Ընդդիմության առողջ ուժերը պետք է համախմբված գնան խորհրդարանական ընտրություններին, վերցնեն մեծամասնությունը, խորհրդարանում ստեղծեն կառավարություն եւ ապա իրենց թեկնածուով գնան նախագահական ընտրություններին: Այս կարծիքը, ավելին` համոզմունքը երեկ հայտնեց «Սահմանադրական իրավունք միություն» (ՍԻՄ) կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը: Նրա կարծիքով, գաղափարական հենքով միավորված ընդդիմությունը, որ պետք է խորհրդարան գնա 2-3 խոշոր բլոկներով, պետք է դառնա նորընտիր խորհրդարանի կոալիցիայի բաղադրիչը:
Հայկ Բաբուխանյանը նշեց, որ ընդդիմադիր դաշտում այնուամենայնիվ առողջ ուժերը պահպանվել են, որոնք անշահախնդրորեն պայքարում են ժողովրդի համար: Եվ այն ուժերը, որոնք չեն ընկել 5 տոկոսը ձեռք բերելու ստորջրյա պայմանավորվածությունների մեջ եւ պայքարում են այս իշխանությունը փոխելու դեմ, ՍԻՄ-ի նախագահը համարում է իրենց դաշնակիցը եւ այժմ էլ քննարկում է ընտրություններին նրանց հետ գնալու հնարավորությունը: ՍԻՄ-ի ղեկավարի խոսքով, խնդրի շուրջն այժմ իրենք խորհրդակցում են «Արդարություն» դաշինքի հետ, որի մասն են կազմում, «Դաշինք» կուսակցության հետ, ինչպես նաեւ քաղաքական համաձայնության համաձայնագիր են ստորագրել «Օրինաց երկրի» հետ:
Վստահ լինելով ընդդիմության մեջ առողջ ուժերի գոյությանը` Հայկ Բաբուխանյանը խոսեց նաեւ հիվանդ կամ կասկածելի ընդդիմադիր ուժերի մասին: Թեեւ անուններ չտվեց, բայց կասկածելի համարեց այն ընդդիմադիրներին, ովքեր մի ժամանակ իշխանության մեջ էին եւ այնտեղից դուրս գալուց հետո դարձել են ընդդիմադիրներ: ՍԻՄ-ի ղեկավարը հստակեցրեց, որ խոսքը այն ուժերի մասին չէ, ովքեր սեփական սկզբունքների համար իրենց կամքով են դուրս եկել իշխանությունից: ՕԵԿ-ի համար ասաց. «ՕԵԿ-ը կարողացավ ուժ գտնել իր մեջ եւ իր սկզբունքների համար դուրս գալ կոալիցիայից` ի տարբերություն ՀՅԴ-ի, որը լինելով կոալիցիայի մեջ` անընդհատ դժգոհում է իշխանություններից»: Նա դեմ եղավ ՕԵԿ-ի ներկայիս վիճակի նմանեցմանը ՀՀՇ-ին` նշելով, որ ՀՀՇ-ի ժամանակ իրավիճակն այլ էր, եւ հեղափոխության նման մի իրավիճակ կար: Ինչ վերաբերում է իշխանական կուսակցությունների հետ համագործակցությանը, ապա Հայկ Բաբուխանյանը բացառեց նրանց հետ նախընտրական շրջանում որեւէ տեսակի համագործակցությունը:
«Ո՞ր գաղափարները կարող են ընդհանուր կամ ընդունելի լինել խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գնացող ընդդիմության համար» հարցին պատասխանելիս Հայկ Բաբուխանյանը մատնանշեց արտաքին քաղաքականության մեջ արեւմտյան կողմնորոշումը (այսպես է մտածում «Հանրապետություն» կուսակցությունը), տնտեսության մեջ լիբերալության աճը (ՀՀՇ), եվրոպամետ քաղաքականությունը (ՕԵԿ) եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը: «Փաստարկ» ակումբի հյուրը Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացումը կարեւորեց Հայաստանի անվտանգության տեսակետից:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային ծրագրերից Հայաստանի դուրս մնալու եւ ճահճուտում հայտնվելու հանգամանքի վերաբերյալ Հայկ Բաբուխանյանը եւս ծրագրեր ունի: Նա վստահ է, որ Հայաստանը պարտավոր է պատասխան տալ Բաքու-Ջեյհանին, որով տարածաշրջանում Արեւմուտքի համար Ադրբեջանը դառնում է հիմնական խաղացողը: Էներգակիր հոսքին մեր երկրի միանալու համար Հ. Բաբուխանյանը Իրան-Հայաստան-Ռուսաստան նախագիծն ունի, իսկ փակ ճանապարհների մասով առաջարկում է Աստրախան-Իրան-Հայաստան ճանապարհի նախագիծը: Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, ապա համոզված է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում բավարար աշխատանք կատարել հակամարտության կարգավորման համար. «Ղարաբաղի հարցում մենք նախահարձակ քաղաքականություն չենք տեսնում ո՛չ քարոզչության, ո՛չ արտաքին քաղաքականության մեջ»:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ