում փոխանակ հայտարարելու բանակցություններին չմասնակցելու մասին, համաձայնում է տարածքների վերադարձմանը: Բացի այդ, Սարգսյանի մոտեցմամբ, տարածքների վերադարձման հարց չի կարող դրվել որպես փոխզիջում ԼՂ կարգավիճակի հարցի: «Եթե չլինեին այդ տարածքները, պրն Օսկանյանը ի՞նչ էր պատրաստվում զիջել ԼՂ կարգավիճակի դիմաց: Չկային այդ տարածքները, կամ եղել է պատերազմ, բայց չկան այդ տարածքները, ի՞նչ էինք մենք պատրաստվում քննարկել», այսկերպ ներկայացրեց իրենց մոտեցումը ՀԴԿ ղեկավարը:
Հայկական կողմը չի բարձրացնում տարածքների հավասարազոր փոխզիջման, հայ փախստականների հարց, մինչդեռ դարտմուտյան հանդիպումներում, ըստ Արամ Սարգսյանի, հարցերը բարձրացվում են փաստարկված, ինչին ադրբեջանական կողմի ներկայացուցիչները չեն կարող չհամաձայնել: «Ազգի» հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Քոչարյանի կամ Օսկանյանի հանդիպումներում փաստարկներ չեն ներկայացվում, Արամ Սարգսյանը պատասխանեց, որ որպես բանակցությունների որոշ հատվածի մասնակից, կարող է ասել, երբ հայկական կողմը իսկապես ներկայացնում էր իր փաստարկված դիրքորոշումը, հակառակ կողմը պարտավորված էր լինում ընդունել: «Երբ իշխանության մեջ գտնվելուց պրն Քոչարյանը խրվել է կոռուպցիայի եւ այլ հարցերի մեջ, դարձել է շատ ավելի կախյալ այն միջազգային ատյաններից, որոնք կարող են իրեն թելադրել: Եվ թելադրում են այն, ինչ անհրաժեշտ է իրենց: Արդեն այդ քաղաքական բանակցություններում խոսք չի գնում փաստարկների մասին», ըստ էության նախընտրական տրամադրությամբ ասելիքն ամփոփեց Արամ Սարգսյանը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ