Գյումրիի Սբ. Աստվածածին եկեղեցու աջակողմյան մատուռում է գտնվում անհայտ նկարչի վրձնին պատկանող «Յոթ վերք» սրբապատկերըՙ Աստվածամայրըՙ ծնկներին խաչից իջեցրած Հիսուսի անկենդան մարմնով: Քրիստոնեական եկեղեցական կյանքում Աստվածամայրը ամենաառանցքային տեղն է գրավում: Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներից մեկըՙ Վերափոխումը, նվիրված է Սբ. Աստվածածնի երկինք համբառնելուն: Բացի դրանից Աստվածամորը նվիրված տոներն են Մարիամի ծնունդը, Մարիամի ընծայումը տաճարին, Հրեշտակի ավետումը, Աստվածամոր կրած գոտու գյուտը, Սստվածամոր տուփի գյուտը:
Ժնեւի հայոց Սբ. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Աբել քհն. Մանուկյանը, որ շատ գնահատված եւ սիրված հոգեւորական է տեղի հայ համայնքում, Բեյրութում վերջերս հրատարակել է «Գիւմրիի եօթ վէրքը» գիրքըՙ Սբ. Աստվածամոր վերափոխման տոնի առիթով (նվիրված Նուբար Քեչեճյանի հիշատակին, մեկենասությամբ նրա տիկնոջ եւ երկու դուստրերի): Աստվածամոր կերպարի հոգեւոր խորհրդին վերաբերող ներածականի համառոտ ակնարկից հետո նա մանրամասնորեն անդրադառնում է Գյումրիի եկեղեցու «Յոթ վերք» սրբապատկերին, որի հեղինակն անհայտ է: Արժեւորելով ստեղծագործության գեղարվեստականությունը, Աբել քահանան գրում է, որ չնայած սրբապատկերը չունի Կիլիկյան դպրոցի ականավոր վարպետներիՙ Թորոս Ռոսլինի կամ Սարգիս Պիծակի «նկարչական արվեստների թռիչքը», բայց պարզության եւ անսեթեւեթ ոճի մեջ կարողացել է ամփոփել տիեզերական վիշտՙ Աստվածամոր անհուն ցավը, նրա հայացքի մեջ, դիմապատկերին անձնական ողբերգություն չդաջելով միայն, այլ համամարդկային տվայտանք, որի անասելի անդորրի մեջ, դրված է կրոնական խոր համոզմունքՙ հույսի, հաղթանակող կյանքի հավատի զորությամբ: Սրբապատկերին Աստվածամայրը պատկերված է սիրտը խոցված յոթ սրերով: Հետագա շարադրանքում հեղինակը մանրամասնորեն անդրադառնում է այդ յոթ վերքերինՙ մեկնաբանությունները կատարելով ըստ Նոր Կտակարանիՙ Հիսուս Քրիստոսի կյանքի ընթացքի:
Առաջին վերքըՙ Մարգարեացումըՙ Սիմեոն ծերունու կանխատեսումն է, թեՙ «գալով քեզի, Մարիամ, քու ալ սիրտէդ սուր մը պիտի անցնի»: Երկրորդըՙ Հայրենազրկությունը- Հերովդեսիՙ Բեթղեհեմի մանուկների կոտորածից փախուստն է Եգիպտոս, երրորդըՙ Կորուստըՙ Երուսաղեմի տաճար ուխտագնացության ճանապարհին Հիսուսի հանկարծակի անհետացումը, չորրորդըՙ Խաչելությունը, հինգերորդըՙ Մահը, վեցերորդըՙ Ցավատանջը, յոթերորդըՙ Թաղումը:
Հեղինակային մեկնաբանությունները աստվածաշնչյան ճշմարտության խորիմացությամբ, հաճախ ուղեկցվում է նվիրական հուզականությամբ, որ խոսքի գեղարվեստական տարրերովՙ հոգեւոր տեքստին բանաստեղծական շունչ է հաղորդում. «Աստուած փնտռեց մայր մըՙ սիրտը դարձնելու համար իր հաւատքին խորանը: Հոն է, որ շարունակ կանգուն կը մնայ նուիրումի սեղանը, ուր սէրը կը պատարագուի. պէտք է լսուի՛ հոն միշտ կեանքի սրբութիւնըՙ թէ մեր էութեան խորը կը բնակի Աստծոյ կենդանութեան խորհուրդը»:
Գիրքը պատկերազարդ էՙ օգտագործված են Երեւանի Մատենադարանում, Կալիֆոռնիայի համալսարանի գրադարանում, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության մատենադարանում, Փարիզի ազգային գրադարանում, Ուոլթերս պատկերասրահում պահվող Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի եւ ուրիշների մանրանկարների իլյուստրացիաները:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ