Պրահայում լույս տեսնող «Օրեր» ամսագրի անցած տարվա վերջին համարը (2006, 2) բացվում է ամերիկահայ հայտնի փաստաբան Վարդգես Եղիայանի հետ «Նյու Յորք Լայֆին» կհետեւեն տասնյակ այլ դատական հայցեր մինչեւ թուրքական կառավարություն» հարցազրույցով: Փաստաբանը ցանկացել է մեր ժողովրդին տեղեկացնել, որ մինչեւ տարեվերջ անգլիական 2-3 ընկերությունների դեմ եւս դատեր կբացվեն, նաեւ ֆրանսիական մեկ այլ բանկի դեմ: Դրանից հետո նոր դատեր կլինեն. «Մեր կարծիքով այս ամենը շատ կարեւոր է: Մենք հայկական ջարդի կամ հողային հարցի դատերը չենք բացում: Առայժմ փոքր քայլերով առաջ ենք գնում, իսկ վերջում, անտարակույս թուրքական կառավարության դեմ դատ պետք է լինի: Արդեն պրոֆեսորներ կան, որոնք մեզ օգնել են, թե ինչպես կարող ենք դատ բացել ուրիշ երկրի դեմ: Ամերիկայում դրանք դյուրին դատեր չեն, բայց եւ անկարելի չեն»:
Ամսագրում տեղ է գտել Նիկոլաս Դավիթյանի (Բրյուսել) «Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցությունը. ո՞րն է հայերի տեղը» հոդվածը, որում հեղինակը տեսակետներ է արտահայտել այն մասին, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չէ Թուրքիայի ԵՄ անդամության համար, նաեւ անդրադարձել է Թուրքիայում ապրող փոքրամասնությունների, մասնավորաբար հայերի հանդեպ դրսեւորվող խտրականությանը: Նրա կարծիքով, դա արվում է հայ եւ ոչ մահմեդական համայնքների զարգացումը կանխելու, նրանց ձուլման կամ վտարման մղելու նպատակով:
Հայաստանի անցած տնտեսական ճանապարհի մասին է պատմում տնտեսագետ, տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի համանախագահ Տիգրան Ջրբաշյանը:
Ամսագրի «Չեխական մամուլի անդրադարձ» բաժնում գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի «Ֆրանսիական ապտակ Թուրքիային կամ չեխ թուրքամետները կրկին ակտիվանում են» հոդվածն է, հետեւյալ նախաբանով. «Նույնիսկ ձախակողմյան թերթերը, որ մշտապես թուրքամետ դիրքորոշում էին որդեգրում, ստիպված էին անդրադառնալ օրինագծին եւ Հայոց ցեղասպանության մասին թուրք գրող Փամուքի հայտարարություններին: Քարոզչական առումով սա աննախադեպ երեւույթ էր չեխական մամուլի պատմության մեջ»:
Ճամփորդական նոթերի էջում Արծվի Բախչինյանը պատմում է «Այնքան մոտիկ եւ այնքան անծանոթ Թուրքիայի» մասին: Ուշագրավ է «Ակամա զուգահեռներ» ենթավերնագիրը, որի տակ հեղինակն արտահայտում է իրեն համակած խիստ անսովոր զգացումները. «Պարադոքսալ ձեւով այսօր հայն ամեն դեպքում իրեն ավելի պաշտպանված է զգում Ստամբուլում, քան Մոսկվայում: Ստամբուլում դու չես տարբերվում մեծամասնությունից, ստիպված չես միլիցիայում գրանցվել, քեզ չեն կանգնեցնումՙ փաստաթղթեր պահանջում, սափրագլուխները քեզ չեն ծեծում ու սպանում»:
Իսկ ի՞նչ կլինի, երբ մի օր բացվի հայ-թուրքական սահմանը: Այս հեռանկարը նրան բնավ փայլուն չի պատկերանում. «Պատրաստ կլինե՞նք թուրք այցելուների մեծ խմբերի ընդունել Հայաստան: Սա էլ մի նոր մարտահրավեր չի՞ լինի մեր փոքրիկ երկրի համար»:
«Օրերի» բացառիկ հարցազրույցն այս անգամ «Պրահայի աշուն» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնին մասնակցած Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար Էդուարդ Թոփչյանի հետ է: Նվագախմբի համերգի մասին ահա թե ինչ է ասել գլխավոր կազմակերպիչ Հանա Սվոբոդովան. «Մենք անհամբերությամբ սպասում էինք այս համերգին, քանի որ գիտեինքՙ հայերը մեծ երաժիշտներ են: Այս համերգն իրոք մեծ հաջողություն էր, եւ ես շատ երջանիկ եմ, որ Հայաստանի ֆիլհարմոնիկին կարողացանք բերել Պրահա: Չեխիայի մայրաքաղաքը հրավիրել է միայն լավագույններին, ու սա լավագույն երեկոն էր»:
Հայրենիքի կարոտն այնպես է խեղդել 1993 թվականից Չեխիա տեղափոխված, այսօր արդեն թոշակառու Ռուբեն Գրիգորյանին, որ որդու գրաֆիկական ու նկարչական աշխատանքների ստուդիայում կուտակված ստվարաթղթի կտորներից ստեղծել է իր առաջին մանրակերտըՙ Գառնիի տաճարը: Դրան հաջորդել են օպերայի շենքը, Մեծ եղեռնի զոհերի հուշարձանը, Հանրապետության հրապարակը, «Արմենիա» հյուրանոցը, «Մոսկվա» կինոթատրոնը: Ռուբեն Գրիգորյանն այժմ հարմար պահի է սպասում իր աշխատանքները չեխ հանրությանը ցուցադրելու: Իսկ մինչ այդ մտադիր է ստեղծել Պրահայի տեսարժան վայրերի մանրակերտերը:
Ամսագրից տեղեկանում ենք, որ լոնդոնահայ լուսանկարիչ Էդմոն Տեր-Հակոբյանի լուսանկարներից մեկը, որում պատկերված է Լոնդոնի մետրոյում տեղի ունեցած պայթյունից վերքեր ստացած, արյունոտ վիրակապով մի բիզնեսմեն, արժանացել է Պրահայի ամենամյա մրցանակին: Վառ ու տաղանդավոր անհատականությունների հետ մտերմիկ զրույցի պակաս Հակոբ Ասատրյանի ամսագրում այս անգամ էլ չի զգացվում` երգահան Մարինե Ալես, կինոգործիչ Հարություն Խաչատրյան, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամ, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյան:
Վերջին էջում ներկայացված է «Երգիծ» հանդեսը ` իր ամանորյա կատակներով ու կենացներով. «Ես կենաց ունեմ ասելու, բայց չեմ ասի, ուրեմն խմենք իմ սկզբունքայնության կենացը»:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ