«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2007-01-20 | #11, 2007-01-23 | #12, 2007-01-24


ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ՆՄԱՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐ

Պնդում է Թորոս Սեֆիլյանը

«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի եղբայրըՙ Թորոս Սեֆիլյանը, որպես «Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանության» հանձնախմբի անդամ մտադիր է հանդիպել հանրապետության նախագահի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ եւ նրանցից անձամբ լսել եղբոր ձերբակալության հիմնավորումները: Իսկ մինչ այդ նա կփորձի հայկական մի շարք հեռուստաընկերությունների միջոցով ցուցադրել Ժիրայր Սեֆիլյանի ելույթի տեսագրությունը, որպեսզի մարդիկ գաղափար կազմեն նրա գործած «հանցանքի» մասին:

«Փակագիծ» ակումբում երեկ նա խոսեց Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության պատճառով սփյուռքահայերի տրամադրությունների անկման ու Հայաստանի հանդեպ նրանց հավատի թուլացման մասին, որ նկատելի է ոչ միայն Լիբանանում, այլեւ Մ. Նահանգներում, Ֆրանսիայում, Գերմանիայում ու Կանադայում: 23 տարեկանից իրեն հայրենիքին նվիրած Ժիրայրի կերպարը սփյուռքում ընկալվում է որպես իդեալ, պատկերանում որպես ազգային հերոս, բազում ընտանիքներ իրենց արու զավակներին կոչել են նրա անունով ու հիմա մտացածին պատրվակով նրան ձերբակալողները փորձում են բծեր գտնել նրա մաքրամաքուր անվան վրա: Ղարաբաղյան ազատամարտում 2 անգամ ծանր վիրավորված Ժիրայրն իրեն հերոս չի համարում, որովհետեւ իր մտածողությամբ հերոսը զոհված ընկերն է: Թորոս Սեֆիլյանի համար անհասկանալի է նաեւ, որ եղբոր անվան շուրջը պտտվում են նրան մեծահարուստ ներկայացնող անհիմն խոսակցություններ: Մինչդեռ Տերյան փողոցում գործող «Նուրի» ռեստորանը նրա համար ոչ թե միլիոններ դիզելու, այլ ընդամենը Հայաստանում հայրենանվեր գործունեություն իրականացնելու միջոց է: «Ամեն մի սփյուռքահայ տարիներ ի վեր երազել էր ներդրում կատարել հայրենիքում, եւ եթե կառավարությունը երկքաղաքացիության հարցն այդքան չձգձգեր, նրանց թիվը շատ մեծ կլիներ: Այստեղ շատ քիչ բան գիտեն սփյուռքահայերի կյանքի մասին, նրանց մտահոգող հարցերը քննվում են խիստ մակերեսորեն, շատերը դրանց մասին գաղափար անգամ չունեն:

Ժիրայրի ձերբակալությունը սփյուռքում մեծ աղմուկ է առաջացրել եւ գալիք օրերին կվնասի ոչ թե հայրենիքի, այլ ներկայիս ղեկավարների հեղինակությանը: Փորձում են ապացուցել, թե ժիրայրը հեղաշրջում էր ուզում անել, այդպես են ուզում հարձակվել նրա վրա, սակայն մենք մանուկներ չենք նրանց ասածներին հավատալու համար: Չեմ կարծում, որ նրանց խոսքերը ազդեցություն ունեն նաեւ ժողովրդի վրա: Եթե Սեֆիլյանը հանցավոր լիներՙ չկարծեք, որ ես որպես եղբայր պիտի վերմակ գցեի նրա վրա ու պահեի, ընդհակառակը պիտի օժանդակեի կառավարությանը նրան ձերբակալելու ու պատժելու», ասաց նա:

Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը խորապես վիրավորված էր, որովհետեւ հայրենանվեր գործունեությամբ զբաղվողներն այսօր իրենց ազգային մուրացկաններ են զգում, անզոր` համայն ժողովրդի ցավերը դարմանելու: Ստացվում է, որ համախմբվելու ու կազմակերպված գործելու կոչ անողները մեզանում պետք է պատրաստ լինեն ձերբակալության: Դա փաստելով, նա համախմբման կոչ արեց բոլոր նրանց, ովքեր մտահոգված են ազգային գործերով, հորդորելով գործել սրտի ու խղճի մտոք:

«Հայ կամավորականների համախմբման ժամանակավոր համակարգող Արմեն Աղայանը խոսեց այն մասին, որ Սեֆիլյանի դեմ հարուցված քրեական գործը մտել է փակուղի, որովհետեւ «նախաքննական մարմինը ոչ մի կերպ չի կարողանում նրա հանցավորությունը հաստատող որեւէ հիմք գտնել»: Տպագիր մամուլի մի շարք հրապարակումները նրան համոզել են, որ Շուշիի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության «գլխավոր պատվիրատուն պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն է»: «Մարդկանց գործերն այնպիսի հետքեր են թողնում, որոնցով կարելի է դատողություններ անել: Սերժ Սարգսյանը սկզբում խոսում էր, որ ինքը կապ չունի այդ գործի հետ: Ակնհայտ է, որ կան պատվիրատուններ, առանց նախագահականի դժվար թե հնարավոր լիներ ձերբակալել Սեֆիլյանին: Սակայն լուրջ հանցագործություն բացահայտելու մասին հայտարարությունները փաստացի շինծու դուրս եկան»: Նրա ասելով, հիմա ճնշում է գործադրվում դատական համակարգի վրա` անհրաժեշտ նոր ցուցմունքներ ստանալու համար, որի հույսերը կապված են հայտնաբերված զենքի հավաքածուի տիրոջ` Վահան Արոյանի հետ: Իրենց պահանջը մնում է նույնը` անհապաղ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին: «Պահանջում ենք նաեւ դադարեցնել ճնշումները չեկիստական գործողությունների մյուս զոհի` Վահան Արոյանի հանդեպ, որը չնայած հակաօրինական արարքներ է թույլ տվել, սակայն արժանի է մեղմ պայմանական պատժի: Պետք է հաշվի առնել, որ արցախյան պատերազմի տարիներից իր մոտ կուտակված զենքի հավաքածուն նա երբեք ի չարս չի օգտագործել, ոչ մի հանցագործություն չի կատարել»:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4