Խմբագրությունը տարեմուտին շնորհավորանք-բացիկ-հուշանվերներից բացի ստացել է նաեւ օրացույցներ: Մեր շնորհակալությունը` որոշակի անդրադարձներով: Դրանց մի մասը հետաքրքրական մտահղացումներով` լուսանկարչական արվեստի գործեր են, նաեւ բովանդակային որոշակի ուղղվածություն ունեն: UNICEF-ի տարվա օրացույցի լուսանկարչական թեման ուղղված է սոցիալական անպաշտպանվածությանը, օրվա էջերը թերթողներիս հիշեցնում են կյանքի թշվառությունը` հիվանդների, տնանկների, սովյալների, որբ երեխաների գոյության եւ նրանց օգնելու անհրաժեշտության մասին:
Կենտրոնական բանկի, ԱՄՆ զարգացման ծրագրի, Բրիտանական խորհրդի, Զարգացման հայկական բանկի, Հայաստանում Կորեայի պատվո հյուպատոսարանի (հյունդաի մեքենաներով), ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի, Եվրասիայի օրացույցները պատի, սեղանի, մի մասն էլ օրագրային նշումների համար կիրառական եւ նպատակահարմար նշանակությամբ են:
Մի առանձին խումբ են կազմում Հայաստանի պատմամշակութային վայրերին, աշխարհագրությանը, բնությանը նվիրված օրացույցները: «Նարեկացի արվեստի միությունը» ներկայացնում է Landscapes Armenia, Հակոբ Հովհաննիսյանի` հայկական լեռնաշխարհի հրաշալի լուսանկարներով օրացույցը, որտեղ գունային արտահայտչականությունը լույսի մաքուր արտացոլման շնորհիվ բացառիկ երանգներ է ստացել:
Գունային հարստությամբ աչք է շոյում Colors of Armenia արտգործնախարարության օրացուցային հրատարակությունը (լուսանկարիչ` Հրայր Խաչերյան):
«Ժառանգություն ապագային» ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի օրացույցը ներկայացնում է հայ հոգեւոր ճարտարապետության մի ընտրանիՙ Սանահին, Գեղարդավանք, Զվարթնոց, Գառնի, Տաթեւ, Հռիփսիմե, Նորավանք, Հաղարծին...
«Արցախի Տիգրանակերտ`«Երկիր Միության» օրացույցին պատկերված են Տիգրանակերտի միջնաբերդի վաղ շրջանի հայկական ճարտարապետության պահպանված հատվածներ, պեղումներից հայտնաբերված իրեր` վաղ քրիստոնեական մշակութային մի շերտի հետքեր:
«Շուշի վերածնունդ» հիմնադրամի Շուշի-2007-ն առանձնահատուկ է բովանդակային առումով: Մտահղացողներն օրացույցի առիթը հրաշալիորեն են օգտագործելՙ ներկայացնելու հայկական հինավուրց բերդաքաղաքի պատմությունն ու այսօրը, նրա մշակույթը, ճարտարապետությունըՙ եկեղեցիները, կրթարանները:
Առավել ուշագրավ են Թեքեյան մշակութային միության եւ Արարատյան հայրապետական թեմի օրացույցները: Արդեն ավանդույթ դարձրածՙ ԹՄՄ-ն ներկայացնում է մշակութային իր օրացույցները` նվիրված հայ կերպարվեստի նշանավոր վարպետների գործերին: ԹՄՄ նախագահ Ռուբեն Միրզախանյանի յուրահատուկ վերաբերմունքը գեղանկարչությանը դրսեւորվում է նաեւ այս ձեւի մեջ: ԹՄՄ-ի այս տարվա պատի մեծադիր 2 օրացույցն էլ գեղանկարչական են: Տպագրության բարձրորակությամբ եւ արվեստային բնույթով դրանք հետաքրքրություն եւ պահանջարկ են վայելում ոչ միայն Հայաստանում, այլեւ սփյուռքում. տպաքանակի մի մասն առաքվում է սփյուռք, որտեղ մեր հայրենակիցները նույնպես առիթ են ունենում տարին բոլոր իրենց հայացքի տակ ունենալու հայ վարպետների նկարչական արժեքավոր ստեղծագործություններ, որոնք այսկերպ էլ ճանաչելի են դառնում ոչ միայն սփյուռքահայերին, նաեւ շատ հայաստանցիների: Օգտագործված նկարները, մասնավոր անձանց հավաքածուներից, ներկայացնում են սփյուռքահայ եւ տեղի արվեստագետների գործեր` Գրիգոր Շլդյան, Հովհ. Այվազովսկի, Ժանսեմ, Վարուժան Վարդանյան, Մինաս Ավետիսյան, Դմիտրի Նալբանդյան, Ռուբեն Աբովյան, Գեւորգ Եղիազարյան, Մարիամ Ասլամազյան, Մարտիրոս Սարյան, Փանոս Թերլեմեզյան, Գեւորգ Բաշինջաղյան (տպագրության հովանավոր` «Անելիք» բանկ), Մ. Սարյան, Էդվարդ Իսաբեկյան, Հարություն Կալենց, Մինաս Ավետիսյան, Գաբրիել Գյուրջյան, Վարուժան Վարդանյան, Արա Բեքարյան, Անատոլի Գրիգորյան, Սարգիս Համալբաշյան, Հակոբ Կոջոյան, Հովհ. Այվազովսկի, 2-րդ օրացույցի տպագրության հովանավորն է «Եվրոստան-ույուտ» կազմակերպությունը:
Առանձին ուշադրություն է հրավիրում Արարատյան հայրապետական թեմի այս տարվա օրացույցը մտահղացման առանձնահատկությամբ: Այն ձեռք բերողները հետագայում կարող են օգտվել դրանից ինչպես գիրք-ալբոմից` տարեվերջին կտրելով օրացուցային մասը: Օրացույց-ալբոմը բացվում է Ամենայն հայոց հայրապետ Գարեգին 2-րդի եւ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանի` առ հայրենին եւ ժողովուրդն ուղղված օրհնանքի ու հույսի խոսքերով: Գեղանկարչական ալբոմ-օրացույցն ընդգրկում է հայ մանրանկարչության նմուշներ, մինչ այդ անդրադարձը Ռ. Դրամբյանի եւ Լ. Դուռնովայի ուսումնասիրությունից հատվածներ որոշակի պատկերացում է տալիս կերպարվեստի այս ժանրի առանձնահատկությունների մասին: Եկեղեցական տոնացույցը, արվեստի եւ տեքստային մասերը հրաշալիորեն լրացնում են միմյանց: Ընտրված մանրանկարի եւ տոնացույցի զուգադիր էջը ներկայացնում է եկեղեցական տոների եւ հոգեւոր խորհուրդների մեկնաբանությունները: Ինչպես` Հունվար-տոնացույց-օրացույցի վերեւում` մանրանկար-«Քրիստոսի Ծնունդը», 1268, Ավետարան: Ծաղկող` Թորոս Ռոսլին: Կիլիկիա: Զուգադիր էջին տեքստային մեկնաբանություն` Սուրբ ծննդի եւ Մկրտության: Ապրիլ-մանրանկար` «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ», 1286, Ճաշոց, Կիլիկիա: Համապատասխանաբար` Ծաղկազարդի, Սբ. Հարության տոների եւ Հաղորդակցության խորհրդի մեկնաբանությունը: Այս օրացույցը ուսանելի է եւ ճանաչողական նշանակությամբ վստահաբար օրերը թերթատողներին որոշակի պատկերացում կտա քրիստոնեության հոգեւոր խորհուրդների եւ հայ եկեղեցու տոների մասին:
Արարատյան հայրապետական թեմի եկեղեցիների 23 բացիկների հավաքածուն` շքեղ տպագրությամբ եւ ձեւավորման գեղագիտական բարձրաճաշակությամբ, արժանի է առանձին հիշատակման: Դեղնադարչնագույն մագաղաթ հիշեցնող թղթի ֆակտուրան` մուգ շագանակագույն երիզներով ու ոսկեփայլով, ստեղծում է հոգեւոր զգացողությունների մթնոլորտ ու մոտեցման այս ձեւի մեջ զետեղված են թեմին պատկանող եկեղեցական հին ու նոր կառույցների պատկերները` Սբ. Աստվածածին, Սբ. Սարգիս, Սբ. Հակոբ, Սբ. Երրորդություն, Կաթողիկե-Սբ. Աստվածածին (Երեւան), Սբ. Հարություն, Սբ. Սարգիս (Արարատի մարզ) եւ այլն: Բացիկների հետեւում ուղեցույց է` եկեղեցական համալիրների եւ Արարատյան թեմի առաջնորդարանի հասցեներով. եկեղեցիների անունները` ոսկեփայլի մեջ, շատ տպավորիչ է, սակայն կարեւոր մեկ այլ տեղեկություն բացակայում է. եկեղեցիների թվագրումը, ցավոք, տեղ չի գտել դրանց անվանման կողքին:
Կարելի է արձանագրել, որ արդեն ձեւավորվել է օրացույցի ձեւավորման, կազմման եւ տպագրության մշակույթ:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ