Կուսակցություններին չթույլատրել գնալ ընտրությունների
Մտավորականների ավագանին իր 11-րդ հավաքն անվանել էր «Հայաստանը ճակատագրական խաչմերուկում»: Ողջ ֆորումը համարյա ողբերգական տրամադրություններով էր ներծծված, քանի որ ավագանու խորհրդի անդամ բանախոսներն իրենց ելույթներում բազմիցս օգտագործում էին «օրհասի դեմ ենք կանգնած», «ահավոր պահը սփռված է մեր դեմ», «ներքին թշնամին նստած է մեր մեջ», «ազգային խղճի գիտակցումը չկա», եւ բազմիցս կրկնված այլ արտահայտություններ` հոռետեսության շատ ավելի մեծ չափաբաժիններով: Ավելին, նրանք խնամքով քրքրեցին նաեւ պատմության խորքերը` ապացույցներ բերելով Խորենացուց, Թումանյանից ու Իսահակյանից, որոնց նպատակը 11-րդ ֆորումի բավական անհավանական առաքելության հաստատումն էր` «Ժամն է միավորվելու»: Համայն հայությունը պիտի միավորվի, որպեսզի, ինչպես ներկայացրեց Խորեն Պալյանը, «մենք մեր ներքին ներուժով, առանց արտաքին ուժերի վրա հույս դնելու կարողանանք մեր գործը կատարել, շատ քիչ ժամանակ է մնացել»: Խոսքը, ինչպես հետո պարզվեց բանախոսների պատմական փաստերով խիստ հագեցած ելույթներից, գալիք ընտրությունների նոր, հավանական խախտումներին էր վերաբերում:
Մտավորականների հավաքի մեխը «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանի ելույթն էր, որը ներկայացրեց կուսակցությունների նախընտրական վարքագծի իր հետազոտությունը:
Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը հավաքի մասնակիցներին կոչ արեց հետեւել այդ հետազոտությունից արված իրենց եզրահանգմանը. այն է` 4 կուսակցություններին, որոնք արդեն իսկ կեղծիքներով են գնում ընտրությունների, չպետք է թույլ տալ մասնակցել ընտրությունների: Ըստ Ռուբեն Թորոսյանի, հակաօրինական նախընտրական քարոզչություն են իրականացնում «Բարգավաճ Հայաստան» եւ «Ժողովրդական» կուսակցությունները: «Բարգավաճ Հայաստանի» վարկանիշի աճը նրա բարեգործական ակցիաների հետեւանք է: Նույն սկզբունքով է աշխատում նաեւ «ժողովրդական» կուսակցությունը, եւ այս 2 կուսակցությունների գործունեությունը բարեգործական ծրագրերի իրականացման է վերածվել:
Ռուբեն Թորոսյան նախկին դաշնակցականը դատափետեց նաեւ «հին ընկերներին»` առ այն, որ «Հայաստանում գործող «ՀՅԴ» կուսակցության հայաստանյան կազմակերպությունն իր ղեկավար մարմիններով (Հայաստանի Գերագույն ժողով եւ Հայաստանի Գերագույն մարմին) չի գրանցվել ՀՀ պետական ռեգիստրում, սակայն գրանցվել է ԿԸՀ-ում: Փաստաթուղթը պետռեգիստրում գրանցվել է առանց «Հայաստան» բառի:
Ռուբեն Թորոսյանի նախընտրական մեղադրանքների սուր սլաքն ուղղված էր դեպի Հանրապետական սուպերկուսակցությունը: Ըստ նրա, վերջինս պաշտպանության նախարարին իր շարքերում անդամագրելով խախտել է սահմանադրության 8.2, «Կուսակցությունների մասին» «Զինվորական ծառայության անցնելու մասին» օրենքների դրույթները, որոնք սահմանափակում կամ մերժում են զինծառայողների` կուսակցությունների անդամագրվելու իրավունքը: Քաղաքականացված պաշտպանության նախարարի առկայությունը, բնականաբար, վերացնում է նաեւ բանակի չեզոքությունը:
Իր ելույթում Ռուբեն Թորոսյանը մեղադրեց նաեւ ԿԸՀ 7 անդամներին, որոնք ոչ վաղ անցյալում մասնակից են եղել սահմանադրական հանրաքվեի կեղծմանը:
Մի խոսքով, «Մտավորականների ֆորումի» ակնկալիքներով, «համայն հայությանը միավորելով», կարելի է կանխել ընտրությունների կեղծումը:
Մտավորականների ֆորումի համակարգող խորհրդի անդամ Արմեն Սարգսյանն իր ելույթում այսպիսի ձեւակերպում արեց. «Մենք ունենք մտավորականներ, բայց չունենք մտավորականություն»: Եթե մտավորականությունն ինքը խոստովանում է իր տարերային ու բաժան-բաժան գործելու մասին, ի՞նչ է ուրեմն ակնկալում ժողովրդից, ինչպե՞ս է տեսնում «համայն հայության միավորումը»:
Հայաստանի քաղաքական իրողություններում մի բան միայն հստակ է` բոլոր կուսակցությունները` «դիմադիր», թե ընդդիմադիր, հռետորական հայտարարությունների ու տեսությունների խոսափողներ են դարձել, հնչեցնում են ծրագրեր ու գաղափարներ, որոնք ամենից առաջ անիրական ու անհավանական են, եւ վաղուց հոգնեցրել են հասարակությանը: Հասարակություն, որի խորքերում իսկապես հասունացել է սոցիալական դժգոհությունը, բայց որը ոչ ընտրությունների արդարության համար պայքարելու, ոչ իր դժգոհությունը պայթյունի վերածելու ցանկություններ առայժմ չի արտահայտում:
Այլ գործող անձինք ու առաջնորդներ են պետք:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ