Մելբուռնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության մասնակիցների համար բավական դժվարություններ է ստեղծել բավական շոգ եղանակը: Դրա հետեւանքով նույնիսկ հարկ էր եղել հանդիպումները որոշ ժամանակով հետաձգել: Բարեբախտաբար, մրցումների հերթական օրը ջերմաստիճանը 10 աստիճանով նվազեց եւ թենիսիստները թեթեւացած շունչ քաշեցին: Ճիշտ է, կորտերում թեժ մրցակցությունը շարունակվում է: Երկրորդ փուլի արգելքն էլ հաջողությամբ հաղթահարեց Դավիթ Նալբանդյանը, որը երեք խաղափուլերում էլ միեւնույն 6-4 հաշվով առավելության հասավ էկվադորցի Նիկոլաս Լապենտիի նկատմամբ: Հաջորդ փուլում Նալբանդյանը ուժերը կչափի ֆրանսիացի Սեբաստիան Գրոժանի հետ, որը ծանր մրցավեճում, 5 խաղափուլում կարողացավ կոտրել Օլիվյե Ռոխասի դիմադրությունը:
Պայքարը շարունակում է նաեւ ռուսաստանցի Նիկոլայ Դավիդենկոն, որը պարտության մատնեց Մյուլլերին: Հաջորդ փուլ են մտել նաեւ Բերդիչը, Չելան, Ջինեպրին, Բլեյքը, Թուրսունովը, Սանտորոն, Մյուրեյը, Գոնսալեսը, Մայերը, Հաասը:
Կանանց մրցաշարում թիվ 1 վարկանիշն ունեցող Մարիա Շարապովան առանց մեծ դժվարության հաղթահարեց իր հայրենակցուհի Անաստասիա Ռոդիոնովայի դիմադրությունը (6-0, 6-3): Շվեյցարուհի Մարտինա Հինգիսն էլ առավելության հասավ Կուդրյավցեւայի նկատմամբ (6-2, 6-2): Հաջորդ փուլ են մտել Զվոնարյովան, Չակվետաձեն, Կլիյստերսը, Բոնդարենկոն, Հանտուխովան, Նակամուրան, Սաֆինան:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ