Թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունը ցնցեց մեզ բոլորիս Զորյան ինստիտուտում: Մոտ չորս տարի առաջ նա այցելեց մեր ինստիտուտը եւ շարադրեց իր պատկերացումները հայ եւ թուրք ժողովուրդներին երկխոսության միջոցով իրար մոտեցնելու վերաբերյալ: Նա կրկնեց իր այդ մտքերը Երեւանում 2005 թվի ապրիլին տեղի ունեցած գիտաժողովի եւ նաեւ անցյալ սեպտեմբերին կայացած 3-րդ Հայաստան-Սփյուռք կոնֆերանսի օրերին: Կրքոտ անձնավորություն էր, նվիրված ճշմարտության, խոսքի ազատության եւ ժողովրդավարության խթանմանը:
Զորյան ինստիտուտի վարչության եւ անձնակազմի անունից ցանկանում ենք մեր խորին ցավակցությունները հայտնել նրա ընտանիքին: Մեր կարեկցանքը թուրք ժողովրդին, որը կորցրեց մարդու իրավունքների անխոնջ ջատագովին: Մեր զորակցությունը նաեւ Թուրքիայում ապրող հայերին, որոնք հայ ու թուրք ժողովուրդներին հաշտեցնելու փորձ կատարող մի մեծ առաջնորդի կորցրեցին:
Դինքն իր թերթը` «Ակօսը» օգտագործում էր որպես միջոց տարածելու իր անհողդողդ տեսակետները: Նա հարցեր էր առաջադրում Թուրքիայի պատմության եւ մեծապես քաղաքականացված Հայոց ցեղասպանության հարցերի շուրջը, դրանով էլ նպաստելով հասարակական քննարկումների ծավալմանը: Հայերին դիմելիս նա խնդրում էր, հատկապես սփյուռքում ապրողներին, որոնք գլխավորապես ցեղասպանությունից մազապուրծ փրկվածների հետնորդներն են, որ նրանք թուրքերին չնայեն այդ ժամանակվա ակնոցներով, այլ փնտրեն ուղիներ եւ միջոցներ թուրքերի հետ միասին հասնելու ճշմարտության բացահայտմանը, որպեսզի հնարավոր լինի հասնել համերաշխության:
Դժբախտաբար, Դինքը հիասթափվեց անցած չորս տարիների ընթացքում կատարված իրադարձություններից: Հակառակ խոսքի ազատության եւ ժողովրդավարության հաստատման վերաբերյալ թուրքական կառավարության խոստումներին, մոտ 75 անձնավորություններ դատական հետապնդման էին ենթարկվել թուրքական քրեական օրենսգրքի չարաբաստիկ 301-րդ հոդվածի դրույթներով: Նա ներկա էր եղել 2005 թվի Ստամբուլի կոնֆերանսին, որի մասնակիցներին Թուրքիայի արդարադատության նախարարը «դավաճաններ» էր անվանել եւ մեղադրել նրանց պետությանը «մեջքից հարվածելու» մեջ: Այդ հոդվածով մեղավոր ճանաչվածների մեծամասնությունը թեեւ ազատ արձակվեց, բայց նա զգում էր, որ իրեն` որպես հայկական ծագումով թուրք քաղաքացու առանձնացնում են եւ արժանացնում ավելի խիստ վերաբերմունքի: Ոչ ոք այդ հոդվածը խախտելու համար չի պատժվել Թուրքիայում, բայց վճռաբեկ դատարանը հաստատեց նրա նկատմամբ 6 ամսվա պայմանական բանտարկության վճիռը: Իսկ դատարանից դուրս գալու պահին նրան ծեծի ենթարկեց զայրացած ամբոխը:
Նա նույնքան հիասթափվեց ցեղասպանության հերքումը քրեականորեն պատժելի դարձնելու Ֆրանսիայի ջանքերից: Նրա համոզմամբ, օրենքը երկու երկրներում էլ օգտագործվում էր խափանելու խոսքի եւ արտահայտվելու ազատությունը: Հատկանշական է, որ ցեղասպանության մասին արտահայտվելու համար հետապնդման ենթարկված լինելով հանդերձ, նա ձեռնոց էր նետում ֆրանսիական կառավարությանը:
Մեր կարծիքն այն է, որ հանդիսանալով խոսքի ազատության ջատագով եւ փորձելով համերաշխության եզրեր գտնել թուրքերի եւ հայերի միջեւ, Դինքը դարձավ Թուրքիայի ժողովրդավարական ուժերի եւ ստատուս քվոն պահպանել ցանկացող ներքին մութ ուժերի քաղաքական պայքարի զոհը: Այս փաստը սարսուռ է առաջացնում Թուրքիայում մարդու իրավունքների համընդհանուր շարժման նկատմամբ եւ մթագնում հաշտեցման հույսերը:
Թող Հրանտ Դինքի պատկերացումներն ու ոգին վառ մնան եւ ոգեւորեն բոլոր նրանց, ովքեր շարունակում են պայքարը հանուն համընդհանուր մարդկային իրավունքների պաշտպանության: