ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի անկախությունը, նոր հեռանկարներ բացեց Ազգային բանակի ստեղծման հարցում: 1992 թ. հունվարի 28-ին ազդարարվեց բանակի ստեղծումը: Ազգային բանակի անցած 15-ամյա գործունեության եւ բանակաշինության գործունեությանն էր նվիրված երեկ ՀՀ ՊՆ-ի, Երեւանի պետական համալսարանի եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կազմակերպած հանրապետական գիտաժողովըՙ «Հայկական բանակ-15» խորագրով: Գիտաժողովի մասնակիցները վաղ առավոտյան այցելեցին Եռաբլուր-պանթեոն, ծաղկեպսակներ դրեցին զոհվածների շիրմաքարերին: ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բացման խոսքով ազդարարվեց հանրապետական գիտաժողովի աշխատանքների սկիզբը:
ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, ՊՆ առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը իր զեկույցում անդրադարձավ «Հայկական բանակի կազմավորումն ու կառուցվածքը» խորագրով թեմային ու նաեւ մանրամասն ներկայացրեց բանակաշինության գործընթացը: ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Միրզոյանը իր ելույթում ներկայացրեց հայկական բարձրագույն դպրոցի ստեղծման, ավանդույթների ձեւավորման եւ զարգացման պատմությունը:
Լիագումար նիստի ընդմիջմանը ցուցադրվեց «Տիգրան Մեծ. հայրենապաշտ տիրակալ» կինոնկարը, որում ներկայացված են Տիգրան Մեծ թագավորի գործունեությունը, պատմական փաստեր եւ վավերագիր նյութեր: 50 րոպեանոց արժեքավոր ֆիլմը շատ կարեւոր նյութ է, որով լիարժեք բացահայտվում է «Ծովից ծով Հայաստան»-ի պատմական փաստը: Համալսարանի գրադարանում բացված գրքերի ցուցահանդեսում ներկայացված էր հայոց բանակին, հայ զինվորին եւ զինվորականներին նվիրված 60 կտոր գրականություն: Գիտաժողովի եզրափակիչ լիագումար նիստից հետո խնդրեցի գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին պատասխանել «Ազգի» հարցերին:
- Պրն Հարությունյան, դուք ձեր ելույթում նշեցիք հայոց բանակի կայացած ու կայուն գործունեության մասին: Կա՞ն արդյոք այնպիսի խնդիրներ, որ դեռ նախարարությունը չի կարողացել լիովին իրականացնել:
- Գիտեք, բանակը քարացած մարմին չէ եւ միշտ իր զարգացման տեղը ունի: Մեր բանակն ընդամենը 15 տարեկան է, եւ եթե ասենք, որ այդ ընթացքում մենք շատ բան ենք կարողացել անել, հազիվ թե: Իհարկե, կան նաեւ բացթողումներ, չլուծված խնդիրներ, որ պետք է լուծենք: Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր բանակը համահունչ լինի համաշխարհային չափանիշներին եւ հենց դրանք էլ ներդնենք մեր հայոց բանակում: Պաշտպանական բարեփոխումների իրականացման ոլորտում հիմնական ու առաջնահերթ ուղղություններ են ազգային անվտանգության ռազմավարությունն ու պաշտպանության հայեցակարգը, որոնք սահմանում են զինված ուժերի եւ այլ կառույցների դերն ու նշանակությունը պետության անվտանգությունն ապահովելու գործում:
- Փոխնախարար Արթուր Աղաբեկյանը հրաժարական է ներկայացրել եւ որոշել է քաղաքականությամբ զբաղվել 1996 թ.-ից ՀՅԴ-ի սառեցրած անդամակցությունը վերականգնելով: Գաղտնիք չէ, որ ՀՅԴ մշտապես ձգտել է ՀՀ ՊՆ-ի պորտֆելին տիրանալ, պրն Աղաբեկյանի հրաժարականը եւ ՀՅԴ վերադառնալը այդ նպատակն ունի՞, ինչ եք կարծում:
- Ճիշտ կլիներ, որ այդ հարցին պրն Աղաբեկյանը պատասխաներ, սակայն ես համամիտ չեմ, որ դա շարունակություն կարող է ունենալ, որովհետեւ ԶՈՒ-ում բոլոր գեներալները, սպաները այսօր իրենց տեղերում են եւ իրենց պարտականություններն են կատարում: Ես համոզված եմ, որ մենք որեւէ դժվարության առաջ չենք կանգնի: Բանակը քաղաքականության հետ կապ չունի: Եթե մեր գործընկերը այդպես է որոշել, ապա ես ցանկանում եմ, որ քաղաքական դաշտում պրն Աղաբեկյանը իրեն դրսեւորի այնպես, ինչպես եղել է բանակում: Միգուցե քաղաքական կյանքում նա իրեն ավելի լավ դրսեւորի: Նա հրաշալի փոխնախարար էր, լավ ընկեր, իսկ նախարար կդառնա, թե չէ, ժամանակը ցույց կտա: