«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2007-01-17 | #8, 2007-01-18 | #9, 2007-01-19


ՄԵՐ ՆԱՎԸ ՊԱՀՈՂ ԽԱՐԻՍԽԸ

1999 թվականի նոյեմբերին մեզանից հեռացավ Լեւոն Հրաչյայի Ներսիսյանը, մարդ, ով 20-րդ դարի գոնե 60-70-ական թվականներին իր տեղն էր ստեղծել մեր ժամանակի մեջ: Շվարել էինք իր հեռանալու պատճառով: Առավել շվարել էին Երեւանի պետական համալսարանի ղեկավարները, ովքեր չէին ցանկանում այս ոգեղեն մարդու մարմինը մի քանի ժամով տեսնել համալսարանում այն պատճառաբանությամբ, թե Լեւոն Ներսիսյանը ոչ միայն գիտական կոչում ու աստիճան չուներ, այլեւ մի քանի տարի էր, ինչ չէր դասախոսում այս բարձրագույն դպրոցում: Նա, իսկապես, այլեւս չէր գալիս համալսարան, որովհետեւ արդեն տեղ չուներ այդտեղ:

Տիգրան Մանսուրյանը այսպիսի մի նուրբ դիտարկում ունի.

- Երրորդ հազարամյակը մյուս ժամանակներից տարբերվում է նրանով, որ հիմա միջակ մարդու ժամանակն է, դիմացկուն մարդու ժամանակը: Զգայուն, ոգեղեն մարդիկ այսօր չեն կարող դիմանալ...

Այո, այդպես է: Չարենցի, Սեւակի, Շիրազի, Լեւոն Ներսիսյանի, այսինքն` ոգեղեն մարդկանց ժամանակն անցավ: Եվ մենք պիտի սպասենք այսօր, մինչեւ կրկին գա ոգեղեն լիցքերի համախմբման, դրանց կիզակետման ժամանակը: Այս ամենը լավ էր նկատել ինքըՙ Լեւոն Ներսիսյանը, ով 1999 թվականին, իր մահվանից քիչ առաջ ասում էր.

- Հենց շարժման առաջին օրերին ասել եմ. մի սերունդ հանեք մեջտեղից, մի սերունդ կորցնելու ենք: Բայց այդ կորուսյալ սերնդի մեջ կգտնվեն մարդիկ, որոնք կվերադարձնեն թե ինձ ու քեզ, թե առայժմ անհայտ մնացած մեր երկրի ոգիներին...

Հոգի ու աչք է պետք ունենալ, որպեսզի կարողանանք զգալ ու տեսնել մեր կորուստը 20-րդ դարավերջին, զգալ ու տեսնել, որ 1960, 70-ական թվականների սլացքը չունենք: Կար, իհարկե, Խորհրդային Միություն բռնակալությունը, բայց ոչ մի ստրկապետություն հոգու ազատությունը դեռ չի կարողացել բանտարկել: Եվ, ի վերջո, ազատ է այն մարդը, ով վեր է մարդկային կրքերից: Լեւոն Ներսիսյանն այդպիսին էր: Պատահական չէ, որ 60-70-ական թվականները ոմանք համարում են նաեւ Լեւոն Ներսիսյանի ժամանակներ: Տանը լիներ, թե սրճարանում (ավելի հաճախՙ նկարիչների տան հարեւանությամբ, «Երեւան» հյուրանոցի բացօթյա սրճարանը) նրա ուշադրության կենտրոնում էր, թեեւ իր կողքին, իր հետ սեղանի շուրջ ոչ պակաս մարդիկ էին միշտ լինումՙ Էդմոն Ավետյան, Էրիկ Աթայան, Հրանտ Թամրազյան, Ալբերտ Կոստանյան, Տիգրան Մանսուրյան... Ինչի՞ մասին էին խոսում: Ամեն ինչի: Սեղանի շուրջ կայացած այդ զրույցները շատ ավելին արժեին, քան 20 համալսարան...

Կարճ ժամանակով մեկնեց Փարիզ եւ դասախոսում էր Սորբոնի համալսարանում: Բայց հետ եկավ...

- Աշխատանք ունեի, տուն ունեի... Ամեն ինչ թողեցի ու եկա: Ասացիՙ ես խարիսխ եմ: Նավապետը կարող է սխալվել կամ փոխվել, նավաստիները կարող են ընկղմվել ծովի մեջ, մկները կարող են փախչել նավից: Բայց նավը պիտի կանգուն մնա: Իսկ կանգուն մնալու համար նա պետք է խարիսխ ունենա: Ոչինչ, որ ես ժանգոտած խարիսխ եմ, բայցՙ խարիսխ եմ: Ես եկել եմ այստեղ ասելու համարՙ ոչ մի տեղ չեմ գնա, ոչ մի բնակարանով, աշխատանքով, ոչ մի Սորբոնով ինձ գայթակղել հնարավոր չէ, որովհետեւ քանի որ ես Հայաստանում եմ, ուրեմն նավը դեռ ընկղմված չէ... Դուք, սիրելիներս, նոր սերնդի սփռված հայեր, ուր որ լինեք, վաղ թե ուշ ճանապարհը պետք է բերի ձեզ այստեղ: Տեսել եք դուք Հայաստանը, թե չեք տեսել, պատկերացնում եք թե դա ինչ էՙ նշանակություն չունի, Արգիշտի թագավորին եք ընդունում որպես առաջին հայ թագավոր, որ (ես չեմ ընդունում), թե ինչ-որ ուրիշ մեկինՙ նշանակություն չունի: Միայն նա նշանակություն ունի, որ դուք մեծահարուստ, թե աղքատ, բիզնեսմեն, թե մեծ գիտնական, դուք, որ հոն եքՙ Կեսարիո մեջ, նիկոմեդիացի եք, Պոլսից եք, Շուշուց, Թիֆլիսից, Սալմաստից... բոլոր կողմերից, նշանակություն չունի, որովհետեւ դուք տարբեր չեք իրարից, կտեսնվենք մենք, թե ոչ, նշանակություն չունի, որովհետեւ երկրի ոգիները միշտ նույնն են: Նրանք մեզ համար եւ կուրախանան, եւ կտխրեն այս Հայք աշխարհի, այս Արմենիա աշխարհի թաքուն, թաքնաթաքուն մնացած ամեն մի տեղում: Ո՛չ կաթոլիկ են, ո՛չ ուղղափառ են, ո՛չ բուդդայական են, ո՛չ կրիշնայական են, այլ անհայտ մի ցեղ, անհայտ ոգիների ցեղ, որի գաղափարը մեզ պահում է, հիացնում է եւ կպահի այնքան ժամանակ, քանի դեռ ձեր նման ինձ ունկնդրողների եւ իմ նման այսպես խոսողների նման մարդիկ կան...

Շատերն են փորձում այսօր պարզել Լեւոն Ներսիսյանի իրական կերպարը, տալ նրա ճշգրիտ գնահատականը: Բայց դա դժվար է, գրեթեՙ անհնար: Իր նման հոգիների (չեմ ուզում Աստված, սուրբ կամ առաքյալ ասել:) Նրա մասին դժվար է խոսել: Առավել եւս դժվար է, որովհետեւ նա գրավոր խոսք գրեթե չի թողել: Չի թողել, երբ ողջ աշխարհը գրում էր: Նա վեր էր գրից: Նա վեր էր անգամ իր հզոր մտքից, որ Հոմերոսից հասնում էր մինչեւ Քամյու, Սոկրատեսից մինչեւ Նիցշե...

Ու պատահական չէ, որ Պարույր Սեւակն ու Լեւոն Ներսիսյանը պիտի հանդիպեին, պետք է գտնեին իրար: Սեւակի անձնվեր ու ազնվասիրտ բարեկամ Գրացիա Բաղդասարյանը, խոսելով «Սայաթ-Նովա»-ի վրա աշխատելու ժամանակների մասին, հիշում է.

«... Ամիսներով (Պարույր Սեւակի) լույս աշխարհ դուրս չեկավ, մարդու գրեթե չտեսավՙ խրված էր գրքերի մեջ: Ուզում էր Սայաթ-Նովային դիտել աշխարհի ֆոնի վրա, իր դարաշրջանի լայն համայնապատկերի մեջ: Ամեն բան կարդալուց հետո կրկնում էր. «Չէ, Սայաթ-Նովան ուրիշ է...»:

Եվ դա կարողացավ փայլուն կերպով վկայել իրեն միանգամից դոկտորական աստիճան բերած մենագրության 482 էջերում: Թող որ դրա համար հարկ լիներ կարդալ, ի թիվս այլոց, Ֆ. Շլոսարիՙ XVIII-XIX դարերում համաշխարհային գրական ընթացքի ֆունդամենտալ ուսումնասիրությունը ութ հատորով: Ս. Պետերբուրգյան հազվագյուտ այդ հրատարակությունը, իմ խնդրանքով, Պարույրի համար հանձնարարել էր Լեւոն Ներսիսյանը: Ես էլ, ի դեպ, նախկինում օգտվել էի նրա եզակի գրադարանից, ուստի եւ գիտեիՙ ում դիմել...»:

Բնական էր, որ Պարույր Սեւակն ու Լեւոն Ներսիսյանը պետք է բարեկամներ եղած լինեն: (Գրացիա Բաղդասարյանը այն հազվագյուտ մարդկանցից մեկն է, որը Պարույր Սեւակի մասին խոսելիս սխալ թույլ չի տալիս): Ափսոս, որ Պարույր Սեւակի լավագույն բարեկամներից մեկին էլ Աստված տարել է իր մոտ: Ախր, մի քիչ էլ սրիկաներին սիրիր, էլի, Տեր Աստված...

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4