«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2007-01-20 | #11, 2007-01-23 | #12, 2007-01-24


ԱՐՑԱԽԸ ԵՎՍ ՍԳԱՑ ՄԵԾ ՀԱՅՈՐԴՈՒ ԵՂԵՐԱԿԱՆ ՄԱՀԸ

«Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը անափ վիշտ է պատճառել նաեւ արցախցիներին: ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը դատապարտելով ճանաչված հայ լրագրողի հանդեպ գործած ոճրագործությունըՙ այն անվանել է 1915 թ. հայերի ցեղասպանության հետ կապվածՙ Թուրքիայում այլակարծության նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտի շարունակվող արմատավորման, միջազգային եւ սեփական հանրությունից պատմական ճշմարտությունը թաքցնելու թուրքական ղեկավարության փորձի ապացույց: Նա հույս է հայտնել, որ Անկարայի իշխանությունները բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն այդ հանցագործության շուտափույթ բացահայտման համար, իսկ նրա իսկական կազմակերպիչները եւ իրագործողները կկրեն արժանի պատիժ:

Ոճրագործությունը դատապարտող հայտարարություններով հանդես են եկել նաեւ ԼՂՀ-ում գործող երիտասարդական կազմակերպություններն ու Արցախի ժուռնալիստների միությունը: Լրագրողական կազմակերպությունը երեկ Ստեփանակերտում նախաձեռնել էր Հրանտ Դինքի վերջին հրաժեշտի միջոցառում: Արցախցի լրագրողները խորը ցավ արտահայտելով իրենց գործընկերոջ նենգ սպանության առիթով, միաժամանակ նշել են, որ իրենց համար քաջ գիտակցելի է ազգային խտրականություն եւ հայատյացություն դավանող երկրում հայկական խնդիրներին հրապարակավ անդրադառնալու դժվարությունն ու վտանգավորությունը, ինչն իրենց մաշկի վրա իրենք զգացել են Ադրբեջանի տիրապետության տակ գտնվելու շուրջ 70 տարիներին, եւ այս առումով խիզախություն էր սփուռքահայ իրենց գործընկերոջ հայանպաստ գործունեությունը Թուրքիայում: Նրանք նաեւ վստահություն են հայտնել, որ Հրանտ Դինքի կյանքի գործըՙ հասնել Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչմանը, հետեւողական շարունակություն կունենա:

Միջոցառմանը հրապարակվել է Արցախի ժուռնալիստների միության հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է. «Այդ եղերական ոճրագործությունը, անկասկած, եւս մեկ հավաստումն է այն իրողության, որ թուրքական պետությունը, անկախ իր ցուցադրական կերպարանափոխություններից, ըստ էության հավատարիմ է մնացել այլատյացության իր նախնյաց ավանդույթներինՙ հերթական անգամ հաշվեհարդար տեսնելով իր երկրում ազատախոհության, առավել եւսՙ ոչ թուրքական էթնոսի գոյատեւման իրավունքի նկատմամբ»: Հայտարարության մեջ նաեւ կոչ է արվել միջազգային հանրությանըՙ ավելի սթափ գնահատել այսօրվա Թուրքիայի քաղաքակրթական իրական մակարդակըՙ դրանից անհրաժեշտ հետեւություններ անելու նպատակադրությամբ:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4