«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2007-01-16 | #7, 2007-01-17 | #8, 2007-01-18


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ԽԻՍՏ ԲԵՎԵՌԱՑՎԱԾ ԵՆ

Ինչպես ենք «բիզնես վարում» 176 երկրների կազմում

Համաշխարհային բանկի ուսումնասիրության համաձայն, Հայաստանը «բիզնես վարելու հեշտության» ցուցանիշով 2006 թ.-ին զբաղեցրել է 34-րդ տեղը: Սա ընդհանուր առմամբ բնութագրվեց որպես ոչ վատ ցուցանիշ: Սակայն այն գոյանում է մի շարք ցուցանիշների համադրումից, որոնց գերակշիռ մասի առումով մեր երկիրը անհամեմատ ավելի վատթար դիրքեր է զբաղեցնում, քան միջինացված 34-րդ տեղն է:

Նախՙ ինչպե՞ս է Հայաստանը զբաղեցրել 34-րդ տեղը: Առավելապես «սեփականությունը գրանցելու» ցուցանիշի շնորհիվ: Անցյալ տարի մեր երկիրը աշխարհում զբաղեցրել է 2-րդ տեղըՙ զիջելով միայն Նոր Զելանդիային: Նախորդՙ 2005 թ.-ի համեմատ գրանցվել է առաջընթաց 4 աստիճանով: Ըստ ուսումնասիրության, Հայաստանում սեփականության գրանցումը կադաստրի պետական կոմիտեի սոտրաբաժանումներում կատարվում է 3 քայլով եւ 4 օրում: Պատկերացնելու համար, թե Հայաստանն ինչպիսի առաջընթաց է արձանագրել այս ոլորտում, նշենք, որ տարածաշրջանում (ԱՊՀ), օրինակ, գրանցման ժամկետի ցուցանիշը 102 օր է:

Երկրորդ ցուցանիշը, որտեղ Հայաստանն ավելի բարձր տեղ է զբաղեցնում, քան ընդհանուր 34-րդ տեղն է, «պայմանագրեր կիրարկելն» է: Այստեղ զբաղեցնում ենք 18-րդ տեղը: Նախորդ տարվա համեմատ մեր ցուցանիշը բարելավվել է մեկ տեղով: Առեւտրային պայմանագրերը կյանքի կոչելու համար պահանջվում են 24 քայլ եւ 185 օր: Տարածաշրջանի երկրների միջին ցուցանիշը 31 քայլն է եւ 408 օրը:

Անցյալ տարի ամենամեծ առաջընթացն արձանագրվել է «արտոնագրեր ստանալու» ցուցանիշի առումով: Այստեղ 36-րդն ենք 2005 թ.-ի 70-րդ հորիզոնականի փոխարեն: Արտոնագրեր եւ թույլտվություններ ստանալու համար Հայաստանի գործարարները պետք է անցնեն 18 ընթացակարգեր 112 օրվա ընթացքում: Որոշակիՙ 11 տողով առաջընթաց ենք արձանագրել նաեւ «վարկ ստանալու» ցուցանիշով: Սակայն դեռեւս զբաղեցնում ենք 65-րդ տեղը:

Վերոնշյալով ավարտվում են անցյալ տարի արձանագրված այն դրական տեղաշարժերը, որոնց շնորհիվ «բիզնես վարելու» ընդհանուր ցուցանիշով Հայաստանը 2005 թ.-ի 37-րդ տեղից 3 աստիճանով վեր է բարձրացել եւ զբաղեցրել 34-րդ տեղը: Մնացած այլ ցուցանիշներով կամ շարունակում ենք զբաղեցնել ցածր տեղեր եւ ունենք ցածր առաջընթաց անցյալ տարվա ընթացքում, կամ հետընթաց ենք արձանագրել:

Ամենից մեծ հետընթացն արձանագրվել է «աշխատողների հետ հարաբերվելու» ցուցանիշումՙ 19 աստիճանով: Այն ընդգրկում է աշխատողներ վարձելու դժվարությունը, ծախսը, աշխատանքից ազատելու դժվարությունն ու ծախսը, ժամերի խստությունը: Այստեղ Հայաստանը 41-րդն է:

Մեր երկրի համար խիստ կարեւոր, «ներդնողներին պաշտպանելու» ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է շատ ցածրՙ 83-րդ տեղը: 2005 թ.-ի համեմատ արձանագրվել է հետընթաց 2 տողով: Այս ցուցանիշն ընդգրկում է երեք գործոնՙ գործարքների թափանցիկություն, ինքնուրույն աշխատելու պարտավորություն եւ բաժնետերերի կողմից դատական գործընթաց սկսելու հնարավորություն:

«Բիզնես սկսելու» ցուցանիշով 46-րդն ենք, «բիզնես փակելու»ՙ 40-րդը: Առաջինում 2 աստիճան առաջընթաց ունենք 2005 թ.-ի համեմատ, երկրորդումՙ 1 աստիճան հետընթաց:

Եվ վերջապես մեր ավանդական հետնապահներիՙ «հարկեր վճարելու» եւ «սահմաններից դուրս առեւտուր անելու» ցուցանիշների մասին, որոնք ցույց են տալիս հարկային եւ մաքսային մարմիններում կատարված բարեփոխումները, իսկ տվյալ դեպքումՙ դրանց բացակայությունը:

«Հարկեր վճարելու» ցուցանիշով Հայաստանը 148-րդն է: 2005 թ.-ի համեմատ մեկ աստիճանով ցածր: Հայաստանում միջին չափի ձեռնարկությունը մեկ տարվա ընթացքում հարկեր վճարելու համար պետք է կատարի 50 վճարում, դրա համար ծախսելով 1120 ժամ: Հատկապես ծախսված ժամանակի առումով մեր երկիրը բավականին աննպաստ դիրքում է տարածաշրջանի երկրների նկատմամբ, որտեղ միջին ցուցանիշը 423 ժամն է:

Մաքսային ծառայության աշխատանքները բնութագրող «սահմաններից դուրս առեւտուր իրականացնելու» ցուցանիշով 2006 թ.-ին 119-րդ տեղում ենք: Նախորդ տարվա համեմատ Հայաստանը զիջել է դիրքերը 6 տեղով: Արտահանման փաստաթղթերի ձեւակերպման համար գործարարը պետք է կատարի 7 քայլ, 1 կոնտեյների արտահանման ծախսը 1600 դոլար է, իսկ պահանջվող ժամանակըՙ 34 օր: Այս առումներով Հայաստանն ավելի վատ ցուցանիշներ ունի, քան տարածաշրջանի միջին ցուցանիշներն են: Սա այն դեպքում, երբ արտահանմանն աջակցելը հռչակվում է որպես պետական քաղաքականություն: Ներմուծման համար պահանջվում է 6 քայլ, 37 օր եւ 1750 դոլարՙ մեկ կոնտեյների համար:

Եթե ամփոփենք վերոնշյալը, ապա կարող ենք արձանագրել տարբեր ցուցանիշների առումով խիստ բեւեռացված վիճակը ՙ հատկապես սեփականության գրանցման, մասամբ նաեւ պայմանագրերի կիրարկման ու արտոնագրեր ստանալու ոլորտներում առաջատար դիրքերը եւ դրան հակառակՙ հարկեր վճարելու, սահմաններից դուրս առեւտուր անելու, ներդնողներին պաշտպանելու եւ այլ ցուցանիշների գծով տխուր պատկերը: Ինչը նշանակում է, որ 34-րդ տեղը դեռ գոհացուցիչ արդյունք չէ, եւ բարեփոխումների հրատապ անհրաժեշտությունն է զգացվում հատկապես այնպիսի կոռումպացված կառույցներում, ինչպիսիք մաքսային եւ հարկային մարմիններն են:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4