«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2007-01-17 | #8, 2007-01-18 | #9, 2007-01-19


ԾԱՌԸ ԵԹԵ ԱՐՄԱՏՆԵՐՈՎ ՉԻ ԳՐԿՈՒՄ ՀՈՂԸ, ԱՅԴ ՀՈՂԸ ԳՆԱՑՈՂ Է

Խորհրդային տարիներին, երբ այսպես կոչված սոցիալիստական բարեկեցության ականատեսության նպատակով Եթովպիայից հյուրեր էին ժամանել Ղարաբաղ, այն ժամանակվա ԼՂՀ մարզային ղեկավարությունը նրանց տարել էր Ասկերանի շրջանի Նորագյուղ բնակավայր, որովհետեւ սոցիալիզմին բնորոշ բոլոր պայմաններն այդտեղ ակնհայտ էին: Գուցե թե սա խորհրդային ցուցադրամոլություն էր, սակայն ոչ ոք չի կարող հերքել, որ Նորագյուղն, իրոք, խորհրդային չափանիշներով բարեկեցիկ գյուղ էր:

Ժամանակները փոխվել են, փոխվել է ոչ միայն հասարակարգը, այլեւ հանրային մտածողությունը: Բայց եթե այսօր Եվրոպայից ներկայացուցչական խումբ ժամանի Ղարաբաղ եւ ցանկանա ականատեսը դառնալ Արցախի նորօրյա բարեկեցության, ապա առաջին հերթին մատնացույց կարվի Մարտակերտի շրջանի Վանք գյուղը: Անշուշտ, այստեղ առկա են այն բոլոր պայմանները, որոնցով չափորոշվում է բարեկեցության աստիճանը: Գյուղ, որտեղ սոցիալական պայմաններն առավել բարենպաստ են, քան Արցախի մյուս բնակավայրերում, որտեղ համարյա չկա գործազրկություն եւ որտեղ ծննդաբերությունը խրախուսվում է շոշափելի նյութականությամբ: Եթե այս ամենին ավելացնենք նաեւ Վանքի բնակչության մեջ իշխող բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը, ապա իրավամբ կարելի է այդ բնակավայրն անվանել «ոսկե քաղաք»: Եվ այս «ոսկե քաղաք» կերտողն ընդամենը մեկ անձ է` մեծահամբավ գործարար Լեւոն Հայրապետյանը, որի համար նախնիների ծննդավայրն ավելին է, քան սեփական երազանքի ոսկե լեռը:

Ինչո՞ւ այս համեմատությունն արվեց: Թե՛ խորհրդային ժամանակներում եւ թե՛ Արցախի նորանկախության այս փուլում առկա են բոլոր նախադրյալները մեր բնակավայրերը հիրավի շեն ու բարգավաճ դարձնելու: Դա ասում ենք զուտ ներունակության առումով: Բայց ահա իրականության մեջ պատկերը բոլորովին այլ է: Անշուշտ, պետությունն ամեն ինչ անում է, որպեսզի անկախություն հռչակած այս փոքրիկ երկրամասը լինի ծաղկուն: Այն սոցիալ-տնտեսական, կրթամշակութային ծրագրերը, որոնք իրականացվում են ԼՂՀ-ում, իրոք նշանակալից են: Բայց արդյոք հանրապետության բոլո՞ր գյուղերում սոցիալ-հոգեբանական կացությունը ոգեւորության իրական առիթ ունի: Այս տարի ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության ձեռնարկած մեծախումբ ուղեւորությունները հանրապետության տարբեր շրջաններ ու բնակավայրեր լուրջ մտորումների առիթ են տվել: Կան դպրոցներ, որոնք բարեկարգ են, հնարավորինս գեղեցիկ կահավորված, սակայն նույն այդ դպրոցներում աշակերտների թիվը տարեցտարի նվազում է: Մի քիչ աբսուրդային վիճակ է ստեղծվում. կարծես ամեն ինչ արվում է բարելավելու գյուղացու սոցիալ-մշակութային պայմանները, սակայն դրան հակառակ գյուղերում ծննդաճը նվազում է:

Զերծ մնալով վիճակագրական տվյալների մեջ խորանալուց, փաստենք այն, ինչի ականատեսն ենք եղել բազմաթիվ գյուղեր կատարած շրջագայությունների ընթացքում: Շատ գյուղապետներ ցավով նշում են, որ իրենց համայնքում ամուսնությունների թիվը նվազել է: Երիտասարդները չեն ուզում ամուսնանալ` պատճառաբանելով աշխատանք եւ առանձին կացարան չունենալը: Բնական է, եթե ամուսնությունները նվազում են, զուգահեռաբար նվազում են նաեւ նոր ծնունդները: Եվս մի ոչ այնքան հաճելի իրողություն է նկատվում. արցախցի աղջիկները դրսում ապրող մեր հայրենակիցների համար հարսնացու ընտրելու հարուստ «շտեմարան» են: Հասկանալ կարելի է նրանց, քանզի օտար երկրում ապահովելով բարեկեցիկ կյանք` վտարանդիության մեջ ապրող մեր հայրենակիցներից շատերն ուզում են իրենց կենսածառը պատվաստել հայրենի «պատվաստանյութով»: Իսկ շատ ծնողներ էլ, առաջնահերթելով իրենց զավակների բարեկեցության հեռանկարը, չեն խոչընդոտում նման ձեռնարկումներին: Այս թեման արծարծելիս իմ ծանոթներից մեկը դա նմանեցրել է... ներազգային թրաֆիկինգի: Խիստ է ասված, բայց որոշակի ճշմարտություն կա: Շատ աղջիկներ էլ ամուսնանալու նպատակով գյուղերից տեղափոխվում են քաղաք եւ մնում այնտեղ, որովհետեւ գյուղի երիտասարդները բարեկեցություն չեն խոստանում ապագա ընտանիքի համար:

Գյուղաբնակների հետ ունեցած զրույցների ընթացքում մենք բախվել ենք նաեւ այլ խնդիրների: Մասնավորապես Արցախի գյուղական շատ բնակավայրեր այսօր զրկված են իրենց ավանդական տնտեսաճյուղերը զարգացնելու հնարավորությունից: Մի պարզ օրինակ. Հադրութի շրջանի Ազոխ գյուղը սոցիալիստական տարիներին հայտնի է եղել խաղողագործությամբ: Այստեղ այնքան ոգեւորիչ էր բերքի առատությունը, որ ամեն տարի գյուղովի բերքի տոն էին կազմակերպում: Այսօր Ազոխում ոչ միայն չեն զբաղվում խաղողագործությամբ (ազոխցիները նույնպես միամտաբար արձագանքելով գորբաչովյան 1985 թվականի հայտնի որոշմանը` ոչնչացրել են տնտեսության խաղողայգիները, իսկ նոր այգիներ միայնակ հիմնել ի զորու չեն), այլեւ այգեգործությունը նույնիսկ դարձել է սիրողական զբաղմունք: Առկա է նաեւ ոռոգելու ջրի պակասությունը, անձրեւ կլինի` բերք կունենան, չէ` կմխիթարվեն Աստծո տվածով: Ազոխի օրինակը բնութագրական է Արցախի շատ բնակավայրերի համար: Եթե տվյալ գյուղը ընտրում է տնտեսական զարգացման համար որեւէ ճյուղ, ապա դա պայմանավորված է ոչ միայն տեղաբնակների տրամադրվածությամբ, այլեւ բնակլիմայական պայմաններով: Եվ դա կարելի է անվանել նաեւ պատմականորեն ձեւավորված կենսաձեւ: Այսօր այդ կենսաձեւը խախտվել է: Դրա գլխավոր պատճառներից մեկը Ղարաբաղին պարտադրված պատերազմն է, որը հիմնաքանդել է գյուղական տնտեսությունները: Մյուս կողմից էլ` գյուղաբնակները չեն կարող իրենց ավանդական արտադրաճյուղը զարգացնել, որովհետեւ համապատասխան տնտեսական քաղաքականություն չի տարվում: Իհարկե, առկա է շուկայական հարաբերությունների գործոնը, բայց պետք է նաեւ գյուղերի տնտեսական զարգացումը խթանել ըստ նրանց առանձնահատկությունների: Ի դեպ, գյուղացիների հետ զրույցի ընթացքում այս միտքը հաճախակի էր շոշափվում: Սոցիալական կեցության ծառն արմատներով պետք է ամրապնդված լինի այնպիսի տնտեսական իրողությունների վրա, որոնք առավել բնութագրական են տվյալ տեղավայրին:

Անդրադառնալով հոդվածի սկզբում ասված մտքին, մասնավորապես դպրոցներում աշակերտների քանակի նվազեցմանը եւ ընդհանրացնելով տասնյակ գյուղերում մեր ունեցած հանդիպումների ժամանակ հնչած մտահոգությունները, այն եզրակացությանն ենք հանգում, որ մեր շատ գյուղեր մատնված են ինքնահոսի: Թերեւս տեղին է հիշատակել ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի միտքը, որը նա հնչեցրել է վերոհիշյալ «դեսանտական» առաքելությունների առիթով. «Եթե պատերազմում ձեռք բերած հաղթանակը չամրապնդենք խաղաղության մեջ ձեռք բերածով, նշանակում է` բոլոր հաղթանակները տանուլ ենք տալիս: Սա ավելի պատերազմ է, քան պատերազմը: Եթե ծառն արմատներով չի գրկում հողը, այդ հողը գնացող է` քամուց, ձյունից, անձրեւից: Մեր պաշտոնյաները պետք է լինեն տեղերում եւ տեսնեն, թե ինչպես է իրականում ապրում մեր ժողովուրդը»:

Հիրավի, աշխատասենյակներից գունավոր ու գեղեցիկ են երեւում լեռների մշուշի մեջ կորած մեր գյուղերը, եւ աշխատասենյակներում էլ հեշտ է տեղեկանքներ պատրաստել ժողովրդի բարեկեցության մասին: Ցանկալի կլիներ, որ մեր շատ նախարարներ տեղեկություններ մատուցեին հանրությանը, թե քանի անգամ են եղել շրջաններում, հանդիպել կոնկրետ անձանց հետ, ուսումնասիրել նրանց խնդիրները: Այս տողերը տասնյակ գյուղերում ունեցած հանդիպումներից հավաքված պատգամ են նույն այդ պաշտոնյաներին:

Լինել տեղերում, ծանոթանալ առկա խնդիրներին` նշանակում է գտնել նաեւ դրանց լուծման ուղիները:

ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4