Եթե փորձենք հասկանալ «գրողի (տվյալ դեպքում` մտավորականի) տարած» արտահայտությունը քաղաքական փոթորկահույզ ծովում կողմնորոշվելու համար, կհասկանանք, որ այն ավելի վերացական է ու անըմբռնելի, քան արտահայտությունն ինքը` հայերեն լեզուն չիմացողի համար: Ասվածի լավագույն ապացույցն այն է, որ գրողները` համենայն դեպս երեկ «Հայելի» ակումբ հրավիրված Դավիթ Հովհաննեսն ու Վիոլետ Գրիգորյանը չեն կարող «տանել» ընտրական զանգվածներին ընտրությունների եւ նպաստել նրանց քաղաքացիական կեցվածքի կայացմանը: Դա իրենց իսկ հավաստմամբ նրանց խնդիրն էլ չէ: «Որպես քաղաքացի մտավորականը շարքային մեկն է, որը կարող է իր ընթերցողից ու հանդիսատեսից պակաս տեղյակ լինել քաղաքականությունից ու տնտեսությունից», ասաց Վիոլետ Գրիգորյանը, որ այնուամենայնիվ հայտարարում է, թե ամեն դեպքում իր քաղաքական կողմնորոշումը միշտ գործող իշխանություններին ընդդիմադիր է: Այն տեղ է գտել իր հրատարակած բանաստեղծությունների մեջ: Իր հերթին Դավիթ Հովհաննեսը, չնայած կարծում է, որ եթե մեկը չզբաղվի քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը կզբաղվի նրանով, գտնում է, որ մտավորականի ուսերից պետք է վերցնել առաջնորդի, ռահվիրայի թիկնոցը: «Մտավորականությունը կարող է որոշ հարցերիՙ մասին կարծիք հայտնել, օրինակ մտավորականների բաց նամակը առ մեր երկրի ղեկավարությունը, որ չհանեն Մատենադարանի գանձերը եւ բոլորը միասին մի ինքնաթիռով չտանեն Փարիզ` վտանգավոր է»: Մյուս կողմից նա նաեւ քաղաքական կեցվածք է ցուցադրում` «Իմ քաղաքական կարծիքն արտահայտում եմ իմ հեռուստահաղորդաշարից, մասնավոր կամ հրապարակային իմ ելույթներով, բայց արդյո՞ք այն ազդում է որոշումներ ընդունելու վրա», հռետորական հարց բարձրացրեց Դ. Հովհաննեսը:
Երկու բանախոսներն էլ հաստատեցին «օգտագործվող» մտավորականների գոյությունը մեր օրերում, որ իհարկե բացասական համարեցին: Նրանք նշեցին, որ մտավորականների ձայնն այսօր նշանակություն չունի այն շրջանակներում, որտեղ որոշումներ են ընդունվում: Դրա փոխարեն մտավորականների «չհարցրած» կարծիքն են հայտարարում տարբեր ստեղծագործական միությունների նախագահներ, որոնք իրականում կառավարում են «աղքատախնամի» համբավ ունեցող կառույցներ, ուր տարակարծություն ու բանավեճ ասվածները հազվագյուտ երեւույթներ են: Ի դեպ, բանախոսներն իրենք գրողների միության անդամ են:
«Ազգի» հարցին ի պատասխան, թե արդյո՞ք բանախոսների ընթերցողը կարող է ազդվել նրանց գրականությունից եւ կայացնել քաղաքական որոշումներ, բանախոսները պատասխանեցին շատ վերացական ու երկարաշունչ ելույթներով, որտեղ հարցի բուն պատասխանը մոտավորապես այսպիսին է` «Ես մասսաների վրա իշխանություն չեմ ուզում տարածել. տասը հոգին կարող են ինձ բավականացնել, բայց բարեբախտաբար 10 հոգուց շատ են», նշեց Վ. Գրիգորյանը: Դ. Հովհաննեսն էլ հավաստեց, որ դա ճակատագրի խաղի հարց է: Իսկ ինչ վերաբերում է իր ընթերցող ունենալ-չունենալուն, Դ. Հովհաննեսին դա չի հետաքրքրում: «Ես գրում եմ ինձ համար: Ժողովուրդը մեծ մասամբ թքած ունի գրականության վրա էլ, արվեստի վրա էլ», գտնում է Դավիթ Հովհաննեսը:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ