Հանրապետականը ՄԱԿ-ից բան չունի ուզելու
Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը նախօրեին հայտարարել էր, որ ապագա խորհրդարանում իրենք պատրաստ են ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին եւ ՀՀԿ-ին իրենցից ավելի շատ տեղ տալ: «Թե որքան տեղ է պատրաստվում ՀՀԿ-ն ուզել ՄԱԿ-ից» հարցին Հանրապետական կուսակցության անդամ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը երեկ այսպես պատասխանեց. «Մենք չունեցողից ոչինչ չենք ուզում»: Հետո էլ հավելեց, թե համաձայն չէ նաեւ ՄԱԿ-ի ներկայացրած այն տվյալին, թե ժողովրդի 60 տոկոսը չի վստահում իշխանություններին: Դժվար է ասել, թե նորընտիր խորհրդարանի հարթության վրա այս իշխանություններն ինչպես պետք է համակեցություն հաստատեն, բայց որ արդեն իսկ տարաձայնություններ ունեն, նկատելի է:
«Հայելի» ակումբի երեկվա հյուրերը` ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ՕԵԿ-ական փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ներկայացրին իրենց պատրաստությունները խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
Գ. Մելիքյանի տեղեկացմամբ, ՀՀԿ-ն ունի 920 սկզբնական կազմակերպություններ, 61 տարածքային կառույցներ, 510 համայնքապետներ եւ ավելի քան 80 հազար կուսակից: ՀՀԿ խմբակցության քարտուղարը հայտարարեց, որ իրենք խորհրդարանական ընտրությունների ժամանակ փորձելու են ոչ միայն պահպանել 2003 թ. ունեցած ձեռքբերումները, այլեւ ավելացնել: Իսկ նախագահական ընտրություններին էլ գնալու են նախագահի սեփական թեկնածուով: Արտաշես Գեղամյանի հայտարարությունները, Մելիքյանի գնահատմամբ, անլուրջ են եւ նպատակ ունեն ԲՀԿ-ին եւ ՀՀԿ-ին միմյանց դեմ լարելու: Ինչ վերաբերում է Բարգավաճ Հայաստան կուսակցության (ԲՀԿ) հետ քաղաքական խնդիրներ ունենալուն, ապա հանրապետական գործիչը ասաց, որ իրենք ոչ միայն ԲՀԿ-ի, այլեւ ոչ մի քաղաքական ուժի հետ խնդիրներ չունեն եւ բոլորին դիտում են որպես հավասար մրցակիցներ:
Շուրջ 85 հազար կուսակից ունեցող Օրինաց երկիր կուսակցությունը (ՕԵԿ) Հովհաննես Մարգարյանը համարեց մեր երկրի քաղաքական դաշտի ամենահզոր եւ բազմանդամ ուժերից, որը պատրաստվում է համապետական ընտրություններին: Հ. Մարգարյանը նշեց, որ ընտրությունները վառ օրինակ կլինեն այն կուսակցական անդամների թվերի, որն այսօր ներկայացնում են կուսակցությունները. «Ընտրությունները այդ թվերի վառ օրինակը կլինեն, փաստարկված ապացույցը: Ընտրությունների ձայներից ամենից շատ խոսում են նրանք, ովքեր մտավախություն ունեն»: «Ազգ»-ի հարցին, թե ինչ կարգի հաջողություն է ՕԵԿ-ն ակնկալում խորհրդարանական ընտրություններից, ՕԵԿ ներկայացուցիչը պատասխանեց. «Տոկոսներ չեմ ուզում ասել, բայց խորհրդարանում բավական լուրջ ներկայություն ենք ակնկալում»:
Օրեր առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ եթե իշխանությունն ընդդիմությանը չօգնի, բավական հարցումների արդյունքների համաձայն, ընդդիմությունն ընտրություններում նույնիսկ չի հաղթահարի 5 տոկոսի արգելքը: Արդյոք հանրապետականները` որպես իշխանական կուսակցություն, պատրաստվո՞ւմ են աջակցել ընդդիմությանը:
Հանրապետական Գագիկ Մելիքյանը համոզված է, որ այս երկու ամսում ընդդիմադիր կուսակցությունները կաշխատեն իրենց նկատմամբ վստահությունն ավելացնելու համար եւ խորհրդարանում այնուամենայնիվ ընդդիմադիր ուժեր կլինեն: Ինչ վերաբերում է իրենց աջակցությանը, ապա ՀՀԿ խմբակցության քարտուղարը կարծում է, որ ընդդիմադիր դաշտի համար իրենց օգնությունը արդար ընտրություններ կազմակերպելը կլինի:
Լրատվամիջոցներում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի քիչ երեւալը Հովհաննես Մարգարյանը բացատրում է նրանով, որ վերջինս 8-9 ամիս զրկված է եթերի հնարավորությունից: Իսկ Ա. Բաղդասարյանի արտասահմանյան այցերը կամ օտարերկրյա լրատվամիջոցներին տված նրա հարցազրույցները ՕԵԿ ղեկավարի կուսակից Հովհաննես Մարգարյանը նորմալ է համարում` նշելով, որ իրենց կուսակցության առաջնորդը մեծ հեղինակություն ունի եւ դրսում, եւ ներսում:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ