ՎԱՇԻՆԳՏՈՆ, 18 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Stratfor» ամերիկյան հեղինակավոր վերլուծական կենտրոնի փորձագետները գտնում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական կարգավորումը մոտ ապագայում քիչ հավանական է:
«Ադրբեջանն էապես ավելացրել է էներգետիկ նախագծերից ստացվող իր եկամուտները եւ խոստացել է 2007 թվականին պաշտպանության համար ծախսել 1 միլիարդ դոլարՙ 2006 թվականի 700 միլիոնի փոխարեն: Թեեւ Ադրբեջանի բանակը զիջում էր Հայաստանի զինված ուժերին, սպառազինության մրցավազքը կարող է ահագնացնել առճակատումը հայերի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի շուրջ», ասված է 2007 թվականի կանխատեսումների մեջ, որոնք երեկ հրապարակել է «Stratfor»-ը:
Ըստ վերլուծականի հեղինակների` «ինչպես եւ Վրաստանի անջատողական շրջանների դեպքում, Կոսովոյի կարգավիճակի հստակեցումը կհանգեցնի ղարաբաղյան հակամարտության սաստկացման»:
«ՄԱԿ-ը գրեթե հաստատ անկախություն կշնորհի Կոսովոյին, դա կդրդի Ռուսաստանին նույնը պահանջել իր սահմաններից դուրս գտնվող անջատողական տարածքների համար: ՌԴ-ն ձգտելու է մեծացնել իր ներկայությունը Աբխազիայում եւ Հարավային Օսիայում խաղաղապահ գործողությունների անվան տակ, Վրաստանը համարժեք կերպով պատասխանելու է: Հաշվի առնելով Մոսկվայի եւ Թբիլիսիի լարված հարաբերությունները` հակամարտությունը կարող է վերաճել պատերազմի նման մի բանի», նշել են ամերիկացի վերլուծաբանները:
Ամփոփելով այս ամենը` «Stratfor»-ի մասնագետները եզրակացրել են, որ 2007 թվականին «լարվածությունը Հարավային Կովկասում աճելու է»: