«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2007-01-18 | #9, 2007-01-19 | #10, 2007-01-20


ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԵԾ ԶԱՆԳՎԱԾ ՀԱԿՎԵԼ Է ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՆ

Բայց արդար ընտրությունների չի հավատում

Կուսակցությունների նախընտրական եռուզեռով համակված Հայաստանում ինչպիսի՞ տրամադրություններ ունի գոնե տեսականորեն այդ ընտրությունների գլխավոր գործող անձ հասարակությունը, որ շուկայի ներխուժման հետ բաժանվեց հոգեբանությամբ ու սոցիալական տարբեր կարգավիճակներով շերտերի:

Ինչպե՞ս է, օրինակ, նա գնահատում այն բազմազան ծրագրերի արդյունավետությունը, որ այսօր իրականացվում են մեր երկրում: Չէ՞ որ նաեւ դրանից է կախված ընտրությունների ու հայրենի պետության հանդեպ նրա վերաբերմունքի բարոմետրը:

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը մեծածավալ հարցումներ է իրականացնում հազարամյակի նպատակներին բնակչության վերաբերմունքի մասին: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը 2000 թվականին հայտարարեց հազարամյակի 10 գլխավոր նպատակները (աղքատության հաղթահարում, կանանց անհավասարություն, զբաղվածության խնդիրներ եւ այլն) եւ երկրներին կոչ արեց կամ միանալ դրանց լուծմանը, կամ աջակցել: Հայաստանը դրանցից 8-ին միացավ, համարելով, որ մաքուր ջրի եւ երեխաների կրթության վերջին 2 խնդիրները մեզ մոտ ինչ-որ չափով լուծված են:

«Սոցիոմետրի» տնօրեն Ահարոն Ադիբեկյանի դիտարկումներովՙ այսօր Հայաստանում առանձնանում է բնակչության 5 շերտ: Առաջինը պետական աշխատավարձերով ապրող ընտանիքներն են` պետծառայողներ, պաշտոնյաներ, զինծառայողներ, ուսուցիչներ: Հետո գալիս են մասնավոր հատվածում զբաղվածները` առեւտուր, սպասարկում, գործարարներ, շուկա բնամթերք հանող եւ վաճառող հողագործները: Հաջորդը թոշակառուներն են, նպաստառուները, հաշմանդամները: Եվ վերջապես ծայրահեղ աղքատների խումբը, որ բնակչության արդեն մի փոքր զանգվածը` 5-6 տոկոսն են կազմում եւ եկամտի ոչ մի աղբյուր չունեն: Անկախ այս դասակարգումներից, ունեւորների մի հատված կա, որ իրեն աղքատ է համարում, որովհետեւ իր այլ պահանջմունքները չի կարողանում բավարարել: Մարդիկ կան, որոնց ընտանիքի 1 շնչին բաժին է ընկնում, ասենք, 50 դոլար, եւ նրանք իրենց եթե ոչ հարուստ, ապա միջին շերտում են տեսնում, եւ մարդիկ կան, որոնք 1 շնչին 100 դոլարի ցուցանիշի դեպքում իրենց աղքատ են համարում:

Սրանցից զատ, արդեն միանգամայն որոշակի առանձնանում է նաեւ վերջին տարիներին ձեւավորված նոր շերտը` ռանտիեների խավը: Սրանք բնակարանը, ավտոմեքենան, տարածքները վարձով տվողների խումբն են եւ փաստորեն հասարակության ընդամենը սպառողների դասն են կազմում:

Ըստ Ահարոն Ադիբեկյանի, այս բազմազան կարգավիճակներով բնակչության շրջանում ընդհանուր առմամբ արձանագրվում է կտրուկ որակական բեկում դեպի լավատեսությունն ու իրավիճակի դրական գնահատումը:

Հարցվողների 55 տոկոսը գտնում է, որ անցած ժամանակում տնտեսական զարգացումը դրական հունով է ընթացել, 45 տոկոսը կարծում է, որ այդպիսի բան չի եղել: Անկախ այս լավատեսությունից, ՄԱԿ-ի հետազոտությունների համաձայն, Հայաստանը գտնվում է արտագաղթի ամենաբարձր ցուցանիշներ ունեցող երկրների շարքում: Սոցիոլոգն այս հանգամանքի այլ դրդապատճառներ է նշում. «Մենք բարձր կրթական ցենզ ունեցող սերունդ ունենք, որն աշխատանք չունի, եւ դա արհեստական արտագաղթի, ուղեղների արտահոսքի պատճառ է դառնում: Փաստացի, քանի դեռ երկիրը չունի այդ ներուժը օգտագործելու հնարավորություն, գումարներ ծախսելու է ոչ թե իր, այլ դրսի աշխարհին կադրեր տալու համար, ինչպես 70-ական թվականների Հնդկաստանը, որի երիտասարդ ծրագրավորողներն ու մաթեմատիկոսները հարկադրված էին աշխատանք փնտրել Եվրոպայում եւ Ամերիկայում»:

Հետազոտության տվյալների համաձայն, բնակչության մեծ մասն աղքատության կամ կոռուպցիայի հաղթահարման ծրագրերի մասին անմիջական ու խոր պատկերացումներ չունի եւ հակված է իր անձնական հաջողությունը վերագրել սեփական գործողություններին: Նա չի նկատում ու գնահատում ենթակառուցվածքային, մաքսային, հարկային համակարգում օրենսդրական փոփոխությունները, տնտեսական գործունեության ժամանակ իբրեւ «տանիք» հանդես եկող խավի «ծայրահեղ լպիրշության» նվազումը:

Հարցվածների միայն 5 տոկոսն է կաշառակերությունն իբրեւ սուր սոցիալական պրոբլեմ համարում: Նրանք զանցառում կամ կաշառք չեն համարում դպրոցին ու ուսուցչին տված գումարը, համարելով, որ նրանք քիչ գումար են ստանում եւ նաեւ իրենց խնդիրն է օգնելը:

Զուգընթաց հարցումներ են իրականացվում նաեւ նախընտրական իրողությունների վերաբերյալ: Հարցվողների 20 տոկոսն ընդհանրապես հրաժարվել է պատասխանել այս կարգի հարցերին: Սա մեծ ցուցանիշ է, քանի որ մինչ այժմ նման հարցման դեպքում դրա ուղիղ կեսն էր արձանագրվում:

60 տոկոսն արդեն պատրաստ է մասնակցել ընտրություններին, մեկ երրորդն արդեն գիտի ում է ընտրելու: Վերջինս թերթ կարդացող, քաղաքականություն քննարկող, ակտիվ զանգվածն է: Եթե հետազոտության տվյալներին հավատանք, ապա բնակչության 9 տոկոսը կուսակցության անդամ է: Սակայն, ըստ Ահարոն Ադիբեկյանի, այս նիշը չափազանցված է, քանի որ իրենց կուսակցականներ են հայտարարում նաեւ այն մարդիկ, որոնց դուռը ծեծել եւ առաջարկել են որեւէ կուսակցության անդամ դառնալ: Իրենք էլ ընդամենը համաձայնել են` սպասելով նախընտրական ցուցումների: «Հայաստանի քաղաքական կյանքի համար ավելի հատկանշական են ակումբային տիպի կուսակցությունները, որոնք ակտիվանում են ընտրությունների շեմին, իսկ մինչ այդ միջանկյալ միջոցառումներով են բավարարվում` աշխատելով հասարակությանը ժամանակ առ ժամանակ հիշեցնել իրենց մասին»:

Հարցվողների երկու երրորդը կասկածում է, որ Հայաստանում հնարավոր է անցկացնել արդար ընտրություններ:

Հետաքրքրական է, որ նախընտրական շրջանում որոշակիորեն առանձնանում է նաեւ հիմնականում կանանցից կազմված ակտիվ մի շերտ, որ հայտնի է ընտրությունների ընթացքում կեղծիքներ իրականացնելու հմտությամբ: Որոշ լուրերի համաձայն, ընտրության պատրաստվող կուսակցություններից շատերն արդեն ոտ ու ձեռ են ընկել նրանց իրենց կողմը գրավելու համար, եւ վերջիններս չափ ու ձեւ են անում` ո՞վ ավելի շատ կվճարի:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4