«Վրաստանի ուղի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին իշխանություններից պահանջել է տնտեսապես հիմնավորել Վրաստանի համար Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարության արդյունավետությունը: Զուրաբիշվիլու մոտեցմամբ, երկաթգծային այս նախագիծը կարող է շահդենիզյան գազի դիմաց զիջում լինել Թուրքիային եւ Ադրբեջանին:
«Ազգի» ընթերցողները տեղյակ են, որ Շահ-Դենիզի գազի առնչությամբ համաձայնություն է ձեռք բերվել Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, որով Վրաստանը գազ է ստանալու Թուրքիային հասանելիք բաժնից: Վրաստանի նախկին արտգործնախարարը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է Վրաստանն իր վրա վերցնում 200 մլն-անոց երկարաժամկետ վարկ, որը, հիշեցնենք, տրամադրել է Ադրբեջանը 25 տարով, տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով, այն դեպքում, երբ նախագիծը պետք է ֆինանսավորեին Ադրբեջանը, Թուրքիան եւ Մ. Նահանգները: