«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2007-01-16 | #7, 2007-01-17 | #8, 2007-01-18


«ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵԱՀԿ ԶԵԿՈՒՅՑԸ ՉԱՐԴԱՐԱՑՐԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԸ

Ղարաբաղին հարակից տարածքներում նախորդ տարի տեղի ունեցած հրդեհների ուսումնասիրման առնչությամբ ԵԱՀԿ առաքելությունն օրերս ներկայացրել էր իր զեկույցը, որն, ադրբեջանական մամուլն արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության պատասխանատու Խազար Իբրահիմի փոխանցմամբ, ամենայն հրճվանքով ներկայացնում է որպես ադրբեջանական պահանջներն արտացոլող փաստաթուղթ: Մինչդեռ դատելով զեկույցի հիմնական տեքստից, որին հնարավորություն ենք ունեցել ծանոթանալու, ամենայն հանգստությամբ կարելի է հայտարարել, որ հրդեհներիՙ բնական պատճառներով երեւույթը քաղաքականացնելու ադրբեջանական ձգտումները բնավ էլ արտահայտված չեն փաստաթղթում:

Ամենից առաջ զեկույցում հստակորեն նշվում է, որ հրդեհները ոչ թե ազդեցություն են ունեցել միայն ադրբեջանական կողմի վրա, այլեւ բնական միջավայրի եւ տնտեսական լուրջ վնասներ են հասցրել շփման գծի երկու կողմում: ԵԱՀԿ առաքելության զեկույցն ընդգծում է, որ ադրբեջանական կողմի տրամադրած արբանյակային լուսանկարները եղել են ընտրովի եւ ոչ ամբողջական, մասնավորապես դուրս թողնելով շփման գծից արեւմուտք քիչ հեռու եղած տարածքները: ԵԱՀԿ առաքելությունը զեկույցով ամրագրել է նաեւ, որ լքված գյուղերին հրդեհների հետեւանքով նշանակալի լրացուցիչ վնաս չի հասցվել: Այս դրույթը կարեւոր է ադրբեջանական կողմի այն հայտարարությունների ֆոնին, թե հակամարտության ընթացքում արդեն իսկ տուժած հիշատակված գյուղերում նոր ավերածություններ են եղել:

Զեկույցում կան մի քանի հետաքրքրական դրվագներ եւս: Առաքելության խմբի մասնակիցները հնարավորություն չեն ունեցել շփման գծից արեւելք որոշ վայրեր այցելելու, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ԵԱՀԿ խմբի համար բացարձակապես մատչելի են դարձրել առաքելությունն ամբողջացնելու համար անհրաժեշտ վայրեր այցելությունը:

Ինչ վերաբերում է հրդեհների հետեւանքների վերացման եւ այսուհետեւ դրանց կանխարգելման խնդրին, ապա այդ առնչությամբ հիշեցնենք, որ Հայաստանն առաջարկել է համատեղել ուժերը, սակայն ադրբեջանական կողմը մերժել է: Զեկույցը եւս մեկ անգամ առաջարկում է համատեղ ջանքեր գործադրել եւ համագործակցել հրդեհների հետեւանքները վերացնելու եւ կրկին դրանց ի հայտ գալը կանխելու առումով:

Զեկույցին հետագայում կանդրադառնանք ավելի մանրամասն:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4