«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2007-01-16 | #7, 2007-01-17 | #8, 2007-01-18


ԸՍՏ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ, 1989-2004 ԹԹ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼՔԵԼ Է 635 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ

Համաշխարհային բանկի փորձագետները պնդում են, որ 1989-2004 թթ. Հայաստանից հեռացել է 635 հազար մարդ, ընդգծելով, որ նրանց գրեթե 1/3-ը երկիրը լքել է 2000-2003 թթ.: Հազար բնակչին ընկնող տարագիրների թվով Հայաստանն աշխարհում առաջատարների թվում է եւ զիջում է միայն Ճամայկային, Բոսնիային, Ալբանիային եւ Սլովենիային: Բանկի փորձագետների տվյալներով, Հայաստանի հազար բնակչին ընկնում է 300 տարագիր: Դա ԱՊՀ երկրներում ամենաբարձր ցուցանիշն է, որն զգալիորեն գերազանցում է Ղազախստանի եւ Մոլդովայի սահմանած ռեկորդները:

Բանկի փորձագետները նշում են, որ հետազոտված բոլոր երկրներում, այդ թվում Հայաստանում, տարագիր համարվում են միայն վերջնականապես երկրից հեռացած անձինք. ժամանակավորապես հեռացողները հաշվի չեն առնվում: Ազգային վիճակագրական ծառայության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների հիման վրա ՀԲ մասնագետներն արձանագրում են, որ 1989 թ. Հայաստանի բնակչությունը կազմել է մոտ 3,5 մլն, իսկ այսօրՙ 3,212 մլն:

Նշվում է, որ արտագաղթի պատճառած վնասը մասնակիորեն փոխհատուցվում է բնական աճի բավարար ցուցանիշներով (2004 թ. 11,06 տոկոս): Բանկի հաշվարկների համաձայն, 15 տարում Հայաստանում ծնվել է 339 հազար երեխա: Ինչ վերաբերում է արտագաղթի վայրերին, շատերի նման հայերը եւս հիմնականում մեկնում են Ռուսաստան: 1989-2004 թթ. Հայաստանից Ռուսաստան մշտական բնակության է մեկնել 223 հազար մարդ: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով ՀԲ համապատասխան զեկուցագիրը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4